Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի համար փող է պետք

Դեկտեմբեր 06,2006 00:00

Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի ծնողները վերջին օրերին խուճապի մեջ են: Նրանք չեն դադարում բողոքներով դիմել մեզ՝ ասելով, որ դպրոցում մեծ չափերի դրամահավաք է իրականացվում:

Ըստ ծնողների, իրենցից դպրոցում 7000-ական դրամ են պահանջել համակարգիչներ գնելու նպատակով: Ծնողներ կան, որոնք դպրոցում սովորող 2-3 երեխա ունեն, եւ հիմա փաստի առաջ են կանգնել, չեն կարողանում գումարը մուծել: Իսկ դասղեկները, ըստ նրանց, հիմար վիճակում են հայտնվել. մի կողմից տնօրինությունը պարտադրում է գումարները հավաքագրել եւ ապահովել պահանջված թիվը, մյուս կողմից՝ շատ ծնողներ չեն կարողանում այդքան շատ գումար տրամադրել:

Հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանից: Ռ. Կոստանյանը մեզ տեղեկացրեց, որ դպրոցում իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, ինչի համար անհրաժեշտ է նաեւ դպրոցի (համայնքի) ֆինանսական աջակցությունը: Ծրագիրը ենթադրում է համակարգչային հագեցվածություն դպրոցում, ինչն էլ կօգնի իրագործել բարեփոխումների նոր ծրագրերը՝ որոշ առարկաների համակարգչային ուսուցում եւ այլն: Այս ծրագրով ՀԲ-ն տրամադրում է պահանջվող գումարի մոտավորապես 60 տոկոսը, իսկ դպրոցի վրա մնում է մնացած 40-ը: Մինչեւ այս տարվա վերջ դպրոցը պարտավոր է ծրագիր ներդնել գումարի մոտ 20 տոկոսը, իսկ մնացածը՝ մինչեւ 2007-ի սեպտեմբերի 2-ը:

«Որեւէ ծնողի ոչ ոք չի կարող պարտադրել գումար տալ: Այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Դպրոցում ստեղծեցինք հոգաբարձուների խորհուրդ, որը մշակել է հայտարարության մի ձեւ: Ըստ դրա՝ ծնողներին առաջարկվում է կամավորության սկզբունքով դրամ փոխանցել դպրոցի հաշվեհամարին՝ ծրագիրն իրականացնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Ռ. Կոստանյանը՝ ավելացնելով, որ, օրինակ, 64 դասարանից մի ծնող միանգամից 50.000 դրամ է փոխանցել դպրոցի հաշվեհամարին:

Իսկապես, մենք համոզվեցինք, որ դպրոցի պատին փակցված հայտարարությունը ոչինչ չի պարտադրում, բայց մյուս կողմից էլ գիտենք, որ ցանկացած դրամահավաքություն էլ, ըստ էության, «կամավոր-պարտադիր» սկզբունքով է արվում, եւ ներքին հրահանգների դեմ ծնողները հաճախ անզոր են:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն անձամբ է հետաքրքրվել այդ գործով (որ իրեն էլ են նման լուրեր հասել) եւ որ ոչինչ պարտադրողաբար չի արվում. «Թող ծնողները չտան, ոչ ոք չի պարտադրում: Գուցե որոշ դասղեկներ են դա հորինում, որպեսզի իրենց դասարանից շատ փող հավաքվի…,- ենթադրում է տիկին Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ անազնիվ մղումներ այս ծրագրում չեն կարող լինել,- թող ծնողները չտան, ոչ ոք չի պարտադրում: Տնօրենը հենց այս խնդրի պատճառով երկար ժամանակ խույս էր տալիս ծրագրից, բայց դա անհրաժեշտ է իրականացնել»:

«Ախր իրենց երեխաների համար ենք անում: Նույն տրամաբանությամբ կարող են նաեւ դասագրքերի վարձակալության համար հավաքվող գումարի մասին խոսել»,- իր հերթին ասում է դպրոցի տնօրենը:

Տիկին Հովհաննիսյանը, սակայն, նախ զարմացավ, թե որտեղից է հայտնվել 7000 թիվը, եթե ամեն ինչ կամավորության սկզբունքով է արվում: Ուրեմն դպրոցում հաշվարկներ են արվել: Եթե այստեղ սովորում է 2000 երեխա, եւ պահանջվող գումարը կազմում է անհրաժեշտ 18 համակարգչի դեպքում՝ 7 մլն դրամ, ուրեմն յուրաքանչյուր երեխայից կպահանջվի 3500 դրամ: Իր հերթին Ն. Հովհաննիսյանը հաշվարկելով եղածը եւ հաշվի առնելով, որ երբեք ամբողջ դպրոցը չի մասնակցում որեւէ դրամահավաքի, հասկացավ, որ գուցե ծնողներն ու դասղեկները մտածել են այսպես. եթե աշակերտների գոնե կեսն էլ մասնակցի ակցիային, ուրեմն կպահանջվի 7000 դրամ: «Գուցե նման հաշվարկ արվել է մի քանի դասարանի դեպքում, եւ մի քանի ակտիվ ծնողներ դա տարածել են ողջ դպրոցի վրա՞»:

Ցավոք, սովորաբար որեւէ ծնող կամ դասղեկ որեւէ խնդրի շուրջ բողոքելիս իր անունից հանդես չի գալիս, հետեւաբար մեր գործը մնում է միայն՝ ստանալ բոլոր կողմերի պարզաբանումները: Մնացածը թող պարզեն կրթության պետական տեսչության աշխատակիցները՝ տեղում համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելով: Բայց որ դպրոցում իրականացվողը ՀԲ ծրագիրն է՝ դա հաստատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031