Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Դեկտեմբեր 06,2006 00:00

Էդգար Մանուչարյանը մնում է Ամստերդամի «Այաքսում»

\"\"Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հոլանդիայի ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկը՝ Ամստերդամի «Այաքսը», մտադիր է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ պայմանագիրը երկարացնել:

Ըստ նախնական տեղեկությունների, ակումբը ցանկանում է Մանուչարյանին իր կազմում տեսնել առայժմ մինչեւ 2008 թվականը:

Առաջին ոչ-ոքին ու հաղթանակը

«Առավոտը» ժամանակին ընթերցողներին տեղեկացրել էր, որ ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայում մասնակցելու է Եվրոպայի 2009 թվականի առաջնության որակավորման մրցաշարին: «A2» խմբում մեր աղջիկների մրցակիցներն էին Իսրայելը, Լատվիան ու Բոսնիա եւ Հերցեգովինան:

Մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստուհիները ոչ-ոքի՝ 1:1, են տանտիրուհիների հետ: Ընդ որում, հանդիպման ընթացքում մեր հավաքականը հաղթելիս է եղել եւ միայն 83-րդ րոպեին է բոսնիացիներին հաջողվել վերականգնել հավասարակշռությունը:

Երկրորդ տուրում մարզիչ Մհեր Միքայելյանի սանուհիները նվազագույն՝ 0:1 հաշվով զիջել են Իսրայելի թիմին, թեեւ, ունեցած տեղեկատվության համաձայն, այդ խաղում մրցավարն ի վնաս իսրայելցիների՝ հարյուր տոկոսանոց 11 մետրանոց հարված չի նշանակել: Իսկ վերջին հանդիպումում հայաստանցիները մեկ անպատասխան գնդակ են անցկացրել Լատվիայի դարպասը եւ հաղթել են: Վաստակելով 4 միավոր, նույնքան, որքան Բոսնիա եւ Հերցեգովինան, մեր աղջիկները միայն խփած գնդակների քանակով են խմբում գրավել երրորդ տեղը:

«A2» խմբի մրցաշարային աղյուսակ

1. Իսրայել 3 3 0 0 9-2 9

2. Բոսն. եւ Հերց. 3 1 1 1 7-7 4

3. Հայաստան 3 1 1 1 2-2 4

4. Լատվիա 3 0 0 3 1-8 0

Վերջում ավելացնենք, որ մեր ֆուտբոլիստուհիների ոչ-ոքին Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ եւ Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակը՝ Հայաստանի կանանց ֆուտբոլի պատմության մեջ առաջինն էին պաշտոնական հանդիպումներում:

Արմեն Շահգելդյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության կազմակերպած ավանդական հարցման արդյունքներով, Հայաստանի 2006 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արմեն Շահգելդյանը՝ Աշտարակի «Միկայից»: Նա ընդհանուր առմամբ վաստակել է 191 միավոր: Երկրորդ տեղում 161 միավորով փյունիկցի Ռոբերտ Արզումանյանն է: Լավագույն եռյակը եզրափակում է Սամվել Մելքոնյանը՝ «Բանանց»:

Աբրահամը ճանաչում է ստանում

\"\"«Maxboxing.com» կայքի մեկնաբան Մարտին Մալկեհին IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին ընդգրկել է առավել հեռանկարային այն բռնցքամարտիկների ցանկ, ում մեծ ապագա եւ համաշխարհային ճանաչում է սպասվում արդեն եկող տարի: «Ամերիկայի մարզական լրագրողներն ու պատմաբանները հիանում են, թե ինչպես է Մոհամեդ Ալին (անցյալի մյուս բռնցքամարտիկները նույնպես) հաղթանակների հասել՝ ուշադրություն չդարձնելով կոտրված ծնոտին: Աբրահամը նույնն արեց, չնայած ծնոտը երկու տեղից կոտրված էր ու իր չեմպիոնական տիտղոսը պահպանեց կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում,- գրել է Մալկեհին: -Իմ կարծիքով, Աբրահամը ուժեղ բնավորություն դրսեւորեց՝ ոչ միայն ռինգում դիմակայելով Միրանդայի ճնշմանը, այլեւ նրա՝ ռինգից դուրս արած բանավոր գրոհներին: Նա մշտապես ընդգծում է, թե ինչպես հարազատ Հայաստանում կյանքի ծանր պայմաններն իրեն թույլ չեն տալիս նայել հերթական մրցակցի թիկունքին: Այդպիսի տրամադրվածությունն անհրաժեշտ է այն չեմպիոնի համար, ով ցանկանում է երկար ժամանակ պահպանել իր չեմպիոնական տիտղոսը»:

Ըստ ԶԼՄ-ների, Արթուր Աբրահամը, գերծանր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուեւը եւ առաջին կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Կոնստանտին Ցզյուն, որպես պատվավոր հյուրեր, հրավիրվել են ներկա գտնվել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյին, որի գլխավոր իրադարձությունը լինելու է WBC-ի վարկածով գերծանր քաշային կարգում տիտղոսի համար ռուսաստանցի Օլեգ Մասկաեւի եւ ուգանդացի Պիտեր Օխելլոյի միջեւ կայանալիք մենամարտը: Աբրահամն ու Վալուեւը այդ օրը ոգեւորելու են գերծանր քաշային Ալեքսանդր Պովետկինին, ով նրանց հետ միասին գերմանացի հայտնի պրոումոթեր Վիլֆրիդ Զաուերլանդի թիմի անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել