Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԷՐ ԱՍԵԼ ԳԻՎՈԵՎԸ 10 ԱՄԻՍ ԱՌԱՋ

Օգոստոս 19,2006 00:00

Ինչպես հայտնի է, օգոստոսի 8-ին ժամը 13-ին Աշտարակ-Գյումրի մայրուղում սպանվել էր 52-ամյա գործարար Ալեքսանդր Գիվոեւը: Մոտ 10 ամիս առաջ նա այցելել էր «Առավոտի» խմբագրություն եւ, մեր կարծիքով, ուշագրավ տեղեկություններ հաղորդել: Առանց մեկնաբանությունների մեջբերում ենք «Առավոտի» այն հրապարակումը:

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել «Երեխաների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Ալեքսանդր Գիվոեւը եւ հավաստիացնում էր, որ առավոտյան Արմավիր-Երեւան ճանապարհին իր դեմ մահափորձ են արել: Նրա խոսքերով՝ մոխրակաթնագույն մի բեռնատար մեծ արագությամբ երթեւեկել է իր ավտոմեքենայի ուղղությամբ՝ ցանկանալով հարվածել, սակայն ինքը «մեքենան մի կերպ փախցրել է ու հեռացել»: Իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Գիվոեւը կասկածում է Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին, քանի որ «անցյալ տարի թե խոշոր եւ թե մարզային հեռուստաընկերություններով Հերոյանին մի լավ քննադատել եմ»: Գիվոեւի պատմելով՝ նախքան միջադեպը, նա ուսուցիչների խնդրանքով համակարգիչ է տարել, որ նվիրի իր հայրենի Նալբանդյան գյուղի դպրոցին, սակայն տնօրենը առանց պատճառի բարեգործությունը մերժել է, ինչը Գիվոեւը նույնպես կապում է մարզպետի հետ: Նվերներն այդպես էլ մնացին մեքենայի մեջ (լուսանկարում): Ա. Գիվոեւի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային կառույցի ղեկավարը Նալբանդյանի գյուղապետին եւ դպրոցի տնօրենին հորդորել է նվերը չընդունել: «Գյուղից դուրս գալիս էլ ինձ զգուշացրին, որ էսօր ինձ կամ խփելու են, կամ մեքենայիս մեջ բան են գցելու, որ գլխիս սարքեն»: Գիվոեւի ներկայացմամբ՝ իր բարեգործությունները մերժվում են նաեւ Ռուսաստանում. «Այնտեղ կա հզոր մի անձնավորություն, նա տեղյակ է, որ ես գիտեմ, որ ինքը օգնել է չեչեն գրոհայիններին եւ անձամբ Շամիլ Բասաեւին: Նա ամենուրեք փորձում է ինձ վարկաբեկել եւ իմ գործունեությունը խոչընդոտել»: Ըստ Գիվոեւի՝ այդ անձնավորությունը ՀՀ իշխանությունների հետ էլ «սերտ կապերի մեջ է»: Իսկ թե ով է նա, Գիվոեւը չհրապարակեց, միայն ասաց, որ պատրաստվում է նամակով դիմել ՀՀ նախագահին՝ այդ մարդու իրական կերպարի մասին իր բացահայտումները ներկայացնելու: Երեկ պրն Գիվոեւը պնդում էր նաեւ, որ նա ռուսական զորքերի գեներալ-լեյտենանտ է:

Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ ԱՌԱՎՈՏ, 28.10.2005

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել