Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՉԻՄԱՆԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ

Օգոստոս 16,2006 00:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը դեմ է «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող շատ փոփոխությունների:

Մատը չթանաքոտե՛լ

«Ընտրողների մատները թանաքոտում են այն երկրներում, որտեղ չկան ընտրական ցուցակներ, կամ էլ դրանք բարվոք վիճակում չեն»,- ասում է ԿԸՀ նախագահը: Մեր հիշեցմանը, թե մատները թանաքոտում էին նաեւ Վրաստանում, ուր կային ընտրացուցակներ՝ Գարեգին Ազարյանը հակադարձեց. «Չկայի՛ն: Վրաստանի ընտրություններին ներկա էին մեր ԿԸՀ անդամները եւ վկայում են, թե հանձնաժողովների անդամները նստած անընդհատ ցուցակ են գրել: Եթե Հայաստանի հետ համեմատենք, կարող ենք ասել, որ Վրաստանում գոյություն չունեին ցուցակներ: Հարավային Կովկասի երկրներում մեր ցուցակներն ամենալավն են: Մի մոռացեք, որ 2003-ից ինտերնետում՝ ԿԸՀ կայքէջում տեղադրված են մեր ցուցակները»:

ԿԸՀ նախագահը կարծում է, թե մատները թանաքոտել կարելի կլիներ, եթե չունենայինք ընտրական բազմակուսակցական հանձնաժողովներ. «Ուրեմն, չե՞նք վստահում մեր հանձնաժողովներին, մեր ցուցակներին, ընտրողների ռեգիստրին… Թեեւ արձանագրել ենք, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ցուցակներն ավելի լավ վիճակում էին, քան նախորդ ընտրությունների ժամանակ, իսկ հանրաքվեի ժամանակ՝ առավել լավ, քան ՏԻՄ ընտրությունների, այսօր էլ պարբերաբար ունենում ենք ընտրություններ եւ անընդհատ նվազում է դատարան դիմողների թիվը: Վստահ եմ, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ունենալու ենք առավե՛լ լավ ընտրացուցակներ: Հիմա այդքանը թողնել մի կողմ եւ այդ ամբողջ գործընթացը տանել նրան, որ մի մարդ ստուգի, թե մատը թանաքոտվա՞ծ է կամ ոչ: Այն դեպքում, երբ այդ թանաքոտման հետեւանքով կունենանք մասնակցության պակաս»:

Էլեկտրոնային
չքվեարկե՛լ

Հաջորդ առաջարկը, որը պնդում է ընդդիմությունը՝ նշելով, որ եթե այն չընդունվի, ապա մասնավորապես «Արդարություն» դաշինքը հետ կվերցնի իր ստորագրությունը «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների օրինագծից՝ քվեարկությունը էլեկտրոնային դարձնելն է: «Ես չեմ հասկանում՝ դա ինչ է,- տարակուսում է Գարեգին Ազարյանը:- Եթե դա այն քվեարկությունն է, որ իրականացնում են եվրոպական երկրներում, ապա՝ այն այլ խնդիր ունի լուծելու: Այդ երկրներում էլեկտրոնային քվեարկությունը, այսինքն՝ քվեարկությունն ինտերնետի, բջջային հեռախոսների միջոցով՝ հնարավորություն է տալիս ավելացնել մասնակցությունը: Քանի որ զարգացած երկրներում ունեն ընտրությունների մասնակիցների ավելացման խնդիր՝ այն կազմում է 10-15%: Իսկ Հայաստանում, փառք Աստծո՝ 60%-ն անցնում ենք միշտ»: Դե, իհարկե՝ հանրաքվեի 1,5 մլն փչովի «մասնակիցներն» էլ դրա ապացույցն են: Մեր դիտարկմանը, թե Հայաստանում էլ են միտումները եվրոպականին համահունչ՝ մարդիկ գնալով ավելի քիչ են մասնակցում ընտրություններին՝ ԿԸՀ նախագահն այսպես արձագանքեց. «Շա՛տ ավելի լավ: Ինչքան ապաքաղաքականացված լինի հասարակությունը՝ այնքան լավ: Միշտ ասել եմ, որ երազում եմ ապրել մի երկրում, որտեղ քաղաքացին չգիտի հանրապետության նախագահի անունը»:

Քվեարկությունը
չնկարահանե՛լ

ԿԸՀ նախագահը վերապահումով է վերաբերվում նաեւ ընտրությունների ընթացքը նկարահանելու առաջարկին. «Մեկը հաշվե՞լ է, թե քանի ժամ ենք նկարահանելու, եւ քանի՞ ժամ է տեւելու նայելը… 8-20-ը՝ 12 ժամ նկարահանում, 2000 տեղամաս…»: Մեր ենթադրությանը, թե կնայեն միայն վիճահարույց պահերի նկարահանումները՝ պրն Ազարյանը հեգնանքով արձագանքեց. «Իսկ ինչքա՞ն կլինի վիճահարույց տեղամասերի թիվը: Եթե 500-ում լինի՝ մեզ այդ տեսագրությունները նայելու համար պետք կլինի 2,5 տարի, որ բոլորը՝ 8 հոգին նայեն: Եվ երկրորդը՝ ի՞նչ է տալու մեզ այդ նկարահանումը: Ոչի՛նչ չի տալու: Ասենք, թե 500 տեղամասում 500 մարդ խախտում արեց՝ նրանց հետախուզո՞ւմ ենք հայտարարելու, որ գտնենք, թե ովքեր են»:

Անդամներին հետ
չկանչե՛լ

Ընդդիմության մեկ այլ առաջարկի առնչությամբ՝ կիրառել ընտրական հանձնաժողովի անդամի հետկանչման մեխանիզմը, պրն Ազարյանը նշում է. «Դա դեմ է միջազգային չափանիշներին եւ նվազեցնում է հանձնաժողովի անդամի անկախությունը»:

Քաղաքական խնդիրներ

Զուտ քաղաքական լուծում ունի այն խնդիրը, որ ընտրական հանձնաժողովները ձեւավորվեն միայն քաղաքական ուժերի կողմից, նրանցում տեղ չունենան, ասենք, դատավորները: Գարեգին Ազարյանի դիրքորոշումն է. «Իմ մոտեցումը պարզ է դեռ 2003 թվականից. գտնում եմ, որ հանձնաժողովները պիտի ձեւավորվեն պետությա՛ն կողմից: Եվ այն, որ սահմանեցին ուսուցում ընտրական հանձնաժողովների անդամների համար՝ մեր առաջարկի մի մասն էր: Մենք առաջարկում էինք՝ հանձնաժողովները պիտի կազմավորի պետությունը՝ ուսուցում անցած քաղաքացիների թվից: Իսկ հետո՝ խնդրեմ, պետությանը, նշանակողին ենթարկեք պատասխանատվությա՜ն, կախե՜ք… Հիմա ստացվեց, որ միայն ուսուցումը վերցրինք, դրա համար էլ այսպես կիսատ-պռատ ինչ-որ բան ստացվեց»:

Իսկ մեկ այլ քաղաքական խնդրի կապակցությամբ, որ անընդհատ պնդում են ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական ուժերը՝ անցնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի, ԿԸՀ նախագահն ասում է. «Ընտրական համակարգի համար նշանակություն չունի եւ միեւնույն է, թե ինչպիսին կլինի համամասնականի տոկոսը»:

Տեխնիկապես
անհնա՛ր է

ԿԸՀ նախագահը պնդում է. «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններում ամրագրված են նորմեր, որոնց իրականացումը տեխնիկապես անհնար է ապահովել (իր այս պնդումը պրն Ազարյանը հիմնավորում է նաեւ անցկացված փորձնական քվեարկությամբ, որին մասնակցել են 200 ուսանողներ.- Ա. Ի.): Վենետիկի հանձնաժողովի հայտնած մի շարք մտահոգություններ մեկին մեկ համընկնում են մեր առարկություններին»: Այդ հանձնաժողովի անդամների հետ հանդիպելու են սեպտեմբերի սկզբին, եւ պարզ կդառնա, թե արդյոք մտահոգիչ դրույթները դուրս մնալո՞ւ են այս փոփոխություններից:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել