Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ՝ ԾԱԾԿԱԹԵՐԹԻԿՈՎ

Օգոստոս 10,2006 00:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուրախացնում է այս իրողությունը

Ընտրական հանձնաժողովների անդամ դառնալու նպատակով որակավորման ստուգարք հանձնելու համար ԿԸՀ-ն նախապատրաստել է հարցաշար՝ բաղկացած 106 հարցից: Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքի» 34 հոդվածի համաձայն՝ ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են միայն այն քաղաքացիները, որոնք անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ:

Եվ ահա շրջանառության մեջ է դրվել այդ հարցաշարի յուրօրինակ ծածկաթերթիկը՝ «շպարգալկան», որտեղ մեջբերված են այդ բոլոր 106 հարցերի պատասխանները: Ասենք, նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն ի՞նչ հիմունքներով են անցկացվում» հարցին հարկ է պատասխանել «ՀՀ-ում ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»: Կամ՝ եթե թեկնածուին առաջարկեն թվարկել ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը՝ հարկ է մասնավորապես ասել. «Եթե նա մահացել է» կամ «եթե նա զորակոչվել է»: Իսկ եթե որակավորման ստուգարքի ընթացքում նման «սադրիչ» հարց տան, թե «միաժամանակ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով քվեարկությունների անցկացման ժամանակ ո՞ր քվեարկության ընտրական փաստաթղթերի պարկում է տեղադրվում ընտրողների ցուցակների փաթեթ», այս ծածկաթերթիկն արդեն հուշում է, թե «ընտրողների ցուցակների փաթեթը տեղադրվում է ընտրական փաստաթղթերի առկա միակ պարկում, քանի որ երկրորդ պարկ նախատեսված չէ»:

Արդյոք տեղյա՞կ է դասընթացների կազմակերպիչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ ինչպես եւ բուհերի դիմորդները՝ ընտրական հանձնաժողովի անդամ դառնալ ցանկացողներն էլ են նախընտրում օգտվել ծածկաթերթիկից: «Ինձ հայտնի են նման դեպքեր,- ասում է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:- Եվ ուրախ եմ, որ մոտեցումը նմանվում է ընդունելության քննություններին այն իմաստով, որ նախապատրաստվում են մեր ստուգարքներին ու փաստորեն, գալիս են ավելի պատրաստված: Քանի որ «շպարգալկա» գրելն արդեն նշանակում է սովորել: Այնպես որ՝ արտառոց ինչ-որ վատ բան չեմ տեսնում այստեղ»:

Մինչդեռ ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ասում է. «Ես ոչ միայն տեղյակ եմ, այլեւ իմ դասախոսությունների ժամանակ (8 խմբի հետ եմ պարապել այս ուսուցման ծրագրերով) տասնյակներո՛վ, եթե ոչ՝ հարյուրներով եմ բռնագրավել այս «շպարգալկաները»: Անկեղծորեն եմ ասում՝ չգիտեմ, թե ով է պատրաստել պատասխանները եւ տարածել: Ինձ հասած տեղեկություններով, որոնք չեմ կարող պնդել՝ «Օրինաց երկիրն» է արել սա»: Նշենք, որ երեկ փորձել ենք այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ ԿԸՀ-ում ՕԵԿ ներկայացուցիչ Արտաշես Ավոյանից, սակայն նա քաղաքում չէր:

«Ինչ-որ մեկն է պատրաստել, որն իսկապես տեղյակ է ընտրական օրենսդրությունից: Սա պատահական մարդու արած չէ»,- ասում է Ֆելիքս Խաչատրյանը: Սակայն մեր հարցին, թե ավելի շատ ո՞ր կուսակցության անդամների ձեռքին է տեսել այս ծածկաթերթիկը՝ «Արդարության» ներկայացուցիչը պատասխանեց. «Դասընթացների ժամանակ հայտնի չի դառնում, թե ով ում ներկայացուցիչն է: Եվ ինձ թույլ էլ չեմ տա հարցնել, թե իրենք ում են ներկայացնում: Ձեւաթղթերում նշվում են միայն անուն-ազգանուններն ու անձնագրի համարները: Բայց նորից եմ նշում՝ գրեթե բոլորի ձեռքին կան այս ծածկաթերթիկները»:

Այնուամենայնիվ, անհեթե՞թ չեն այս դասընթացներն ու որակավորման ստուգարքները, երբ ակնհայտ է, որ «Ընտրական օրենսգիրքը» փոխվելու է աշնանը, եւ առ ոչինչ է դառնալու այն դրույթների մեծամասնությունը, որոնց վերաբերյալ այժմ ծածկաթերթիկ է կազմվում: Մեր այս դիտարկմանը Ֆելիքս Խաչատրյանն արձագանքեց. «Անհեթեթությունն այլ է, որ այս ծածկաթերթիկներն էլ ձեռքներին՝ անհավանակա՛ն ցածր մակարդակ ունեն մեր հանձնաժողովների ապագա անդամները: Ես նույնիսկ ասում եմ՝ լա՛վ. էս էլ ձեր ձեռքին է, կարդում եք, բա էսքանից հետո… Ես ստուգարքից առաջ բոլոր այս 106 հարցերի պատասխանները տալիս եմ՝ այս ծածկաթերթիկից էլ լավ (այնտեղ մի կոպիտ սխալ կա): Կարդում եմ հարցը՝ ասում պատասխանը, հարցնում՝ անհասկանալի բան մնա՞ց: Անցնում է 10 րոպե, գալիս են ստուգարքի՝ զրո՛… Դե, հիմա մտածեք, թե ինչ են տալիս մեզ այս դասընթացները»:

ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչը վերստին պնդեց, թե այս դասընթացները «սուտ բան» են. «Դրա փոխարեն արժեր հեռուստադասընթացներ անցկացնել՝ շաբաթական 1-2 անգամ: Այդքան փողը, որ վճարում են դասախոսներին, ճանապարհածախս, ավտո, բենզին՝ վճարենք հեռուստատեսությանը, ժամ վերցնենք, թող նստեն, լսեն՝ մենք էլ միայն ստուգարք կանենք, հանձնաժողովով, գրավոր պատասխաններով, որոնք կկցենք փաստաթղթերին»: Սակայն եթե անմիջական ուսուցումն է այսքան ոչ արդյունավետ՝ ի՞նչ կլինեն հեռուստաուսուցման արդյունքները: «Այստեղ պարզ կդառնա, թե ով ցանկություն ունի: Ով ցանկանում է՝ նա կլսի,- առարկեց Ֆելիքս Խաչատրյանը:- Մասիս քաղաքում ստուգարք էր հանձնել Թամարա Սարգիսովան, որի հետ խոսում էի՝ չէր պատասխանում: Ասաց, թե ռուսախոս է՝ հայերեն չի հասկանում: Հարցնում եմ՝ աղջիկ ջան, բա դու ինչի՞ ես դիմում գրել: Պատասխանում է, չէ, խանութում էի, ինձ ասացին՝ պետք է գնաս դասընթացների»: Մեջբերենք պրն Խաչատրյանի վկայակոչած այլ օրինակներ. Մասիսում դասընթացների մասնակցելու համար գրանցված 154 հոգուց ներկայացել են մի 90-ը. «Հիմնականում քաղաքապետարանի աշխատողներ, քաղաքապետն էր այս ամենը ռեգուլիրովկա անում, եւ մեկ ժամ անց այդ 90-ից մնացին 20-ը: Բոլորը փախան: Ցանկություն չկա: Ստիպողաբար ցուցակ են լցրել»: Երեւանի Ջրվեժ թաղամասի մանկապարտեզներից մեկի 70-անց մի աշխատակից որոշել է զբաղվել քաղաքականությամբ եւ մասնակցում է դասընթացներին: Այնթափ գյուղում ցուցակով դասընթացների են բերել 12 հոգու: Հաջորդ օրը ոչ ոք ներկա չի եղել:

Ֆելիքս Խաչատրյանը կարծում է, թե հեռուստադասընթացների դեպքում նման «բալաստը դուրս կգա արանքից», ու հավելում. «Անմիջական ուսուցումը ո՞րն է: Դե արի, այս շոգին 60 տեղանոց լսարանում տեղավորիր 90-100 հոգի ու 4,5 ժամ դասախոսություն կարդա: Կարծում եք, թե դա ավելի՞ շատ արդյունավետ է: Իսկ եթե հեռուստադասընթաց լինի՝ իր տանը սուրճ կխմի, մի հատ էլ դիվանի վրա կպառկի եւ կլսի՝ եթե ցանկություն ունի: Իսկ եթե չունի՝ ո՛չ սա է արդյունավետ, ո՛չ էլ նա»:

Այս առաջարկներն արդեն թերեւս ժամանակավրեպ են, քանի որ դասընթացների առաջին փուլը ավարտվել է: Եվ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը պնդում է, թե իրենք շնորհակալագրեր են ստացել: Դասընթացների նրա ամփոփիչ «տեսլականը» կներկայացնենք առաջիկայում:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել