Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԻՆԻ ՎԱԼՈՒԵՎԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ»

Օգոստոս 25,2006 00:00

Երազում
է WBA-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուեւի անձնական
մարզիչ Մանվել Գաբրիելյանը: Ցանկացած մարզաձեւում մարզիկի ունեցած նվաճման
կամ ձախողման առնվազն հիսուն տոկոսը մարզչինն է: Որքան էլ մարզիկը բնությունից օժտված
ու տաղանդավոր լինի, ցանկալի արդյունքի կարող է հասնել միայն բարձրակարգ մարզչի ղեկավարությամբ
մարզվելու դեպքում: Այդպես է եղել նաեւ Նիկոլայ Վալուեւի պարագայում: Ճակատագիրը
նրան ու գյումրեցի մասնագետին հանդիպեցրեց 2000 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում: Ծաղկաձորում
անցկացված ուսումնամարզական հավաքի ավարտին «Առավոտի» մարզական մեկնաբանը հարցազրույց
ունեցավ Մանվել Գաբրիելյանի հետ: – Հայաստանում հիմա ձեզ ավելի շատ ճանաչում
են որպես Նիկոլայ Վալուեւի մարզչի: Համառոտակի ներկայացրեք ձեր մարզական կենսագրությունը:
– Մարզական կենսագրությունս կապված է բռնցքամարտի հետ ու սկսվում է 1970 թվականից,
երբ Լենինականում փոխադրվելով 8-րդ դասարան՝ մարզիչ Լեւոն Միքայելյանի մոտ սկսեցի
զբաղվել այդ մարզաձեւով: Կարճ ժամանակում բավականին հաջողություններ ունեցա. երկու
անգամ նվաճեցի Հայաստանի չեմպիոնի կոչումը, դարձա 10-րդ սպարտակիադայի հաղթող: Եղել
եմ նախկին ԽՍՀՄ մարզական ընկերությունների կենտրոնական խորհուրդների առաջնությունների,
միջազգային մրցումների մրցանակակիր: ԽՍՀՄ սպորտի վարպետ եմ: Գործող մարզիկ լինելով՝
ուժերս փորձում էի նաեւ մարզչական ասպարեզում: Ու պատկերացրեք՝ վատ չէր ստացվում:
Իմ սաներից շատերը դեռ պատանեկան տարիներից լուրջ հաջողությունների են հասել ինչպես
հանրապետական, այնպես էլ համամիութենական ու միջազգային մրցումներում, Եվրոպայի առաջնություններում:
Իսկ Արտյոմ Տեր-Հակոբյանը, Կարեն Ալեքսանյանը, Հովհաննես Ստեփանյանը, Սիրեկան Սարգսյանը
հետագայում ճանաչված անուններ դարձան ընդհանրապես սիրողական բռնցքամարտի աշխարհում:
– Ինչպե՞ս գտաք Նիկոլայ Վալուեւին, այն էլ՝ հեռավոր ՍանկտՊետերբուրգում: –
Երկրաշարժից հետո Մարիուպոլում երկու տարի մարզչություն անելուց հետո վերադառնալով
հարազատ Գյումրի՝ շարունակում էի իմ գործը: Բայց պայմաններն ահավոր էին ու արդյունք
չկար: Հաջողությունը, կարծես, երես էր թեքել ինձնից: Մի անգամ հեռուստացույցով տեսել
էի Վալուեւի մենամարտը: Նրա տվյալները պատկառազդու էին: Մտածեցի, որ պատրաստի աշխարհի
չեմպիոն է, բայց դեռ «խակ» է: Այ, եթե ինձ մոտ մարզվեր… 2000 թվականին իմ սաներից
Լեւոն Կիրակոսյանը, որ ապրում էր Սանկտ Պետերբուրգում ու անդամագրված էր ինչ-որ պրոֆեսիոնալ
ակումբի, ինձ առաջարկեց տեղափոխվել այնտեղ: Մերժեցի: Վեց ամիս հետո նա կրկին եկավ
Գյումրի ու ասաց, որ Նիկոլայն է ուղարկել: Հավանաբար, շատ էր պատմել իմ մասին: Այս
անգամ համաձայնեցի: Արդեն տեղեկացել էի, որ իր մարզչից գոհ չէ, եթե չասենք՝ հիասթափված
է, մարզվում է իմիջիայլոց ու մտածում է բռնցքամարտը թողնելու մասին: Մեր առաջին հանդիպումը
կայացավ հենց մարզադահլիճում: Ասացի, որ վաղվանից ամեն բան սկսելու ենք սկզբից: Համաձայնեց:
Ու այդ օրվանից նոր կյանք սկսվեց երկուսիս համար: – Փաստորեն, դուք սիրողական
բռնցքամարտի մարզիչ լինելով՝ միանգամից անցաք պրոֆեսիոնալ ոճ: Ինչպե՞ս կարողացաք:
Չէ՞ որ դրանք միմյանցից շատ են տարբերվում: – Սկզբում ինձ օգնեց ընդհանրապես
մարզչական փորձս: Մարզումներն անցկացնում էինք պլանավորված: Հիմնական շեշտը դնում
էի Նիկոլայի տեխնիկայի հղկման ու հարվածներին արագություն հաղորդելու վրա: Մի քանի
ամիս հետո Կոլյան իմ ղեկավարությամբ անցկացրեց իր հերթական, բայց ինձ համար առաջին
մենամարտը: Խոստովանում եմ, որ գլուխս մի տեսակ կորցրել էի: 12 ռաունդանոց մենամարտի
մարտավկա երբեք չէի եղել: Չգիտեի ի՞նչ հրահանգներ տալ: Լավ էր՝ հաղթեց: Դրանից հետո
ինքս սկսեցի ինձանով զբաղվել: – Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Գերմանիայում: –
Այնտեղ մենամարտ ունեինք անցկացնելու: Մեզ տեսավ հայտնի պրոումոթեր Վիլֆրեդ Զաուերլանդը
եւ հրավիրեց: – Հոկտեմբերի 7-ին Չիկագոյում Վալուեւը չեմպիոնական գոտին պահպանելու
համար պարտադիր մենամարտ պետք է անցկացնի ամերիկացի Մոնտե Բարրետի հետ: Ինչպե՞ս կավարտվի
այն: – Հեշտ մենամարտ չի լինի: Բայց վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու:
– Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք: – Միավորել բոլոր վարկածների չեմպիոնական
գոտիները եւ դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն: Երազում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում
Վալուեւի դարաշրջան սկսվի: Ժամանակին լեգենդար Մոհամեդ Ալին դա արել է: Հիմա Վալուեւի
ժամանակն է: – Մյուս չեմպիոնները կհամաձայնե՞ն գոտիների միավորման մարտերին:
– Դա պրոումոթերների աշխատանքից է կախված: – Գերծանր քաշային կարգում
բոլոր վարկածների չեմպիոնները նախկին ԽՍՀՄ հանրապետություններից են: Ումի՞ց կցանկանայիք
սկսել: – Օլեգ Մասկաեւից: – Վալուեւը հայերեն խոսո՞ւմ է: –
Որոշ բաներ հասկանում է: Բառացիորեն վերջերս նրան ասել եմ, որ այսուհետեւ մարզումների
ժամանակ պարտադիր հայերեն էլ պետք է սովորի, որովհետեւ ապագա միավորող մարտերում
մրցակիցները ռուսերեն հասկանում են: Հետեւաբար, ռինգի կողքից իմ հրահանգները պետք
է հայերեն լինեն: – Օրերս ձեր սանի ծննդյան օրն էր: Ի՞նչ նվիրեցիք: –
Հայկական կոնյակ եւ բաժակներ: Այն կբացենք WBA-ի գոտին պահպանելուց հետո: –
Հայկական բռնցքամարտի ներկայիս մակարդակի մասին ի՞նչ կարծիք ունեք: – Բավականին
հեռացել եմ ընդհանրապես սիրողական բռնցքամարտից: Բայց որքան հնարավոր է՝ հետաքրքրվում
եմ հայկական բռնցքամարտով: Ուրախանում եմ, որ շնորհիվ երկրի մարզական ղեկավարության
հոգատարության՝ մարզադահլիճներ են նորոգվում: Պայմանները վճռորոշ նշանակություն ունեն:
Որքան տեղյակ եմ՝ վերջին շրջանում մեր բռնցքամարտիկները միջազգային ռինգերում զգալի
առաջխաղացում ունեն: Եթե հավաքականի մարզիչը Ռաֆայել Մեհրաբյանն է, հաջողություններ
անպայման կլինեն: Ես դրան հավատում եմ եւ շատ եմ ուզում: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել