Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱԽ ՀԱՆԳԻՍՏ՝ «ՏՈՆՈՒՍԻ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ

Օգոստոս 22,2006 00:00

Այս տարի հուլիս-օգոստոս
ամիսներին, «Տոնուս» շինարարական կազմակերպության օժանդակությամբ, 8-14 տարեկան 200
երեխա տասնօրյա հանգստի է մեկնել «Գուգարք» ճամբար: Օրերս հանգստացողների
վերջին՝ 50-հոգանոց խմբին «Գուգարք» ուղեկցեց «Տոնուսի» նախագահ Աշոտ Տոնոյանը. «Տղաս
առաջին խմբի հետ էր այստեղ եկել եւ «Գուգարքի» մասին իմ առաջին մանրամասն ինֆորմացիան
նրանից եմ ստացել, չնայած մինչ երեխաներին այստեղ ուղարկելը ես եւ իմ աշխատակիցները
այցելել ենք ճամբար՝ համոզվելու, որ երեխաներին իրոք ապահով ձեռքերում ենք թողնելու»։
«Տոնուսի» նախագահի խորհրդական Տիգրան Մախուլյանն ավելացրեց, որ մինչ «Գուգարք» գալը
այցելել են մի քանի ճամբար, այնուհետեւ ընտրել լավագույնը. «Այստեղ երեխաները կարող
են ե՛ւ լավ հանգստանալ, ե՛ւ լավ սնվել»։ Երեխաների հետ ճամբար մեկօրյա հանգստի էին
մեկնել 50 ծնող, ինչպես նաեւ «Տոնուսի» աշխատակիցները։ Ճամբարի լավագույն
ջոկատավար ճանաչված Նարա Դալլաքյանը նշեց, որ փոքրիկների համար այստեղ կազմակերպում
են հետաքրքիր սպորտային, մշակութային, ինտելեկտուալ խաղեր. «Առավոտյան արթնանալուն
պես երեխաները մարմնամարզության են շտապում, նախաճաշից հետո սանիտարական ժամ ենք
հայտարարում եւ երեխաների հետ զբաղվում ենք սենյակի եւ ճամբարի շրջակա միջավայրի
մաքրությամբ։ Հաճախ արշավների ենք գնում մոտակա անտառներ, սարեր»։ Այստեղ պահպանվում
են պիոներական ճամբարների ավանդույթները: Օրինակ՝ երեխաներին առավոտյան արթնացնում
է երիտասարդ շեփորահարը՝ խրոխտ երաժշտությամբ, նա նաեւ փոքրիկներին ճաշի է հրավիրում,
ճանապարհում քնելու։ Երեխաներն էլ պատմեցին, որ դաստիարակները շատ ուշադիր եւ հոգատար
են։ «Նրանք շատ բարի են, երբեւէ չեն բղավում, չեն վիրավորում։ Մենք խոհարարներին
էլ ենք անչափ սիրում, միշտ համեղ ուտելիքներ են պատրաստում»,- ասացին Անահիտ Հովականյանն
ու Ռուզաննա Փիլոյանը։ «Ես ամենաշատը առավոտյան հանդիսավոր տողանն եմ սիրում»,- նշեց
փոքրիկ Աննան։ «Իսկ ինձ ամենաշատը երեկոյան դիսկոտեկներն են դուր գալիս, ես այստեղ
«Շիրխանի» պարել եմ սովորել»,- ասաց Կարենը։ Երեխաներն այնքան գոհ էին իրենց հանգստից,
որ որպես «Տոնուս» ջոկատի կարգախոս՝ ընտրել էին հետեւյալը. «Արար աշխարհ թող իմանա,
որ «Տոնուսը» միշտ «Գուգարք» կգա»։ Ա. Տոնոյանը հաստատելով երեխաների ասածը՝ խոստացավ,
որ հետագայում նրանց նման հնարավորություն նորից կընձեռվի, բացի այդ, կփորձեն ավելի
մեծ թվով մանուկների ընդգրկել ծրագրում։ Աշոտ Տոնոյանի հետ փոքրիկներին այցի
էին եկել նաեւ 136-րդ դպրոցի «Բելլա» պարային համույթը եւ երգիչ-երգչուհիներ, որոնք
հանդես եկան համերգային շոու-ծրագրով։ Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան նաեւ ճամբարի
սաները, ինչպես նաեւ դաստիարակները։ Ա. Տոնոյանը դատարկաձեռն չէր եկել «Գուգարք».
նա ճամբարին նվիրեց հեռուստացույց։ «Գուգարքի» տնօրեն Սեյֆուլինա Դանիելյանը նշեց,
որ հեռուստացույցն իսկապես անհրաժեշտ էր ճամբարին. «Հիմա երեխաները երեկոյան նաեւ
հետաքրքիր հաղորդումներ, ֆիլմեր եւ մուլտֆիլմեր կարող են դիտել, բացի այդ, մենք ունենք
մեր ճամբարի մասին պատմող տեսանյութ, որը երեխաներին կծանոթացնի «Գուգարքի» երկարամյա
պատմությանը»։ «Տոնուսի» նախագահը բոլոր նրանց, ովքեր երբեւէ նման ակցիա չեն
կազմակերպել, խորհուրդ տվեց փորձել եւ համոզվել, որ երեխաներին երջանկություն պարգեւելը
լավագույն զգացումն է: Տ. Մախուլյանը հայտնեց, որ «Տոնուս» ընկերությունը կօժանդակի
ճամբարի բարեկարգման, ինչպես նաեւ հետագայում գազիֆիկացումից հետո ջեռուցման կազմակերպման
հարցերում։ «Տոնուսի» բարեգործական ակցիաները երեխաների ճամբարային ծրագրերով
չեն սահմանափակվում։ Այս տարի 500 ընտանիքներ՝ Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր Նորք համայնքներից
մեկնել են մեկօրյա հանգստի հայաստանյան տարբեր տեսարժան վայրեր։ Տ. Մախուլյանն ասաց,
որ այս ակցիան կշարունակվի մինչեւ հոկտեմբեր. «Այնուհետեւ, ձմեռային արձակուրդների
ընթացքում նախատեսում ենք մեկ այլ միջոցառումների շարք: Այս ծրագրում հավանաբար կընդգրկենք
նաեւ առանձին ուսանողական խմբեր»։ Լ. ՕՀԱՆՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել