Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի ճամփան մահաբեր է

Դեկտեմբեր 01,2006 00:00

\"\"Սեբաստիայի փողոցում պետավտոտեսուչների գործը դպրոցականներն են անում

Օրերս թիվ 92 դպրոցի երկու ուսուցչուհի Սեբաստիա փողոցում ավտովթարի են ենթարկվել եւ տեղում մահացել են: Մայրաքաղաքի այս եւ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի աշակերտներն ու աշխատակազմը դպրոց հասնելու համար ամեն օր վտանգում են իրենց կյանքը: Երկու դպրոցն էլ գտնվում է Սեբաստիա փողոցի սկզբնամասում՝ անմիջապես փողոցի եզրին: Այդ փողոցը ավտոմեքենաներով խիստ ծանրաբեռնված է: Բացի մայրաքաղաքի մեքենաներից, Սեբաստիայով երթեւեկում են Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզեր գնացող ավտոմեքենաները: Փողոցի այդ հատվածում տեղադրված լուսացույցն էլ արդեն քանի տարի է՝ չի աշխատում: Չնայած փողոցի ծանրաբեռնված լինելուն, պետավտոտեսչությունը գոնե դպրոցի հատվածում երեխաների անվտանգությունն ապահովելու համար հերթապահություն չի սահմանում, ինչը շատ հաճախ դժբախտ պատահարների առիթ է դառնում: «Առավոտի» հետ զրույցում թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ մի քանի օր առաջ էլ իրենց դպրոցի մի երեխա է մահից փրկվել. «Վարորդը նկատելով, որ երեխաներ են փողոցն անցնում, անտարբեր շարունակում էր մեքենան վարել»: Տնօրենի խոսքերով, տարեցտարի մեքենաների թիվն ավելանում է, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկվում աշակերտներին նման դժբախտ դեպքերից զերծ պահելու համար. «Բազմիցս դիմել եմ պետավտոտեսչության քաղաքային վարչության պետին՝ Մարգար Օհանյանին ու խնդրել, որ գոնե դպրոցի հատվածը առավոտյան ժամերին վերահսկվի, սակայն վերջինս մերժել է՝ ասելով, որ ավել պետավտոտեսուչ չունեք, մեծ մասը կրճատված է»: Տիկին Պետրոսյանի խոսքերով, առավոտյան եւ դասերի ավարտին ստիպված դպրոցի բարձր դասարանի աշակերտներն ու փոխտնօրենները հերթապահում են. «Ամեն օր երեխաներն ու ուսուցիչները ձեռք ձեռքի բռնած փողոցը փակում են, որպեսզի ցածր դասարանի երեխաները անվտանգ անցնեն: Բոլորս պետավտոտեսուչ ենք դարձել»: Դպրոցի տնօրենը վրդովված էր, որ նույն փողոցում, ընդամենը 500 մետր հեռավորության վրա, պետավտոտեսուչներ են կանգնում. «Բոլորս էլ գիտենք, թե նրանք ինչով են զբաղված, եւ երեխաների ճակատագիրը նրանց բացարձակ չի հետաքրքրում: Իսկ օրական շուրջ 1500 աշակերտների մեծ մասը դպրոց հասնելու համար ստիպված է փողոցն անցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել