Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու եղբայր՝ երկուսն էլ մի օրի

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"Բյուրականում աստղերին թիվ կա, աղքատներին թիվ չկա

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ Ռաֆիկ Ստեփանյանն արդեն երկու տարի անկողնային հիվանդ է: Նա դեղերով է ապրում: Սակայն արդեն քանի օր է՝ Ռ. Ստեփանյանը հրաժարվել է իր համար անհրաժեշտ դեղերից: Ընտանիքի ծայրահեղ աղքատությունը հոգեպես ճնշում է նրան եւ տնեցիների ուսերին բեռ չդառնալու համար որոշել է դեղ չընդունելով ինքնասպան լինել:

Կնոջ՝ Ալվարդ Ստեփանյանի պատմելով, վերջերս բժիշկը Ռաֆիկին քննել է եւ զգուշացրել, որ նա պետք է անհապաղ դեղերի նկատմամբ «բոյկոտը» դադարեցնի, այլապես վիճակը շատ կծանրանա:

Ռաֆիկն իրենց մարզում ճանաչված եւ հմուտ վարպետ է եղել: Բյուրականի աստղադիտարանի հաստոցներն ինքն է աշխատեցրել, կարգի բերել: Կառավարության՝ իր քաղաքացիների նկատմամբ նման անտարբեր վերաբերմունքը վարպետին մինչեւ սրտի խորքը վիրավորում է. «Ամեն մի մատս մի արհեստ է, բայց հիմա, ինչ է թե հիվանդ եմ, ընտանիքս սովից մեռնում է, սա ի՞նչ կյանք է, գոնե հաշմանդամության թոշակ չեմ ստանում, որ ընտանիքիս մի բանով էլ ես օգնեմ»,-նեղսրտած ասում է Ռ. Ստեփանյանը: Նրա կնոջ ներկայացմամբ, Բյուրականը հողազուրկ գյուղ է, տնամերձ հողերը 5-7 հարյուր քմ են, բայց քանի որ զառիվայր են՝ մշակելու համար անբարենպաստ են, մանավանդ որ ամռան սեզոնին ոռոգման ջուր էլ չեն ունենում. «Բյուրականցիների 70-80 տոկոսը չքավորության մեջ է ապրում»: Ստեփանյանների ունեցած-չունեցածը երկու պոպոքի ծառերն են, որոնց բերքի վաճառքի գումարով հազիվ հասցնում են առաջին անհրաժեշտության սնունդ եւ մեկ էլ հիվանդ ամուսնու դեղերը ձեռք բերել:

Սոցիալապես նույն վիճակում է հարեւանությամբ ապրող Ռաֆիկ Ստեփանյանի եղբոր՝ Կարապետ Ստեփանյանի ընտանիքը: Մեր այցելության պահին Կ. Ստեփանյանն անկողնում վերարկուով պառկած էր: Նրա բնակարանում այնքան ցուրտ էր, որ դույլով ջուրը սառչել էր: Կ. Ստեփանյանի խոսքերով, ձմռանը տունը գրեթե չի ջեռուցվում. «Ստիպված հագուստով եմ անկողին մտնում, որ մարմինս գոնե մի քիչ տաքանա»:

Կարապետը նույնպես առողջական խնդիրներ ունի: Նա սրտի կաթված է տարել, ինչի պատճառով չի կարողանում աշխատել: Չորս անձից բաղկացած ընտանիքի միակ աշխատողը կինն է՝ Արծվիկը, որն իր համագյուղացիների համար լավաշ թխելով է օրվա ապրուստը վաստակում. «Վառելափայտ չենք կարողանում գնել: Իմ աշխատածից կոպեկ-կոպեկ հավաքել ենք եւ մի կույտ գոմաղբ գնել, որպեսզի գոնե ճաշ եփելու համար վառելիք ունենանք: Շաբաթներով մեր բնակարանը հոսանքազրկված է, 40 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտք ունենք: Մի քիչ գումար հավաքում-վճարում ենք՝ երեխաներիս խղճալով հոսանքը միացնում են, բայց հաջորդ ամիս նույն պատմությունն է»: Ըստ տիկին Արծվիկի, իրենց գյուղում աղքատ ընտանիքներն այնքան շատ են, որ գյուղապետարանը եթե շատ ուզի էլ՝ չի կարող ինչ-որ բանով օգնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել