Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՎԵՍՈՎ» ՕԲՅԵԿՏ՝ ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ

Օգոստոս 22,2006 00:00

Կառուցապատողը կանաչ տարածքները վերացնում է՝ բնակիչներին խոստանալով փոխհատուցել օբյեկտի տանիքում բույսեր աճեցնելով:

Այն ժամանակ, երբ կենտրոնում ամեն քայլափոխի շինարարություն էր իրականացվում եւ հողհատկացումներ էին լինում բարի, սրճարանի, սաունաների կամ խանութ-սրահների համար, Մալաթիա-Սեբաստիա համայնքում թաղապետարանի բյուջեի հաշվին այգիներ ու հանգստյան գոտիներ էին ստեղծվում: Հիմա, երբ այլեւս կենտրոնում ազատ տարածություն չկա, հերթը հասել է ծայրամասերին:

Մալաթիա-Սեբաստիայի Անդրանիկի փողոցը վերջերս էր բարեկարգվել, կանաչապատվել, թաղապետարանն այնտեղ տեղադրել էր քարե թանկ նստարաններ, որտեղ երեկոյան ժամերին համայնքի բնակիչները հանգստանում էին: Բայց պարզվում է՝ թաղապետարանը մի փոքր շտապել էր այդ տարածքները բարեկարգելով եւ իր անելիքները չէր համաձայնեցրել քաղաքապետարանի ախորժակի հետ: Վերջինս Անդրանիկի փողոցի հետ կապված իր պլաններն ուներ ու վերջին մեկ տարվա ընթացքում մանրից փողոցի բոլոր կանաչները քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի թեթեւ ձեռքով փոխարինվեցին տարբեր նշանակության օբյեկտներով, նույնիսկ Վահան Զատիկյանի այգին չեն խնայել՝ սրճարան կառուցելու համար: Այժմ Անդրանիկի փողոցը զբաղեցնում են «Առյուծ արքա» սրճարանը, «Գոռ» սուպերմարքեթը, «Շուշան» գեղեցկության սրահը, «Վագաս» մարզահամալիրն ու համանուն սրճարանը, մի երեք-չորս խանութ-սրահ, ինչ-որ «բաղնիք», որի անմիջապես կողքին էլ օրերս վերջին հողհատկացումն է եղել՝ հերթական օբյեկտի համար: Վերջին, որովհետեւ փողոցի այդ հատվածում այլեւս ազատ տարածություն չկա:

Նոր կառուցապատողը՝ Էդուարդ Երեմյանը, մինչ շինարարությունը սկսելը հրդեհել էր իրեն հատկացրած խոտածածկ տարածքը, քանդել թաղապետարանի տեղադրած սալիկապատ ճանապարհը, որտեղով համայնքի տասնյակ շենքերի բնակիչներ անընդհատ անցուդարձ են անում: Թե ինչու են ջուրը լցնում թաղապետարանի ամբողջ աշխատանքը, ըստ կառուցապատողի, «հետո ավելի սիրուն է լինելու, չօգտագործվող տարածք էր, ի՞նչ պիտի անեին, որ մնար»: Նշանակում է՝ եթե այգու կամ կանաչապատ տարածքի վրա որեւէ շինություն չկա՝ այն չի օգտագործվում: Երբ Էդուարդ Երեմյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, նա պատասխանեց. «Մի հատ հավեսով օբյեկտ է լինելու՝ մի կողմից խանութ, մյուս կողմից՝ սրճարան, մեր ժողովուրդն էլ կգա-կնստի, կուրախանա»: Նրա ներկայացմամբ՝ թաղապետարանի տեղադրած նստարաններն իրենք չեն ջարդել. «Դրանք արդեն վարի էին գնացել, վրայի տախտակները չկային, կար միայն հենակներից մեկը, որը խանգարում էր՝ տարել ենք»: Ինչ վերաբերում է շինարարությունը սկսելուց մի քանի օր առաջ խոտածածկույթի հրդեհմանը, ըստ կառուցապատողի՝ «ճիշտ եք, ստեղ առաջ կանաչ էր, բայց մենք չենք վառել, էքսկավատորը որ եկավ՝ ոտնատակ եղավ խոտը, բա մեքենա ա, պիտի սալիկներն էլ ջարդվեին, խոտն էլ արմատախիլ լիներ, բա ինչ էիք ուզում»: Որպես արդարացում՝ նա խոստացավ, որ օբյեկտի կառուցումից հետո ավելի սիրուն սալիկներ կտեղադրվեն, իսկ կանաչապատ տարածք նրանք նախատեսել են ունենալ օբյեկտի տանիքում. «Մարդիկ որ անցնեն՝ կանաչները ներքեւից կերեւան»: Հավանաբար շինարարները «կանաչներ» ասելով նկատի ունեին ծաղկամանի մեջ աճեցված արմավենիներ կամ դեկորատիվ բույսեր, որոնք օբյեկտների համար որպես զարդ են ծառայում:

Թաղապետարանի կոմունալ բաժնի տեսուչ Արթուր Սուքիասյանը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ ամեն ինչ իրենց ձեռքում չէ, քաղաքապետարանը տվել է թույլտվություն. «գիտեք մեզ դո՞ւր է գալիս, շինարարությունը մեր շենքի հարեւանությամբ է, մենք էլ ենք տեսնում՝ ինչ է կատարվում»: Պարոն Սուքիասյանի տեղեկացմամբ՝ իրենց բաժնի պետը՝ Գեւորգ Ասատրյանը կառուցապատողներից պահանջել է ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որ ուսումնասիրեն ու իրենց դժգոհությունները հայտնեն, բայց վերջիններս դեռ չեն արձագանքել:

Էդուարդ Երեմյանը հավաստիացնում էր, որ թաղապետարանը տվել է իր համաձայնությունը, որի համար ինքը վճարել է 250 հազար դրամ: Սակայն, ըստ թաղապետարանի աշխատակցի, հնարավոր է դա վճարել են թաղապետարանի ճարտարապետին, ինչպես կարգն է, ոչ թե թաղապետարանի համաձայնության համար:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել