Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնացել էր որդու գլուխն ուղարկել Գյումրի

Նոյեմբեր 16,2006 00:00

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ Արարատ Արտավազդի Մուրադյանի նկատմամբ սեպտեմբերի 12-ին հարուցվել է քրգործ՝ «մարդկանց առեւտուր» հոդվածի հատկանիշներով: Նոյեմբերի 10-ից նա կալանավորված է:

Ըստ նախաքննությունն իրականացրած Գլխավոր դատախազության քննչական վարչության, Արարատ Մուրադյանը 2004 թվականի ապրիլին, խարդախությամբ, տասնութ տարին չլրացած Էդգար Կարապետյանին, նրա հորը՝ Ռոբերտ Կարապետյանին եւ Աշոտ Գրիգորյանին հավաքագրել, Թաթարստանի Ալմետեւսկ քաղաք է փոխադրել եւ հարկադիր աշխատանքի մեջ ներգրավելու միջոցով՝ ավելի քան մեկ տարի աշխատանքային շահագործման է ենթարկել:

Ա. Մուրադյանը «հիմնական զբաղմունք չունենալով»՝ զբաղվում էր արտագնա աշխատանք «կազմակերպելով»: Նյութական ծանր վիճակում հայտնված բանվորներից նա շինարարական բրիգադ էր կազմում՝ խոստանալով բարձր աշխատավարձ: 2003 թվականի դեկտեմբերին նա եկել էր հայրենի գյուղ եւ փնտրել սոցիալապես անապահով մարդկանց: Իր մորաքրոջ որդու՝ Ռոբերտ Կարապետյանի մասին տեղեկանալով, որ նա վարպետ է, սակայն աշխատանք չունի եւ նյութական ծանր վիճակում է, առաջարկել է մեկնել Թաթարստանի Ալմետեւսկ քաղաք եւ ընկերոջ՝ Մանվել Մուրադյանի բրիգադում, որպես վարպետ, յուրաքանչյուր ամիս շուրջ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի աշխատավարձով շինարարական աշխատանքներ կատարել: Ըստ գործի նյութերի, «առաջարկությունից գայթակղված»՝ Ռոբերտ Կարապետյանը համաձայնել է եւ խնդրել աշխատանք գտնել նաեւ անչափահաս որդու՝ Էդգար Կարապետյանի համար: Ա. Մուրադյանը խոստացել է նրան, որպես բանվոր, ամսական վճարել շուրջ 300 ԱՄՆ դոլարին համարժեք 11 հազար ռուսական ռուբլի: Մուրադյանը խնդրել է գտնել նաեւ այլ մարդկանց, ովքեր կհամաձայնեն նույն պայմաններով եւ նույն բրիգադում արտագնա աշխատանք կատարել: Մուրադյանը Աշոտ Գրիգորյանին ծանոթացրել է բանվոր աշխատելու համար ամիսը շուրջ 300 ԱՄՆ դոլար կամ 11 հազար ռուսական ռուբլի վճարելու պայմաններին: Վերջինս նույնպես համաձայն է եղել: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, «Պարտքով կամ գրավադրված ոսկեղենի դիմաց ստացած գումարներով՝ 2004 թվականի ապրիլի 25-ին, թվարկված անձանց Արարատ Մուրադյանը փոխադրել է Թաթարստանի Ալմետեւսկ քաղաք»:

«Խոպանչիները» տեղավորվել են Մուրադյանի վարձակալած սեփական տան սենյակներից մեկում, «ժամանակավորապես հաշվառելու պատրվակով» Մուրադյանը նրանցից վերցրել է անձնագրերը: Աշխատողները, ըստ էության, զրկվել էին ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, տարբեր պատճառաբանություններով թույլ չի տվել հեռախոսակապ հաստատել հարազատների հետ եւ «օր ու գիշեր ցամաք հացով կամ մակարոնեղենով նրանց ներգրավել է հարկադիր շինարարական աշխատանքների մեջ, հավաստիացնելով՝ իբր յուրաքանչյուր ամիս նրանց աշխատավարձն ուղարկում է իրենց ընտանիքներին»: Ավելի ուշ պարզվել է, որ Արարատ Մուրադյանը հայր եւ որդի Էդգար ու Ռոբերտ Կարապետյանների, Աշոտ Գրիգորյանի աշխատավարձերը չի ուղարկել:

Երբ պարզվել է ողջ ճշմարտությունը, եւ խաբվածները ըմբոստացել են, Արարատ Մուրադյանը Էդգար Կարապետյանին ու Աշոտ Գրիգորյանին ծեծի է ենթարկել, իսկ Ռոբերտ Կարապետյանին սպառնացել սպանել կամ որդու գլուխն ուղարկել Գյումրի:

Թրաֆիքինգի գործը բացահայտվել է շահագործվողների հարազատների դիմումով եւ Հայաստանի ու Ղազախստանի իրավապահների ջանքերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել