Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԶՈՐՔԵՐԸ ԿՄՆԱՆ ԻՐԱՔՈՒՄ

Դեկտեմբեր 06,2006 00:00

\"\"Հարցի քննարկումն անցավ «բարձրաշխարհիկ-փոխադարձ ռեւերանսների մթնոլորտում»

Երեկ խորհրդարանը քննարկեց Իրաքում գտնվող հայկական մարդասիրական, խաղաղապահ զորամիավորման աշխատանքի ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու մասին հարցը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ներկայացնելով երկարաձգման կարեւորությունը՝ նշեց. «Ակտիվ մասնակցությունը այս գործընթացներին նաեւ լրացուցիչ լծակներ է ստեղծում միջազգային կառույցներում եւ պետությունների հետ հարաբերություններում մեր ազգային շահերին հետամուտ լինելու համար»: Եվ քանի որ հարցի քննարկումը ընթանում էր բաց նիստում, պատգամավորներից ոմանք առիթը օգտագործեցին Սերժ Սարգսյանի առաջ ինքզինքը ցուցադրելու համար եւ ցավալիորեն հայտնվեցին շատ ավելի ծիծաղելի վիճակներում, քանի որ պաշտպանության նախարարը չէր թաքցնում, որ ինքը բոլորին հականե-հանվանե ճանաչում է մինչեւ ուղն ու ծուծը, եւ քթի տակ ժպտում էր:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այնքան ոգեւորվեց իր ելույթի պաթոսով, որ վերջում մոտեցավ պաշտպանության նախարարին եւ տեսախցիկների առաջ նկարահանվելով՝ նրան հանձնեց ժամանակին նախարարից ստացված շնորհակալական նամակը, ասելով. «Բայց ես նախարարին կտամ ոչ թե օրիգինալները, այլ «քսերոքսը»: Ինչո՞ւ, որպեսզի պահեմ դրանք, եւ միգուցե հարյուր տարի հետո կարող են այդ փաստաթղթերը հանձնվեն պատմության թանգարանին, ինչպես ասենք՝ զորավար Անդրանիկի սուրը: Ես կարծում եմ, պաշտպանության նախարարը կընդունի այդ ընծան»: Հմայակ Հովհաննիսյանը այս ամենը գնահատեց որպես «բարձրաշխարհիկ-փոխադարձ ռեւերանսների մթնոլորտ»: Իսկ պաշտպանության նախարարը ավելի ուշ հակադարձեց՝ ասելով, որ Վիկտոր Դալլաքյանի ելույթից ընդհանրապես պարզ չէր՝ ինքը դե՞մ է, թե՞ կողմ խաղաղապահների ժամկետի երկարաձգմանը, եւ երեւի այդպես վարվեց, որ «հարյուր տարի հետո թոռների մոտ գլուխ գովի, թե ինքը ինչպիսին էր»:

Ավելի տարիքով պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հատուկ շեշտադրմամբ արտասանելով «հարգելի նախարար» բառակապակցությունը (ընդհանրապես, գրեթե բոլոր հարցեր տվողները եւ ելույթ ունեցողները հատուկ կարգով հենց այդպես էին դիմում պաշտպանության նախարարին)՝ առաջարկեց զորախմբի կազմում փոփոխություն կատարել՝ ընտրելով այնպիսի մասնագետների, որոնք ավելի պակաս վտանգի պայմաններում կարող են աշխատել: Նախարարը նկատեց, որ երբ արկը գալիս է, չի նայում՝ բժի՞շկ է կանգնած, թե՞ մեկ այլ զինվոր:

Թվում էր, թե պաշտպանության նախարարի՝ խորհրդարանում գտնվելու հանգամանքը «Ազգային միաբանության» համար լավ առիթ է դարձյալ խոսելու իր համար սիրելի դարձած «Քոչարյան-Սարգսյան զույգի հանցավոր գործունեության» մասին, բայց «ԱՄ» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նախարարի ներկայությամբ բոլորովին այլ պահվածքով էր հանդես գալիս եւ ոչ մի կոպիտ բան չասաց: Եվ երեւի հասկանալով, որ դա աչքի կզարնի, հատուկ շեշտեց. «Հատկապես բարդ է ինձ համար այս ամբիոնից խոսել՝ այն պարզ պատճառով, որովհետեւ, եթե ես, ինչպես բնորոշ է ընդդիմությանը եւ հատկապես «ԱՄ»-ին, փորձեմ այս ամբիոնից հիմնավորել Հայաստանի պետական շահը, ապա վաղը, անտարակույս, տվյալ դեպքում պարոն Քոչարյանի շահերը պաշտպանող թերթը (նա թերթի անունը հնչեցրեց, բայց մենք, մեր սկզբունքին հավատարիմ, այն չենք գրում- Մ. Ե.) կասի՝ բա որ ասում էինք Գեղամյանը ու Սերժ Սարգսյանը իրար հետ մոտիկ են: Որովհետեւ իրենք թքած ունեն Հայաստանի պետության շահ ասածին, Հայաստանի պետականության անվտանգությանը»:

Արշակ Սադոյանը թեպետ «Արդարություն» խմբակցության անդամ է, խմբակցության տեսակետից տարբերվող ելույթ ունեցավ եւ առաջարկեց կողմ քվեարկել՝ Իրաք զորամիավորման ծառայության ժամկետների երկարացմանը: Նույնիսկ հիշեց Կարմիր բանակը, «հյուսիսի գործակալներին», քարկոծեց խորհրդային բանակը, ասաց, որ այն ի վիճակի չէ որեւէ մեկին պաշտպանել եւ հավելեց. «Մենք քանի՞ գլխանի ենք, որ աշխարհի գեոպալիտիկայի վրա պետք է ազդենք: Մեզ պետք է ծանոթանալ, մասնակցել, տեսնել, ամեն ինչ անել, որ մեզ թթու աչքով չնայեն: Չի կարելի առանձնանալ, առանց այդ էլ բոլոր ճանապարհներից դուրս ենք մնացել, հիմա աշխարհի ռազմաքաղաքական զարգացումներից է՞լ ենք դուրս մնալու»:

Դաշնակցությունը իր տեսակետը չէր փոխել եւ դարձյալ դեմ է քվեարկելու զորամիավորման ժամկետների երկարաձգման առաջարկին, դեմ է քվեարկելու նաեւ «Արդարություն» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը նկատեց, որ նիստը պետք է փակ լիներ, որ հնարավոր լիներ ամեն ինչի մասին կոնկրետ խոսել: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շահարկում էին այն, որ նիստը փակ է, եւ հայտարարում էին, որ իրենք ժողովրդից թաքցնելու բան չունեն: Իսկ երեկ Գրիգոր Հարությունյանը հարցրեց. «Իսկ ի՞նչ դրական բան ենք մենք ստանում. այստեղ նշվեց, որ մեր զինվորները այնտեղ միջազգային, ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան ուսուցում են ստանում: Իսկ ինչո՞ւ եք 46 ուղարկում, եկեք մի գումարտակ ուղարկենք, որ կռվեն, մոջահեթներից սովորեն կամ մոջահեթներին սովորեցնեն, էս ի՞նչ տրամաբանություն է: Այստեղ շատ ճիշտ պատճառը նշվեց՝ դրոշի հետ կապված, ասվեց, որ կան պետություններ, որ զորքը հանում են, բայց դրոշը պահում են»: Սերժ Սարգսյանը նկատեց, որ եթե 2004-ին իրենք պնդեին, որ դեմ են Իրաք զորք ուղարկելուն, այսօրվա «դեմերը» հակառակն էին ասելու. «Որովհետեւ պատճառը շատ հասկանալի է: Եվ երկրորդ, թեեւ ելույթ ունեցողները չէին ցանկանում, բայց իրենց կամքից անկախ ասացին, թե ինչու են դեմ: Այստեղ իրեն մեծ քաղաքագետ համարող եւ պաշտպանության նախարարի հետագա ճակատագրի համար անհանգստացող պատգամավորը շատ ճիշտ բան ասաց, ասաց՝ չեն ուզում հարաբերությունները փչացնել Միացյալ Նահանգների հետ: Իհարկե, չենք ուզում եւ ինչո՞ւ պետք է հարթ տեղը մենք այդ հարաբերությունները փչացնենք»:

Եվ քանի որ կողմ քվեարկողները շատ են լինելու՝ Դաշնակցությունից եւ «Արդարությունից» բացի՝ մնացած բոլորը, ապա մեր խաղաղապահները կշարունակեն մնալ Իրաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել