Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պետությունը պետք է պատրաստվի բարգավաճման, իսկ հայ ազգը՝ հարատևության։ Մեր պարտքն է օգնել, որ երկուսն էլ կյանքի կոչվեն. Գուրգեն Սարգսյան

Նոյեմբեր 19,2026 13:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանը պետք է բարգավաճի․ հայ ազգը պետք է հարատևի

Ինչու են Հայաստանի ապագան և հայ ազգի շարունակականությունը պահանջում տարբեր, սակայն փոխլրացնող հանձնառություններ:

Յուրաքանչյուր սերունդ ժառանգում է նախորդների ստեղծածը։ Սակայն դրա հետ մեկտեղ ժառանգում է նաև պատասխանատվություն՝ որոշելու, թե ինչը պետք է պահպանել ու շարունակել, և ինչը՝ կառուցել գալիք սերունդների համար։

Այսօրվա հայության համար այդ պատասխանատվությունն ունի երկու սերտորեն փոխկապակցված հարթություն

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն, պետք է ապահովի իր անկախությունը, ամրապնդի իր ինստիտուտները, զարգացնի տնտեսությունը և կայուն հարաբերություններ հաստատի հարևան երկրների հետ։ Սրանք պետականության կայացման հիմնարար պահանջներն են։ Միևնույն ժամանակ, հայ ազգը տարածվում է Հանրապետության սահմաններից շատ ավելի անդին։ Նրա շարունակականությունը կախված է նրանից, թե արդյոք աշխարհասփյուռ հայությունը սերնդափոխությանը զուգընթաց կկարողանա պահպանել կենդանի կապն իր ընդհանուր պատմության, մշակույթի և ինքնության հետ։

Այս երկու պատասխանատվությունները մեկ հիմնարար գաղափարի են հանգեցնում.

Հայոց պետությունը պետք է պատրաստ լինի ապագայում հարատևելու և զարգանալու, իսկ հայ ազգը՝ պահպանելու իր ազգային դիմագիծը։

Այս նպատակներից ոչ մեկը կանխորոշված չէ։

Երկու պատասխանատվություն՝ մեկ հայկական ապագա

Անկախ պետության կարգավիճակն ինքնին թելադրում է, որ Հայաստանն իր որոշումները կայացնի՝ հաշվի առնելով առկա իրողությունները։ Անվտանգության ապահովումը, տնտեսական զարգացումն ու արտաքին կապերի ամրապնդումը պահանջում են իրատեսական մոտեցում և տարածաշրջանային ու համաշխարհային գործընթացների սթափ գնահատական։ Սրանք օրինաչափ և անհետաձգելի խնդիրներ են։

Սակայն ազգի հարատևությունը չի սահմանափակվում միայն պետության գոյությամբ։

Հայերն ապրում են աշխարհի տարբեր ծայրերում՝ այնպիսի հասարակություններում, որտեղ կարողացել են կայանալ, ընտանիք կազմել և իրենց նպաստը բերել տվյալ երկրների զարգացմանը։ Նրանք խոսում են տարբեր լեզուներով և յուրովի են ապրում ու ընկալում իրենց հայկական ինքնությունը։ Այդուհանդերձ, նրանց միավորում է ընդհանուր պատմական ու մշակութային ժառանգությունը։

Մեր նախնիները՝ հատկապես նրանք, ովքեր Ցեղասպանությունից հետո վերակառուցեցին հայկական համայնքային կյանքը, աներևակայելի ջանքեր գործադրեցին՝ այդ ժառանգությունը մեզ փոխանցելու համար։ Նրանք հիմնեցին դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային միություններ, պարբերականներ ու համայնքային կառույցներ։ Եվ այդ ամենն արեցին՝ օտար երկրներում նոր կյանքը կառուցելուն զուգընթաց՝ դիմակայելով ձուլվելու և ուծացման մարտահրավերներին:

Մենք նրանց վճռականության պտուղները քաղողներն ենք։

Սակայն չպետք է ենթադրենք, թե այն ամենը, ինչ նրանց հաջողվեց պահպանել, ինքնաբերաբար շարունակվելու է։ Այն հասարակություններին ինտեգրվելը, որտեղ ապրում են հայերը, բնական և ցանկալի գործընթաց է․ այն ստեղծում է նոր հնարավորություններ և ապահովում մասնակցություն ավելի լայն աշխարհին։ Մարտահրավերն այն է, որ այդ ինտեգրումն աստիճանաբար չթուլացնի պատմական գիտակցությունն ու մշակութային կապերը, որոնք իմաստավորում են հայկական ինքնությունը։

Չպետք է նաև կարծել, թե միայն անկախ Հայաստանի գոյությունը երաշխավորում է հայկական ինքնության պահպանումն ամբողջ աշխարհում։ Ինքնիշխան պետությունը հայ ժողովրդի հիմնական հենարանն է, սակայն աշխարհասփյուռ ազգի մտավոր ու մշակութային կյանքը պահանջում է նաև պետական սահմաններից դուրս գործող կառույցներ ու հանձնառություններ։

Ուստի Հայաստանի ապագան և հայ ազգի ապագան միմյանց դեմ մրցակցող նպատակներ չեն, այլ փոխլրացնող պատասխանատվություններ։

Ինչու է գիտելիքը կարևոր

Մենք ապրում ենք տեխնոլոգիական բուռն փոփոխությունների դարաշրջանում։ Տեղեկատվությունը գնալով ավելի հասանելի է դառնում, արհեստական բանականությունը վերափոխում է մարդկանց սովորելու և հաղորդակցվելու ձևերը, իսկ երիտասարդ սերունդը մեծանում է մի աշխարհում, որն արմատապես տարբերվում է իրենց ծնողների ու պապերի ապրած միջավայրից։

Սակայն տեղեկատվության հասանելիությունը դեռևս գիտելիք չէ։

Գիտելիքը պահանջում է հետազոտություն, փաստարկներ, համատեքստ և քննադատական մտածողություն։ Այն ենթադրում է հավաստի իրականությունը ապատեղեկատվությունից ու պարզունակ մեկնաբանություններից տարբերելու կարողություն։ Հասարակությանն այս հատկանիշներն անհրաժեշտ են ճիշտ որոշումներ կայացնելու, իսկ ազգին՝ սեփական փորձառությունն իմաստավորելու և այդ ըմբռնումը գալիք սերունդներին փոխանցելու համար։

Երիտասարդ հայերից չի կարելի պահանջել, որ պարզապես ժառանգեն ինքնությունը՝ առանց այն խորապես ըմբռնելու։ Նրանք արժանի են հնարավորություն ունենալու բացահայտելու իրենց ինքնության ակունքները, պատմական փոխակերպումները, ձեռքբերումները, մարտահրավերներն ու կապն արտաքին աշխարհի հետ։

Իսկ դա պահանջում է լուրջ գիտական հետազոտություններ և անկախ կառույցներ, որոնք ունակ են քննելու փաստերը, առաջադրելու բարդ հարցեր և խթանելու բովանդակալից ու փաստարկված քննարկումներ։

Զորյան ինստիտուտը՝ հայ ժողովրդի մտավոր հենարան

Ավելի քան չորս տասնամյակ Զորյան ինստիտուտն իր գործունեությունը նվիրել է հայոց պատմության ու արդի փորձառության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և մարդու իրավունքների ուսումնասիրությանը, փաստագրմանը, գիտական հետազոտություններին ու կրթությանը։

Ինստիտուտը հայկական իրողությունը քննել է համեմատական և համաշխարհային համատեքստում՝ զուգահեռներ անցկացնելով այլ ժողովուրդների փորձառության հետ և բացահայտելով դրա համամարդկային բնույթը։ Առանձնահատուկ նշանակալի ձեռքբերում էր 1991 թվականին «Սփյուռք․ անդրազգային ուսումնասիրությունների հանդես» (Diaspora: A Journal of Transnational Studies) պարբերականի հիմնադրումը։ Զորյան ինստիտուտի կողմից հիմնադրված այս հանդեսը մեծապես նպաստել է սփյուռքագիտության՝ որպես միջազգային գիտակարգի ձևավորմանը։ Դրա էջերում հրապարակվող հետազոտություններն ուսումնասիրում են, թե ինչպես են տարբեր երկրներում սփռված համայնքները պահպանում փոխադարձ կապերը, վերաիմաստավորում իրենց ինքնությունը, հարմարվում նոր պայմաններին և պահպանում հավաքական պատկանելության զգացումը։

Սա միայն հայերին հետաքրքրող գիտական թեմա չէ․ սա հարց է, որն արդեն կարևոր ողջ աշխարհին։

Զորյան ինստիտուտի գործունեությունը ներառում է նաև հրատարակություններ, բանավոր պատմության ու փաստագրման նախաձեռնություններ, կրթական ծրագրեր, գիտաժողովներ և միջազգային ակադեմիական կապեր։ Ինստիտուտի ներկայությունը Հայաստանում և համագործակցությունը հայաստանյան գիտական հաստատությունների հետ վկայում են հայրենի գիտական միտքն աշխարհասփյուռ հայության հետ կապելու նրա հանձնառության մասին։

Զորյան ինստիտուտը կոչված չէ թելադրելու քաղաքական ուղեգիծ կամ առաջ մղելու որևէ կոնկրետ քաղաքական դիրքորոշում։ Նրա արժեքն անկախ գիտական հետազոտություններին հավատարիմ մնալու մեջ է։ Այն հարթակ է, որտեղ հայոց պատմությունն ու արդի փորձառությունը կարող են քննվել քննադատաբար և ավելի լայն միջազգային համատեքստում։

Այս անկախությունը չափազանց կարևոր է։ Կառավարությունները պարտավոր են արձագանքել օրվա քաղաքական ու տնտեսական իրողություններին, մինչդեռ գիտական հաստատությունները պետք է հնարավորություն ունենան քննելու ավելի երկարաժամկետ պատմական գործընթացներ, պահպանելու գիտելիքը և բարձրացնելու հարցեր, որոնք դուրս են այսօրվա քաղաքական օրակարգի շրջանակներից։

Հայաստանին անհրաժեշտ են հզոր համալսարաններ, նորարարական կրթական հաստատություններ և հաջողության հասնելու հմտություններով զինված երիտասարդներ։ Այդ ապագայի կերտման գործում մեծ ներդրում ունեն այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Հայաստանի ամերիկյան համալսարանն ու «Թումոն»։ Զորյան ինստիտուտը ծառայում է դրան փոխլրացնող նպատակի՝ օգնելով զարգացնել այն պատմական գիտելիքն ու մտավոր ընկալումը, որոնց միջոցով հայությունը կարող է իմաստավորել իր հավաքական փորձառությունն ու իր տեղն աշխարհում։

Ի՞նչ ենք թողնելու գալիք սերնդին

Սա ամենևին էլ հայկական ինքնությունն անփոփոխ պահպանելու կոչ չէ։ Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր ստացած ժառանգությունը վերաիմաստավորել սեփական ժամանակի պայմաններին համապատասխան։ Հայկական ինքնությունը, ինչպես և ցանկացած կենդանի մշակույթ, շարունակելու է զարգանալ ու փոխակերպվել։

Հարցն այն է, թե արդյոք գալիք սերունդները կունենա՞ն այն գիտելիքը, կառույցներն ու մտավոր հենարանները, որոնք կօգնեն այդ փոխակերպումը դարձնել գիտակցված ու բովանդակալից։

Նախորդ սերունդները ստանձնեցին իրենց ժառանգությունը մեզ փոխանցելու պատասխանատվությունը։ Նրանք կառուցեցին հաստատություններ, պահպանեցին համայնքներ, կրթեցին իրենց զավակներին և պայմաններ ստեղծեցին հայկական կյանքի շարունակականության համար։

Այժմ մեր պատասխանատվության հերթն է։

Մենք պետք է նպաստենք Հայաստանի՝ որպես անվտանգ և բարգավաճ ինքնիշխան պետության զարգացմանը։ Միևնույն ժամանակ, պետք է գիտակցենք, որ ողջ աշխարհում հայ ազգի հարատևությունը պահանջում է շարունակական ներդրումներ հետազոտությունների, կրթության, գիտության և այնպիսի կառույցների մեջ, որոնք ունակ են ծառայելու նաև գալիք սերունդներին։

Եթե Զորյան ինստիտուտն ունենա անձեռնմխելի հիմնադրամ, այս աշխատանքն ավելի ամուր ու հուսալի հենք կստանա՝ շարունակելու իր առաքելությունը և ծառայելու գիտնականների, ուսանողների ու աշխարհասփյուռ հայության գալիք սերունդներին:

Սա ներդրում է ոչ թե պարզապես մեկ կառույցի, այլ հայ ժողովրդի մտավոր ներուժի և հարատևության մեջ։

Մեր նախնիներն ամեն ինչ արեցին, որպեսզի հայկական ինքնությունն ու ժառանգությունը հասնեն մեզ։ Այժմ մեր հերթն է պատասխան տալու գլխավոր հարցին՝ արդյոք պատրա՞ստ ենք այդ ժառանգությունը փոխանցել հաջորդներին ոչ թե սոսկ որպես հիշողություն, այլ որպես գիտելիք, խորը գիտակցում և կենդանի ավանդույթ։

Հայկական պետությունը պետք է պատրաստվի բարգավաճման, իսկ հայ ազգը՝ հարատևության։ Մեր պարտքն է օգնել, որ երկուսն էլ կյանքի կոչվեն։

Պետությունը պետք է կարողանա դիմակայել ապագայի մարտահրավերներին ու շենանալ, իսկ ազգը՝ պահպանել իր ինքնությունն ու ամբողջականությունը։ Զորյան ինստիտուտը ծառայում է հայկական ապագայի այս երկու ուղղություններին էլ՝ խարսխվելով գիտելիքի, լուրջ հետազոտությունների և անկախ մտավոր որոնումների վրա։

Գուրգեն Սարգսյան

Զորյան ինստիտուտի համահիմնադիր և նախագահ

Սույն հոդվածը չի արտացոլում Զորյան ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումը, այն ամբողջությամբ ներկայացնում է Գուրգեն Սարգսյանի անձնական կարծիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30