Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ վերաբերմունք՝ նախկին դաշնակցին

Օգոստոս 25,2006 00:00

ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն քննադատում են միմյանց՝ մոռանալով կոալիցիոն գործընկերության ոչ վաղ անցյալը:

«Միայն անցյալին նայելը ապագային միտված հաջող ռազմավարություն չէ: Օրինակ, ՀՅԴ-ն իր երկրի ապագան տեսնում է անցյալի մեջ, Հանրապետականը՝ այսօրվա մեջ, ինչքան իրենով անի: Մենք մեր երկրի ապագան տեսնում ենք նրա ապագայի մեջ` իհարկե գնահատելով եւ պատմությունը, եւ ներկան»,- «ՀԺ»-ի հետ զրույցի ընթացքում ասել էր «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Արձագանքելով այս դիտարկմանը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Կարծում եմ, որ իմ մեկնաբանություններից հետո Արթուր Բաղդասարյանը թերեւս հանդես գա հայտարարությամբ, որ կա՛մ թղթակիցն իրեն այնքան էլ լավ չի հասկացել, կա՛մ էլ թերթում հրապարակվել է իր ասածի ոչ ստույգ շարադրանքը: Սակայն ամեն դեպքում՝ ասվածի կապակցությամբ նշեմ. նախ՝ Դաշնակցությունը ոչ թե անցյալի կուսակցություն է, այլ անցյալ ունեցո՛ղ կուսակցություն: Եվ այդ անցյալում՝ 116 տարվա պատմության մեջ, մենք չունենք դրվագ, երբ կուսակցության ճակատագիրը կտրված լինի երկրի ու ժողովրդի ճակատագրից, քանի որ ՀՅԴ-ն ոչ թե մի անհատ կամ անհատների խումբ է ստեղծել, այլ ժողովուրդը: ՀՅԴ-ն այսօր էլ ներկա է հայության մեջ եւ Հայաստանի քաղաքական դաշտում, ու դրանով էլ պայմանավորում է ապագայում իր լինելիությունը, եւ ոչ՝ քաղաքական վայրիվերումներով, քաղաքական դաշտի այս կամ այն հատվածում տվյալ պահին գտնվելով կամ էլ՝ որեւէ մակարդակի ընտրությունների արդյունքներով»: Այս վերջին վերապահման առնչությամբ հետաքրքրվեցինք՝ «Ի տարբերություն ՕԵԿ»-ի՞», եւ պրն Սեյրանյանը պատասխանեց. «Այդ թվում»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամն Արթուր Բաղդասարյանի վերոհիշյալ դիտարկման կապակցությամբ նաեւ ասաց. «Ընդհանրապես՝ որեւէ մեկն ուրիշի անցյալից կամ ներկայից խոսելու իրավունքի համար պետք է իր սեփական անցյալի ու ներկայի մասին ունենա հստակ գնահատական ու մեկնաբանություն: Ես հասկանում եմ, թե քանի որ ներկան ու անցյալը տեսանելի եւ հետեւաբար՝ նաեւ քննադատելի, քննարկելի ու գնահատելի երեւույթներ են, իսկ ապագան առավելապես ցանկությունների ոլորտից է, շատերը հակված են խոսել միայն ապագայից ու մրցակցել այն ավելի վառ ու գեղեցիկ գույներով ներկայացնելու, խոստումներ շռայլելու վարպետության մեջ: Սակայն ժողովուրդն այսօր այնքան է հասունացել, որ եթե նախկինում միայն պայծառ ապագայի խոստումներով էր հակված իր վերաբերմունքն արտահայտել, ապա այսօր ավելի շատ գնահատում է յուրաքանչյուրի թե՛ անցյալը, թե՛ ներկան: Ու դրանց հիման վրա է դիրքորոշում ցուցաբերում ապագայի մասին ծրագրեր ու մոտեցումներ ներկայացնող քաղաքական ուժերի նկատմամբ: Ես հասկանում եմ, որ Արթուր Բաղդասարյանն այնքան էլ հակված չէ խոսել իր կուսակցության անցյալի ու ներկայի մասին. գուցե եւ այնտեղ չկան շատ դիտարկելի կամ ներկայանալի դրվագներ: Բայց շատերը՝ եւ ոչ անհիմն, այդ կուսակցության անունն ու ճակատագիրը հակված են կապել Լեւոն Տեր-Պետրոսյանի, հետո՝ Սերժ Սարգսյանի, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի անունների, նաեւ ֆրանսիացիների, իսկ ներկայումս էլ՝ ամերիկացիների հետ: Դա տվյալ կուսակցության խնդիրն է: Բայց կրկնեմ. բնութագրում տալուց առաջ, թե արդյոք այս կամ այն կուսակցությունն անցյալո՞ւմ է, ներկայո՞ւմ, թե՞ ապագայում՝ լավ կլինի, յուրաքանչյուրը սեփական անցյալի եւ ներկայի հիման վրա փորձի կառուցել իր ապագան»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել