Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ցուցադրվող «գեղեցկություն»

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"Երեկ LOGOS EXPO կենտրոնը կազմակերպել էր «EXPO BEAUTY 2006» երրորդ միջազգային ցուցահանդեսը: \"\"

Միջոցառմանը մասնակցում էին 34 ընկերություն՝ տեղական կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, արտասահմանյան ապրանքների դիստրիբյուտորներ, նաեւ ՌԴ-ից միակ՝ «Cetus plus» կազմակերպությունը: LOGOS EXPO-ի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանի կարծիքով, այսօր ՀՀ-ում տնտեսությունը աճ է ապրում եւ դրա հետ համահունչ զարգանում է գեղեցկությունն ապահովող ոլորտը: «Այս ցուցահանդեսի նպատակն է այցելուներին ծանոթացնել ոլորտի վերջին նվաճումներին: Ցուցադրության մասնակիցները սկսել են ավելի լուրջ մոտենալ ստենդների ձեւավորմանը, ճիշտ ներկայացնել առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները»,- փաստեց նա: Չնայած գործադիր տնօրենի այս դիտարկմանը, հաճախ էինք ցուցահանդեսի ներկայացուցիչներից լսում՝ «լավ, էլի, ինձանից մի հարցրեք», «ես չգիտեմ», «հիմա մենեջերը կգա, երեւի ինքը ձեզ հարցազրույց կտա» արտահայտությունները: Ցուցադրությանը զուգահեռ, անցկացվում էր նաեւ «Միսս ժպիտ» լուսանկարների մրցույթը, որի ընթացքում այցելուներն ու մասնակիցները կարող էին լուսանկարվել Prophoto ֆիրմայի լուսանկարիչ Հովիկ Մալյանցի մոտ: Վերջինս նշեց, որ «Միսս ժպիտ» նոմինացիան հատուկ են ընտրել. «Քանի որ ձմեռ է, ցուրտ, մարդիկ էլ մի տեսակ կծկված ու տխուր են, ժպիտի կարիք շատ ունենք»:

\"\"Երեկվա ցուցահանդեսին ներկայացված էին ոչ միայն, այսպես կոչված, գեղեցկությունն ապահովող ծառայություններ, այլեւ հիգիենիկ պարագաների, հուշանվերների, թանկարժեք մետաղներից, փայտից պատրաստված զարդերի հարուստ տեսականի: Միջոցառմանը հրավիրված էին «Միսս Հայաստան» գրասենյակի նախագահ Կարեն Արիստակեսյանը, Հայաստանի այս տարվա գեղեցկուհի Մարինա Վարդանյանն ու փոխգեղեցկուհի Ռիտա Ծատրյանը: Աղջիկները նշեցին, որ թեեւ գեղեցկությունը բնատուր է լինում, սակայն այն ընդգծելու համար հարկ է հոգ տանել ողջ մարմնի մասին:

Դեկորատիվ կոսմետիկա ներկայացնողներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ հայ տղամարդիկ նախընտրում են չշպարված աղջիկներին, այն դեպքում, երբ կոսմետիկայի վաճառքն օր օրի մեծ ծավալներ է ընդունում: «Դեկորատիվ կոսմետիկայի պարագաներով կինը ոչ թե նկարվում է, այլ ընդգծում սեփական գեղեցկությունը: Մեր աղջիկները հաճախ խառնում են գունային գամմաները, էլ չեմ ասում, որ երեկոյան շպարով կարող են գնալ դպրոց, համալսարան, աշխատանքի»,- նշեցին «Մերի Քեյ» ֆիրմայի ներկայացուցիչներ Քրիստինա Թորոսյանն ու Ելենա Սեխլեյանը: «Առավոտի» հարցին, թե գեղեցկության նմանատիպ ցուցադրություններում ինչո՞ւ են հիմնականում կանանց համար ապրանքներ գովազդվում, Կարեն Արիստակեսյանը պատասխանեց. «Իրավիճակն այսպիսին է միայն Հայաստանում, մինչդեռ թե կինը, թե տղամարդը պետք է հետեւեն հիգիենայի կանոններին, գիտակցելով, որ գեղեցկությունն ու առողջությունը փոխկապակցված են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել