Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին տեղում՝ դատարաններն ու դատախազությունը

Դեկտեմբեր 01,2006 00:00

«Առավոտի» նամակագիրները ցախավելի փոխարեն օրենք են ուզում

«Առավոտի» իրավական բաժինը նոյեմբերին ստացել է 47 նամակ, որից 25-ը մարզերից է, 16-ը՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից («Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», «Գորիս»), 6-ը՝ Երեւանից: Նամակագիրներից 30-ը թոշակառու է, 16-ը՝ դատապարտյալ՝ 27-48 տարեկան, 1-ը՝ մասնավոր բուհի ուսանող:

Նամակագիրներից 40-ի խնդիրն առնչվում է դատարանների, դատախազության, նոտարական գրասենյակների, պաշտպանության նախարարության, մեկուսարանների, սոցապնախարարության հետ:

Արմինե Սարգսյանն ավարտել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի իրավագիտական ֆակուլտետը: Նրան որեւէ տեղ աշխատանքի չեն ընդունում, ասելով, թե կա ներքին հրահանգ՝ մասնավոր բուհերի ուսանողներին նախապատվություն չտալու մասին: Ուսանողուհին գտնում է, որ «ցախավելների հեղափոխությունը իզուր է եւ պետք է փոխվի աշխատանք տվողների մտածողությունը»:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մյասնիկ Հակոբյանը («Պրեզիդենտ» մականունով) մի նամակ է ուղարկել մեզ, որն ուղղված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակված Ռիչարդ Հոգլանդին: Վերջինիս մոտ «հոգին բացելով», կալանավորը նշում է, որ «ՀՀ-ում ժողովրդավարացման կայացմանը խոչընդոտել է Ջոն Էվանսը» (նախորդ դեսպանը): Նամակագիրն իրեն նույնացնելով Խ. Աբովյանի հետ, գրում է. «Օրհնվի էն սհաթը, որ Հոգլանդի օրհնված ոտը Հայաստան եկավ»: Հակոբյանը անդրադառնում է 2006-ի մայիսին իր անունով գրանցված «Ազգային բյուջե» հիմնադրամին, դրա ֆինանսական գործունեությանը: Նրա տեղեկացմամբ, հարկայինի ստուգումներից հետո կազմվում է 5.230.000 դրամի ակտ: Հակոբյանը հայտնվում է կալանավայրում, թեեւ, իր ասելով, «կատարվածը սարքված է, քանի որ իրավապահներն ունեին բոլոր ուժերի համաձայնությունը»: Թե որ ուժերի՝ նամակագիրը չի նշում:

«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, ՌԴ քաղաքացի, ժամկետային զինծառայող Ալեքսանդր Սերովը, որի գործի մասին «Առավոտը» գրել էր նոյեմբերի 4-ի համարում, տեղեկացնում է, որ իրեն մի անգամ այցելած ՌԴ հյուպատոսն ու դեսպանատան իրավաբանը խոստացել էին. «Եթե նույնիսկ դատապարտեն քեզ, ապա 2-3 ամիս հետո կարդարացնեն: Անցել է 2 տարի, նրանք (հյուպատոսն ու իրավաբանը- Ռ. Մ.) լռում են: Ես շուրջ 1000 դիմում եմ նրանց գրել, իսկ նրանք լռում են»: Սերովը, որը 9,5 տարով ազատազրկվել է «Ինտերնետ» ակումբի ավազակային հարձակմանը մասնակցելու համար, տեղեկացնում է, որ դատախազությունը հետախուզում է հայտարարել «Վարդան անունով գլխավոր հանցագործներից մեկի» նկատմամբ, սակայն նրա ֆոտոռոբոտը չի կազմել. «Ինձ մոտ հարց է ծագում. այդ դեպքում ինչպե՞ս են փնտրում նրան»:

Դատապարտյալների 20 ծնողներ, անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետի՝ Վահան Մարգարյանի նշանակմանը, գրում են, որ այստեղ ամեն ինչ փող է. «Նույնիսկ օդը այստեղ փողով է»: Նրանք խնդրում են մեզ ներկա գտնվել դատապարտյալների հանձնուքների «նվաստացուցիչ» հերթերին, որի ժամանակ «տակնուվրա է լինում ամեն ինչ»:

«Արդարության կողոպուտ». այսպես էր վերնագրել իր նամակը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ Արմեն Աբրահամյանը: 2005թ. սեպտեմբերի 30-ին Խնձորեսկի միջնակարգ դպրոցում, աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ, նրա որդուն՝ Գեւորգ Աբրահամյանին դաժան ծեծի են ենթարկել դպրոցահասակ «մրցակիցները»: Երեխան կորցրել է տեսողությունը, ոտքը չի ծալվում, վնասված են երիկամները, սակայն «դատախազության եւ առողջապահության մարմինների անբարեխիղճ աշխատակիցները հօգուտ հանցագործների կեղծեցին նախաքննությունը՝ ի շահ իրենց բարեկեցության»: Աբրահամյանը գրում է, որ դատախազությունը քրեական գործ չհարուցեց, իսկ երբ ինքը դատախազությանը դատի տվեց, 3 ամիս շարունակ դատարան չէին գալիս: «Այս անգամ էլ անտեսվեց իրականությունը»,- գրում է նա եւ թերթի միջոցով պահանջում է. «ստեղծեք հանձնաժողով՝ այս ցավալի պատմությունը բացահայտելու համար»:

72-ամյա Հակոբ Սիմոնյանը սրտի կաթված է ստացել, երբ լսել է, որ գազի գինը իջեցրել են 6 դրամով: «Հումանիզմի դրսեւորումը» թոշակառուին չի ուրախացրել, քանի որ, ըստ նրա, «այս երկրում 6 դրամով հարց չի լուծվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031