Լրահոս
Օրվա լրահոսը

Մի «քսիֆի» պատմություն

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"Պարույր Հայրիկյանը նախահարձա՞կ է լինում

Վերջին շրջանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անկախ նրանից, թե որ թեմային է վերաբերվում նրա ելույթը կամ քննարկումը, անպայման «շեղվում է» ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թեմայի վրա: Ասվում է, որ վարչապետն ուղղորդում է կուսակցության հետապնդումը, զրկում է կուսակցությունը գրասենյակային տարածքներից ու գույքից: Պ. Հայրիկյանը ՀՀ վարչապետին մեղադրում է նաեւ նախկինում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ համագործակցելու մեջ։

Նախօրոք ասեմ, որ ես այս իշխանությունների, Հանրապետական կուսակցության եւ առավել եւս նրա նախագահի երկրպագուն չեմ: Իշխանության ներկայիս գործունեությունը խիստ դատապարտելի է՝ ավելի խիստ, քան դա անում է պարոն Հայրիկյանը: Թե ի՞նչ է անում հիմա վարչապետ Մարգարյանը եւ հետապնդո՞ւմ է նա արդյոք ԱԻՄ-ը՝ ես չեմ կարող ասել: Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է, չնայած չեմ պատկերացնում, թե ինչով է վտանգավոր կամ հետաքրքիր Պարույր Հայրիկյանը ներկայիս իշխանավորների համար:

Բայց ինչ է տեղի ունեցել շուրջ 32 տարի առաջ, ես գիտեմ՝ թե իմ լսածներով եւ թե 90 թվականին մատչելի դարձած ՊԱԿ-ի արխիվներից: Ես ուզում եմ իմ իմացածը պատմել, եւ եթե իրականությունը սխալ եմ ներկայացնում, թող պարոնայք Մարգարյանն ու Հայրիկյանը ինձ ուղղեն: 1974 թ. աշնանը, երբ Պ. Հայրիկյանը ձերբակալված էր եւ պահվել էր ՊԱԿ-ի մեկուսարանում, նա որոշել էր մեկուսարանից՝ իր վստահված հսկիչներից մեկի միջոցով Ա. Մարգարյանին փոխանցել Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) ծրագրային դրույթները, կանոնադրությունը եւ այլ կարեւոր փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերով փաթեթավորված ծրարը Պ. Հայրիկյանը խնդրել է Ա. Մարգարյանի միջոցով փոխանցել ոմն Մուշեղի, որը պետք է պայմանական նշանով մոտենար Ա. Մարգարյանին։ ՊԱԿ-ի հսկիչը վտանգելով իրեն՝ վերցրել է Պ. Հայրիկյանից այդ ծրարը, գտել է Ա. Մարգարյանին, կապվել է նրա հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպելու Ա. Մարգարյանին՝ ծրարը նրան փոխանցելու համար։ Վստահ լինելով, որ չի վտանգում ոչ Պ. Հայրիկյանին եւ ոչ էլ Ա. Մարգարյանին՝ հսկիչը պայմանավորված վայրում Ա. Մարգարյանին է փոխանցել փակ ծրարը, որն ինքը Պ. Հայրիկյանից մեկուսարանում ստացել է հացի մեջ դրված։ Ա. Մարգարյանը բացել է ծրարը եւ համոզվելով, որ դա իսկապես Պ. Հայրիկյանից ստացված ծրարն է, վերցրել է այն եւ փորձել հեռանալ։ Նրանց բաժանվելուց հինգ րոպե անց ՊԱԿ-ի աշխատակիցները ձերբակալել են եւ հսկիչին, եւ Ա. Մարգարյանին (հավանաբար, երկուսն էլ նախօրոք արդեն եղել են հսկողության տակ)։ Հետագայում հարուցված քրեական գործով կատարվող քննության ընթացքում Պ. Հայրիկյանը հաստատել է իր կողմից Ա. Մարգարյանին ծրար ուղարկելու փաստը, սակայն ոչ նա եւ ոչ էլ Ա. Մարգարյանը չեն պարզաբանել, թե ով է եղել «ոմն Մուշեղը», ում հասցեագրված է եղել ծրարը։ Քննությամբ պարզվել է նաեւ, որ Մուշեղ անունով անձ չի եղել, իսկ ծրարը հասցեագրված է եղել հենց Ա. Մարգարյանին։ Պ. Հայրիկյանը հնարելով երրորդ անձի (ոմն Մուշեղի) մասին դրվագը, ըստ երեւույթին, փորձում էր խճճել քննիչներին, ինչը նրան չի հաջողվել։ Քննության արդյունքում Ա. Մարգարյանին համապատասխան հոդվածով ներկայացվել է մեղադրանք, եւ նա դատապարտվել է։

Այսքանից հետո թող կարդացողը դատի, թե իրականում ով է մեղավոր եղել ՊԱԿ-ի կողմից Ազգային միացյալ կուսակցության փաստաթղթերի ձեռքբերման համար։ Գուցե Պ. Հայրիկյանը նախահարձա՞կ է լինում, քանի որ հենց նրա անփույթ գործողությունների հետեւանքով է ՊԱԿ-ի ձեռքը ընկել կարեւոր նշանակության փաստաթղթեր։ Ոչ Հայրիկյանի, ոչ էլ Մարգարյանի պարկեշտությանը (այն ժամանակ՝ 32 տարի առաջ) ես չեմ կասկածում եւ նրանց էլ խորհուրդ եմ տալիս չմեղադրել իրար՝ չվարկաբեկել այն գաղափարները, որոնց նրանք երկուսն էլ (հուսով եմ) նվիրված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել