Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԿՐՔԵՐ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Դեկտեմբեր 05,2006 00:00

\"\"Կամերային երաժշտական թատրոնի նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանը երեկ դատի է տվել մշակույթի նախարարությանը:յացման փորձեր էին գնում:

 

Մշակույթի նախարարությունը վերջերս աշխատանքից ազատել է Երաժշտական կամերային թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանին, որն էլ իր հերթին ազատել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանին: Երեկ, երբ այցելեցինք թատրոնի վարչական շենք, այնտեղ ներկա Լ. Աբրահամյանն ասաց, որ չի պատրաստվում ստեղծագործական պրոցեսը ընդհատել, որովհետեւ կոլեկտիվը ոչնչով մեղավոր չէ: Ավելին, ինքը պատրաստվում է ասուլիս հրավիրել եւ դեռ դատի տալ մշակույթի նախարարությանը, որովհետեւ գտնում է, որ «վստահությունը կորցնելու համար» վերջինիս պիտակը իրեն չի համապատասխանում: «Ես 16 տարեկան երեխա չեմ, որ ոնց ուզեն՝ հետս վարվեն: Ես ճիշտ եմ եւ իմ ճիշտը կվիճարկեմ դատարանում: Ինչո՞ւ պիտի Մելիքսեթյանի կլյաուզաների հիման վրա եզրակացություններ անեն: Կոլեկտիվի 52 անդամից 43-ը կողմ է, որ ես որպես տնօրեն աշխատեմ թատրոնում, եւ այդ մասին նամակ է ուղղվել նախարարին: Գուցե նա տեղյա՞կ չէ այդ նամակից: Զարմանալի է, որ ինձ աշխատանքից ազատել են ոչ թե թատրոնում իրականացված մեկամսյա ստուգումների հիման վրա, այլ Մելիքսեթյանի կլյաուզաների»,- վրդովված էր Լեւոն Աբրահամյանը, որը պնդում է, թե ընդհանուր առմամբ մոտ $10000 ներդրում է արել թատրոնում՝ իր նշանակման օրվանից սկսած: «Ինչքա՞ն կարելի է կոլեկտիվի վրա սպեկուլյացիա անել եւ կոլեկտիվն օգտագործել այս կամ այն տնօրենի դեմ պայքարելու համար, ինչ է թե՝ այստեղ աշխատում են թատերականի տարբեր տարիների իր կուրսերը: Միայն ինքը չէր բոյկոտում ինձ, դուստրը՝ Լուսինեն էլ էր բոյկոտում: 3 ամիս աշխատանքի չէր գալիս, դրա համար էլ հանեցի: Հետո ինձ մեղադրեցին, թե հանել եմ, եւ նրա ներկայացումը՝ «Գիքորը», տապալվել է: Եթե հայր ու աղջիկ բոյկոտում էին, աշխատավա՞րձ ինչու էին ստանում, բա ո՞ւր մնաց թասիբը»: Ի դեպ, մեր զրույցին ներկա էին նաեւ թատրոնի կոլեկտիվի անդամներ Ալվարդ Անաստասյանը, Արտյոմ Գեւորգյանը, Գայանե Հովհաննիսյանը եւ Մարինա Մոսեսովան: Նրանք վկայեցին, որ Ա. Մելիքսեթյանի դուստրը չէր կարող «Գիքոր» բեմադրել, որովհետեւ հղիության վերջին ամիսներն էին, որից հետո էլ չէր կարող թատրոն գալ, քանի որ նոր էր ծննդաբերել: Ըստ թատրոնի աշխատակիցների, Լուսինեն միայն ամռանն է թատրոն եկել՝ այն էլ այնտեղ մասնավոր անգլերեն պարապմունքներ անցկացնելու համար: Ըստ Լ. Աբրահամյանի, Մելիքսեթյանի փեսան էլ ժամանակին թատրոնի շենքում արտադրամաս ուներ, որը իր նշանակվելուց հետո փորձասենյակի է վերածվել:

«Ես ստեղծագործական պրոցեսը երբեք չեմ տապալել, հրավիրված ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ այժմ աշխատում է «Ատամնաբույժն արեւելյան» մյուզիքլի վրա, իսկ «Բրոդվեյ +» ներկայացում-գալահամերգը դեկտեմբերի 16-ին Տիկնիկային թատրոնում կհանձնենք հանդիսատեսի դատին: Պարզ չի՞, որ պրոբլեմը գեղարվեստական ղեկավարի մեջ է, որը 8 տնօրեն է փոխել, ես էլ 9-րդն եմ: Ինքը նախանձ մարդ է, վատ ռեժիսոր: Ինքը բլոկ էր դնում բոլոր ռեժիսորների վրա, ասում էր՝ Հայաստանում լավ ռեժիսոր չկա, դրա համար էլ չարժե հրավիրել: Եթե ինքը էդքան լավն է, ինչո՞ւ են ներկայացումներն անցնում դատարկ դահլիճում, էն դեպքում, երբ իմ հաշվին հրավիրատոմսեր, ազդագրեր եմ տպել, իմ ռադիոկայանով ռեկլամներ տվել, գովազդային վահանակներ եմ տեղադրել: Եթե մարդիկ չեն գալիս թատրոն, էլ ո՞նց ստիպեմ, որ գան, զանգեմ հարկայի՞ն, թե՞ դատախազություն: Ուրեմն վատ ներկայացում է անում՝ չեն գալիս»,- նշեց Ա. Աբրահամյանը:

«Իրեն շատ հարմար է, որ էստեղ լինի զրո տնօրեն, որ վարվի՝ ոնց ուզի: Դրա համար էլ, մինչեւ իմ նշանակվելը, «Լիլիթի» փողերը վերցրել-ծախսել էր, հետո 1,5 մլն-ից 700000 դրամն էր վերադարձրել դրամարկղ, զեկուցագիրն էլ դեռ կա: Կամ սենյակներ էր վարձակալել, ու փողը մուտք չէր արել դրամարկղ: Ի տարբերություն իրեն, ես միայն օգուտ եմ բերում թատրոնին. եթե արենդայով տարածք եմ տալիս, գումարը մուտք է արվում դրամարկղ: Իսկ ինքը աջուձախ կլյաուզաներ գրելով ման ա գալիս: Քիչ ա մնում գնա Գրողների միության անդամ դառնա: Էլ հիմնարկ չի մնացել, որ բողոք գրած չլինի, փոխանակ գործով զբաղվի ու ապացուցի, որ լավ ռեժիսոր ա»,- շարունակեց նախկին տնօրենը:

Թատրոնի աշխատակիցները զայրացած էին նաեւ այն պատճառով, որ Մելիքսեթյանն ամենուր հայտարարում է, թե ինքն է Կամերային երաժշտական թատրոնի հիմնադիրը: Նրանք ցույց տվեցին համապատասխան փաստաթղթեր ու հրամաններ, որոնց համաձայն՝ թատրոնի հիմնադիրը Դավիթ Զալյանն ու Տիգրան Մխիթարյանն են. «Երբ գեղարվեստական ղեկավար Դավիթ Զալյանին գործուղեցին Եգիպտոս, մեր գլխին որպես պատուհաս բերեցին Արմեն Մելիքսեթյանին, որը 88-ի հուլիսի դրությամբ ընդամենը բեմադրող ռեժիսոր էր: Այնուհետեւ նրան նշանակեցին գեղարվեստական ղեկավար, որից հետո ինքը անվանափոխեց մանկական երաժշտական թատրոնը՝ կամերային երաժշտականի»: «Նախորդ տնօրենին՝ Ջիվանյանին էլ քաշքշեցին ինքն ու քրոջ տղան՝ Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ու խուլիգանավարի հայհոյեցին մեր ներկայությամբ: Բա դա գեղարվեստական ղեկավարի շնո՞րհք է»,- զայրացած հիշեց Ալվարդ Անաստասյանը:

«Սերժի (Սերժ Սարգսյանի) կինը մի անգամ եկավ մեր թատրոն, դուբլյոնկան ճղեց, նեղվեց-գնաց, դրանից հետո պրն Աբրահամյանը իր փողով բերել-վերանորոգել է աթոռները, իսկ Մելիքսեթյա՞նն ինչ է արել»,- ավելացրեց մի ուրիշ աշխատակից՝ թվարկելով Լ. Աբրահամյանի այլ արժանիքներ:

Ըստ աշխատակցուհի Անահիտ Ներսիսյանի. «Վերջապես եկել էր մի մարդ, որը թատրոնի հոգսը վերցրել էր իր վրա: Իսկ գեղարվեստական ղեկավարին միայն հետաքրքրում էր, թե ինչքան գումար կա դրամարկղում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երեկ տեղեկացանք, որ Ա. Մելիքսեթյանը Լ. Աբրահամյանից պահանջել է կնիքը, ասելով, որ իրեն արդեն նշանակել են թատրոնի տնօրեն: Մեզ հետ զրույցում Մելիքսեթյանը խորհուրդ տվեց իր նշանակման մասին լուրը ճշտել մշակույթի նախարարությունից. «Ես դեռ չգիտեմ, շատ հնարավոր է, լավ կլինի նախարարին զանգեք»: Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է աշխատելու մի կոլեկտիվում, որտեղ մեծամասնությունը ի պաշտպանություն Լ. Աբրահամյանի նամակ է ուղարկել նախարարին, թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Ինքը բոլորին վախեցրել է, փողով առել»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ «Առավոտին» հավաստիացրեց, որ թատրոնների տնօրեններն ընտրվում են մրցույթով, իսկ նման մրցույթ դեռ չի կայացել: Նախարարն ավելացրեց, որ նախ կնշանակվի տնօրենի պաշտոնակատար, իսկ թե այն ով կլինի՝ երեկվա դրությամբ դեռ չեն որոշել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել