Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԸ՝ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ

Օգոստոս 09,2006 00:00

Այս տարվա դիմորդների ընդհանուր թիվը 12400 է: Օգոստոսի 6-ի դրությամբ, քննական մարաթոնից դուրս է մնացելանբավարար միավոր ստացած 2812 դիմորդ: 18-20 միավորներ այսընթացքում ստացել է 6122 հոգի, որից 1789-ը անգլերենից (գրավոր), 1325-ը՝ հայոց լեզու-2-ից, 1289-ը՝ հայոց լեզու-1-ից:

Երեկ Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանն արձանագրեց, որ, ըստ առարկաների առաջադիմության, նախորդ տարիներին նկատված միտումը պահպանվում է։ Ցածր են արդյունքները մաթեմատիկա (875 անբավարար), ֆիզիկա (412 անբավարար) եւ հայոց պատմություն (299 անբավարար) առարկաներից։ Առավելագույն 20 միավոր չի գրանցվել քիմիայի, ստեղծագործական մրցույթի, ընդհանուր պատմության, կենսաբանության, ֆրանսերենի (բանավոր), իտալերենի, ռուսերենի (բանավոր), հայոց պատմության եւ աշխարհագրության քննություններից։

Քննությունների արդյունքների շուրջ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ առավել շատ բացակայություններ գրանցվում են հենց թվարկված վերջին՝ այսինքն «դժվարանցանելի» առարկաներից: Այս փաստը ՀԸՀ հաշվիչ կենտրոնի նախագահ Ռուբեն Թոփչյանը բացատրում է այսպես. «Գյուղերից եկած դիմորդ տղաները հիմնականում գնում են պոլիտեխնիկ, իսկ աղջիկները՝ մանկավարժական, բայց նրանք այդքան էլ պատրաստված չեն, իրենց համար շատ կարեւոր է՝ բացակայել, մի քիչ էլ պարապել, հետո գալ»: Այսինքն՝ ըստ պրն Թոփչյանի, բացակայում են հիմնականում շրջաններից եկած դիմորդները: Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն շրջանից եկող դիմորդը պետք է որոշակի գումար տա կեղծ բժշկի փաստաթուղթ վերցնելու համար, բացակայի քննությունից՝ ընդամենը մի քանի օր ավելի պարապելու համար: Կամ՝ բժշկի թուղթ չի վերցնում, գալիս է մայրաքաղաք, դիտավորյալ ուշանում քննությունից կամ դիտավորյալ կորցնում քննաթերթիկը, դիմում Հանրապետական ընդունող հանձնաժողով, մի քանի օր ավելի նեղություն տալիս բարեկամներին, ում տանը բնակվում է, եւ այդ ընթացքում ոչ էլ կարողանում է նորմալ պայմաններում պարապել: Արդյո՞ք սա տրամաբանական է, եւ արդյոք այս հարցում ճիշտ է տարբերակել գյուղից եկածին՝ մայրաքաղաքի դիմորդից: Իսկ գուցե քննությունը հետաձգելով՝ դիմորդի ծնողները փորձում են «գործ սարքո՞ղ» գտնել: Իսկ սա բնորոշ է հիմնականում մայրաքաղաքի ճարպիկ ու լավատեղյակ բնակչին, եւ ոչ՝ գյուղից եկածին:

Ի դեպ, հաշվիչ կենտրոնն այս տարի չունի վիճակագրություն այն մասին, թե բացակա դիմորդները հետո ինչ են ստանում: Պրն Թոփչյանը միայն մոտավոր ասաց, որ նրանք հիմնականում 8 են ստանում՝ ելնելով իր նույն սկզբունքից, թե դրանք գյուղից եկած թույլ ուսանողներն են:

Քննաշրջանի սկզբից մինչ օգոստոսի 7-ը ՀԸՀ-ում արձանագրվել է քննաթերթի կորստի 43 եւ քննությունից ուշացման 56 դեպք։ Նշյալ իրավիճակում, ըստ կարգի, դիմորդի քննության օրը փոխվել է, նշանակվել է նոր օր։ Նոր օր է նշանակվել նաեւ բոլոր այն դեպքերում, երբ դիմորդի վատառողջության պատճառով, բժշկի համապատասխան գրությամբ, քննությունն ընդհատվել է։ Արձանագրվել է նման 43 դեպք։ ՀԸՀ-ն, սակայն, չի ուսումնասիրել, թե արդյոք նշյալ դեպքերը միայն շրջաններից եկածների՞ն են վերաբերում:

Այս տարի կրկնակի գանգատարկման դեպքերը նախորդ տարվանից քիչ են 3 անգամ: Ս. Մելիքյանը դա բացատրում է նրանով, որ առարկայական հանձնաժողովների մշակած չափանիշներն այս տարի համեմատաբար հստակ են: Ինչ վերաբերում է բանավոր քննություններին, ապա, պրն Մելիքյանի կարծիքով, այստեղ սուբյեկտիվիզմի դրսեւորումներից խուսափելու համար հանձնաժողովի կազմը փոխելով դրական արդյունքի չես հասնի, «այդ պատճառով համակարգային փոփոխությունների ենք գնում, եւ 2-3 տարի հետո թեստային համակարգի կանցնենք»: Պատասխանատու քարտուղարը նշում է, որ ՀԸՀ-ն անհանգստացնում է հայ եւ ռուս բանասիրության վիճակը: Այս մասնագիտությունների գծով բացասական գնահատականները շատ են, սակայն դեռ պարզ չէ՝ թափուր տեղեր կլինեն, թե ոչ:

Բողոքարկման առումով, օգոստոսի 4՟ի դրությամբ, ամենաշատ դիմումները ստացվել են դիմորդների թվի տեսանկյունից ամենաընդգրկուն քննությունների արդյունքների վերաբերյալ. անգլերեն (գրավոր) ստացվել է 274 դիմում, գնահատականը փոխվել է 59 դեպքում, մաթեմատիկա՝ 291 դիմում, որից փոխվել է 33, հայոց լեզու-2՝ 172 դիմում, փոխվել է 33 դեպքում։ Ընդհանուր առմամբ, մինչ օրս քննություններում արձանագրվել է 1238 դիմում՟ բողոք, որից 251 դեպքում միավորը բարձրացել է, 1 դեպքում՝ իջել։ Վերջինս եղել է քիմիա առարկայից։

Ըստ ՀԸՀ մամուլի պատասխանատու Լիլիթ Գալստյանի, մեր քաղաքացիները պասիվ են ՀԸՀ-ում տեղադրված թեժ գծին դիմելու հարցում (578370): Թեժ գծին քննությունների ընթացքում դիմել են հատուկենտ մարդիկ: Ըստ Լ. Գալստյանի, դիմողները խուսափում են որեւէ առարկայական բողոք ներկայացնել: Օրինակ՝ դժգոհում են, որ հանձնաժողովի անդամներն ակնհայտ հուշում են որոշ երեխաների, սակայն չեն նշում, թե հատկապես որ հանձնաժողովներում է դա պատահում: ՀԸՀ-ին այդ հարցում օգնենք մենք՝ հուշում են բացառապես բոլոր հանձնաժողովներում, բոլոր քննությունների ժամանակ:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել