Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորների ստեղծագործությունները գնվեցին

Դեկտեմբեր 06,2006 00:00

\"\"Մշակույթի նախարարությունն այս տարի 11 կոմպոզիտորի գործ էր պատվիրել

«Չէի ցանկանա դոլարներով խոսել, ստեղծագործության կողքին գումարային թեմաներ առաջ քաշել: Պետության այս քայլը ինձ համար ավելի կարեւոր է, քան այն գումարը, որը չնչին է համաշխարհային երաժշտական պրոֆեսիոնալ գնացուցակով»,- երեկ Կոմպոզիտորների միությունում, երբ տեղի էր ունենում մշակույթի նախարարության կողմից գնված ստեղծագործությունների ունկնդրում, ասաց միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:

Դեռ խորհրդային տարիներին մշակույթի նախարարությունը հետամուտ էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը: Սակայն տարիներ շարունակ Հայաստանում այդ գործընթացը կանգ էր առել: Արդեն երեք տարի ՀՀ մշակույթի նախարարությունը վերսկսել է կոմպոզիտորներից ստեղծագործություններ գնելու ավանդույթը, որի շրջանակներում հանձնաժողովը քննարկում է ներկայացված գործը, առաջարկում կատարման համար եւ ի վերջո ձեռք բերում: «Նախարարության դերն այս պարագայում այն է, որ հուշի ստեղծագործողին՝ թե ինչ գրել: Իսկ ծրագրի մեջ ընդգրկված ստեղծագործությունների կատարումը, որ գնել է պետությունը, չպիտի թողնենք խմբերի ղեկավարների ընտրությանը, այլ նույնիսկ պիտի պարտադրենք դրանք կատարել»,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տեղեկացնենք, որ մշակույթի նախարարությունն այս տարի 3 մլն դրամ է հատկացրել 11 կոմպոզիտորի ստեղծագործությունների «գնմանը»: «Մենք հասել ենք ամենամինիմալ ընդունելի սահմանների, որ ստեղծագործության գինը շատ բարձր չլինի եւ պետության հոգսը չծանրանա, բայց նաեւ շատ ցածր էլ չլինի հեղինակի համար: Այս ամենի իմաստն այն է, որ հայ հեղինակը պահանջարկված լինի, որ նրա ստեղծագործությունը ինչ-որ մեկին պետք գա»,- ասաց Ռ. Ամիրխանյանը: Նա նաեւ նշեց այն «մինիմալ» գնային սահմանը, որով այսօր գնահատվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Օրինակ՝ կվարտետի արժեքը $400-500, ռոմանսների շարքը՝ $50-100: «Սա մեր աշխատանքն է: Եթե հիմա մի կերպ ենք ապրում, այն ժամանակ, երբ չէինք վարձատրվում, շատ ավելի վատ էինք ապրում»,- ասաց արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը:

Մշակույթի նախարարության ձեռք բերած 11 ստեղծագործությունները կհանձնվեն պետական կոլեկտիվների կատարմանը, օրինակ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ, կամերային նվագախմբերին, «Կոմիտաս» քառյակին եւ այլոց: Ռ. Ամիրխանյանը տեղեկացրեց, որ վերջին 3 տարիներին հայ կոմպոզիտորների շուրջ 30 գործ են կատարել պետական կոլեկտիվները: «Եթե խորհրդային տարիներին պետության կողմից կոմպոզիտորներին պատվերներ տալը շատ թե քիչ հաջողված գործընթաց էր, հիմա պատահական բնույթ է կրում: Այսօր եթե նախարարությունը ցանկանա եւ ֆինանսական միջոցներ հատկացնի, մեր ստեղծագործությունները կգնվեն, եթե ոչ՝ ո՞վ գնի: Ամիսներով աշխատում ենք մի ստեղծագործության վրա, այդ դեպքում ո՞վ պիտի հոգա մեր ընտանիքի հոգսերը»,- ասաց կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031