Լրահոս
Օրվա լրահոսը

Գուտերեշը գոհ է Հայաստանից

Օգոստոս 22,2006 00:00

Գուտերեշը
գոհ է Հայաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան
վերջին հանդիպումից հետո հայկական կողմը միջնորդներից հակամարտության կարգավորման
նոր գաղափարներ կամ առաջարկներ չի ստացել: Այս մասին երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսին,
որին մասնակցում էր նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո
Գուտերեշը, հայտարարեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ միջնորդները
մտադիր են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, «սակայն դրանք
շատ նախնական խոսակցություններ են եւ հանդիպման վայրի կամ ժամկետների մասին դեռեւս
պայմանավորվածություններ չկան»: Անդրադառնալով վերջին շրջանում բավական ակտուալ
դարձած հայ-ադրբեջանական հակամարտության գոտում բռնկված հրդեհների թեմային՝ Օսկանյանը
հայտարարեց, որ դրանց մարման հարցում Երեւանն ու Ստեփանակերտը պատրաստ են համագործակցել
Ադրբեջանի հետ: «Մենք միշտ էլ հայտարարել ենք Ադրբեջանի հետ ամենատարբեր հարցերում
համագործակցելու մեր պատրաստակամության մասին: Վստահ եմ, որ ԼՂՀ իշխանությունները
եւս պատրաստ են այդ խնդրով համագործակցել Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ»,-
ասաց նա: Միեւնույն ժամանակ, հրդեհների հետ կապված Ադրբեջանի շահարկումները Վարդան
Օսկանյանը գնահատեց «անհասկանալի»՝ հղում անելով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ
Անջեյ Կասպրշիկի հաշվետվությանը, որտեղ նշվում է, որ հրդեհները պայմանավորված են
բնական երեւույթներով: Օսկանյանն «անհասկանալի» համարեց նաեւ Ադրբեջանի փորձերը՝
հրդեհների խնդիրը ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը: Խոսելով լիբանանյան
վերջին զարգացումների մասին՝ Օսկանյանն ասաց, թե «Երեւանը դեմ չի լինի թուրք խաղաղարարների
հավանական տեղակայմանը Հարավային Լիբանանում, եթե պաշտոնական Բեյրութը տա իր համաձայնությունը»:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշն առավելապես
կենտրոնացավ իր տնօրինած ոլորտին առնչվող խնդիրների վրա: Նա նշեց, թե փայլուն համագործակցում
են Հայաստանի կառավարության հետ եւ ողջունեց փախստականներին կացարաններով ապահովելու,
ինչպես նաեւ հասարակության մեջ ինտեգրման պայմաններ ստեղծելու գործում իշխանությունների
ներդրած ջանքերը: Գուտերեշը գոհունակությամբ փաստեց Հայաստանում ապաստան խնդրող մարդկանց
համար օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտի ձեւավորման ուղղությամբ տարվող աշխատանքները
ու նաեւ շնորհակալություն հայտնեց Լիբանանից փախստականներին ընդունելու կապակցությամբ:
Անդրադառնալով ղարաբաղյան թեմային, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարը հայտարարեց, որ թեեւ իրենք լիովին ապաքաղաքական կառույց են, այդուհանդերձ,
խիստ հետաքրքրված են խնդրի խաղաղ կարգավորմամբ: «Կարծում ենք, որ ձեռք բերվելիք համաձայնությունները
խնդրի վերջնական կարգավորման հնարավորություն կտան»,- հույս հայտնեց Գուտերեշը: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել