«Երեւանի ջրմուղ-կոյուղին» հարյուրավոր քաղաքացիների հետ պայմանագիր է կնքել, սակայն պայմանագրով հաստատված պարտավորությունները չի կատարել:
«Ջրմուղն ինձ երեք տարի մատների վրա պարացրեց ու ժամանակին ջրաչափ չտեղադրեց, որի արդյունքում ես հիմա 32 հազար դրամի պարտք ունեմ: Ես առաջին մարդկանցից էի, որ պայմանագիր կնքեցի այդ ընկերության հետ: Ըստ այդ պայմանագրի, նրանք պետք է անցյալի պարտքերը զեղչեին եւ իմ բնակարանում անվճար ջրաչափ տեղադրեին»,- այսպիսի բողոքով օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Արաբկիր համայնքի Կոմիտասի 56 հասցեում բնակվող միայնակ թոշակառու, 83-ամյա Մարիամ Մուշեղյանը: Նրա եւ «Երեւանի ջրմուղ-կոյուղու» միջեւ կնքված պայմանագրում նշված է, որ մինչեւ ջրաչափը չդնեն՝ զեղչը եւ գոյացած գումարների մարումը չեն հաստատի: Թոշակառու կինը երեք տարի անընդմեջ ստիպված է եղել գնալ ջրմուղի տարածքային մասնաճյուղ եւ խնդրել, որ գան ջրաչափը տեղադրեն: «Ինձ ասում էին՝ գնա տուն, մենք կգանք, բայց այդպես էլ չէին գալիս. անընդհատ արդարանում էին, թե ջրաչափ չենք ստացել, նոր պետք է բերեն, որոշ ժամանակ պետք է սպասեք»,- պատմեց տիկին Մուշեղյանը: Տեսնելով, որ ջրմուղից խեր չկա, նա ճապոնական ինչ-որ հիմնադրամի միջոցներով այս տարվա մարտին կարողացել է ջրաչափ ունենալ: Սակայն ջրաչափը տեղադրելուց ընդամենը մի քանի օր անց դուռը թակել է տեսուչը՝ պահանջելով վճարել կուտակած պարտքը՝ 32 հազար դրամ: Տիկին Մուշեղյանը պատրաստ է ջրմուղին վճարել 21 հազար դրամ, այսինքն՝ այնքան, որքան գրանցված է ջրաչափի վրա, իսկ մնացած 11 հազար դրամի պարտքը, ըստ նրա, գոյացել է 2003-ի մարտից մինչեւ այս տարվա մարտն ընկած ժամանակաշրջանում, երբ ինքը «Երեւանի ջրմուղ-կոյուղու» մեղքով ջրաչափ չի ունեցել: Հայտնի է, որ Երեւանի ջրամատակարարման պարտավորությունն այժմ ստանձնել է ֆրանսիական նոր ընկերությունը՝ «Երեւան ջուրը», որն իր նախորդի երեսից հայտնվել է դժվար կացության մեջ. մայրաքաղաքում հարյուրավոր քաղաքացիներ կան, որոնք Մարիամ Մուշեղյանի օրին են եւ, փաստորեն, ջրմուղ-կոյուղու խոստումները «Երեւան ջրի» քթից են հանում:
Երբ խնդրի առնչությամբ Մ. Մուշեղյանը դիմել է Արաբկիրի մասնաճյուղի փոխտնօրեն Սամվել Սուջյանին, նա պատասխանել է, որ «օրենքները փոխվել են, զեղչն այժմ ձեր վրա չի տարածվում, գոյացած պարտքը պետք է վճարեք»: Իսկ մեզ հետ զրույցում պարոն Սուջյանն այլ բացատրություն տվեց. «Այդ բնակարանի ջրաչափի ուշ տեղադրման պատճառը նախորդ ընկերության հետ աշխատող Ծրագրերի իրագործման գրասենյակն է, որի անփութության հետեւանքով ոչ միայն այդ բնակարանի, այլ մի շարք բնակարանների ջրաչափերը եւս ուշ են տեղադրվել: Այդ կազմակերպությունը պետք է բարի լիներ ճիշտ ժամանակին իր գործն անել»:
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀ. Գ. Պարոն Սուջյանի տեղեկացմամբ՝ «Երեւան ջուր» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆի հրամանով՝ Մարիամ Մուշեղյանի պարտքը մարված է:


















































