Վստահեցնում է Յուրմալայում մեր «մշտական» ներկայացուցիչ Նադեժդա Սարգսյանը
Յուրմալայում հուլիսի 26-31-ը անցկացված «Նովայա վոլնա» ժամանակակից երգի երիտասարդ կատարողների 5-րդ միջազգային մրցույթին հայերս ռուսաստանյան հեռուստաալիքների շնորհիվ հնարավորություն ունեցանք դիտել մրցութային երեք օրերի աշխարհի 16 երկրների երգիչների ելույթները:
Ինչպես հայտնի է, արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանը գրավեց 9-րդ տեղը եւ արժանացավ հատուկ մրցանակի՝ օրիգինալ երգի լավագույն կատարման համար (Ռ. Մադլենյան եւ Ա. Գասպարյան՝ «Բելա սենյորինա»): Եթե «Եվրատեսիլում» լավագույն տասնյակում հայտնվելը մենք համարեցինք հաղթանակ, ապա այս հայտնի մրցույթի ցուցանիշն էլ շատ տխուր չէ:
Գաղտնիք չէ, որ աշխարհում շոու-բիզնեսը թմրանյութերի, զենքի եւ պոռնո բիզնեսներից հետո չորրորդն է: Եթե առաջին երեքը միջազգային հանցավոր սինդիկատների կողմից վերահսկվող բիզնեսներ են, ապա շոու-բիզնեսը ստացել է գեղեցիկ բիզնես անունը: Եվ այսօր նույն այդ գեղեցիկ բիզնեսում պտտվում են ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր դոլարներ: Հայերս դեռ առաջին քայլերն ենք անում այդ ոլորտում: Թեեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները առայժմ բարձրաձայն չեն արտահայտվում, բայց մեզ մոտ էլ կա ֆինանս կոչվածի «պտույտը»:
Անդրադառնալով ԽՍՀՄ տարածքում մասնագետների կողմից ներկայանալի որակվող Յուրմալայի մրցույթին, հանդիպեցինք Ռ. Ամյանին «Նովայա վոլնայում» ներկայացնող պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի հետ: Նրան խնդրեցինք «լուսավորել» մեզ մրցույթ-շոուում տեղի ունեցած կուլիսային դեպքերի հետ կապված:
Զրույցի սկզբում պրոդյուսերը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «53 տարեկան եմ եւ վերջապես որոշել եմ կաշառք տալ սովորել»: Նրան հիշեցրինք, որ ժամանակին երգիչներ Աննա Խաչատրյանին, Միստր X-ին, Վարդուհի Վարդանյանին չհաջողվեց անգամ կիսաեզրափակիչ դուրս գալ, իսկ ինքն արդեն 4-րդ տարին է՝ մասնագետների բնորոշմամբ «սեփականաշնորհել» է «Նովայա վոլնան»: Տիկին Սարգսյանը նախ նշեց, որ իրենց օգնել է միայն ԼՂՀ-ի կառավարությունը: Ապա հիշեցրեց, որ նախնական փուլի 7000 մասնակիցներից ընդգրկվել 16-ում՝ հեշտ չէ: Պրոդյուսերի հավաստմամբ, կոնկրետ Ռազմիկի դեպքում, ռուսաստանյան TV-ների միջոցով ճանաչելի դառնալ Եվրոպայում՝ թանկ PR է: Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ շոու-բիզնեսում մեծ դերակատարում ունեն ներդրումները, ինչից առայսօր զուրկ են մեր երգիչները:
Հետաքրքրությանը՝ 3-րդ տեղը գրաված վրաց երգչուհի Սոֆիկոյի համար արվե՞լ էին ներդրումներ, պրոդյուսերն ասաց. «Միանշանակ…արդյոք «ներդրում» չէ՞ր վրաց երգիչ ու պրոդյուսեր Մելաձե եղբայրների՝ նրան տրված 11-ական միավորները եւ ոչ միայն»: Վերը ասվածի առիթով Ն. Սարգսյանը կատակեց. «Շոուի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը ամեն տարի մրցույթին ասում է՝ այ հիմա ընտիր հայկական կոնյակ կխմենք: Եթե երկու շիշ կոնյակը կաշառք եք համարո՞ւմ…»:
Պրոդյուսերը նշեց, որ այս տարի իրենց բարոյական աջակցություն է ցուցաբերել Լատվիայի հայկական համայնքը՝ տեղի հոգեւոր ներկայացուցիչ տեր Խոսրովի գլխավորությամբ: Ի դեպ, «Հայեր» քառյակը, Ռազմիկ Ամյանը եւ գերմանացի հայտնի երգիչ Բրենդեն Սթոնն էլ համերգ են տվել ու եկամուտը փոխանցվել է եկեղեցուն:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


















































