Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Կինը»՝ կնոջ մասին

Դեկտեմբեր 06,2006 00:00

Դեկտեմբերի 1-ին Երեւանում բացվել էր «Կին» երրորդ միջազգային կինոփառատոնը, որը շարունակվեց մինչեւ դեկտեմբերի 5-ը: Փառատոնի կազմակերպիչ, «Լիզա» հիմնադրամի տնօրեն Մարիամ Օհանյանի խոսքերով՝ ներկայացվել էր 67 աշխատանք՝ 22 երկրից: Փառատոնի շրջանակներում անց են կացվել քննարկումներ՝ «Կինը եւ վիզուալ արվեստները» թեմայով: «Կին» փառատոնը, որ արդեն դարձել է ավանդական, նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները: Փառատոնի ընթացքում կազմակերպվել է նաեւ հանդիպում ժյուրիի անդամ, կինոռեժիսոր եւ սցենարիստ Մարինա Ռազբեժկինայի հետ, որը վարպետության դասեր է տվել երիտասարդ կինոգործիչներին: «Բացի տղամարդկանցից, շատ կանայք էլ են ֆիլմ նկարում, չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ: Ըստ տղամարդկանց, կինը պետք է նստի տանը, զբաղվի երեխաներով ու ընտանիքի այլ հոգսերով: Մենք ուզում ենք մեր ֆիլմերով ցույց տալ, որ կինն էլ կարող է լավ ֆիլմ նկարել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մ. Ռազբեժկինան: Մ. Օհանյանն էլ ափսոսանքով նկատեց, որ հայ կին ռեժիսորներ գրեթե չկան. «Մենք «Կին» փառատոնը կազմակերպելով՝ ցանկանում էինք ի մի բերել, թե ովքեր կան կինոյի դաշտում: Ցանկանում էինք աջակցել գործող իգական սեռի սակավաթիվ ռեժիսորներին: Սովորաբար Կինոյի եւ թատրոնի ինստիտուտ ավելի շատ աղջիկներ են ընդունվում, քան տղաներ, բայց ավարտելուց հետո նրանք կարծես չքանում են: Ու պատճառը միայն ամուսնությունը չէ. կանայք պարզապես իրենց տեղը չեն գտնում կինոյի ասպարեզում, չեն կարողանում ինքնադրսեւորվել»: Երեկ «Նաիրի» կինոթատրոնում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հանձնվեցին մրցանակները: Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Ջոյս Չենգի «Մալին» (Թայվան), լավագույն կարճամետրաժ ֆիլմը Մայա Քենիգի «Արգանդում» (Իսրայել) աշխատանքն էր, լավագույն վավերագրական ֆիլմը՝ Տատյանա Սկաբարդի «Ձյունե հրեշտակը» (Ռուսաստան): Հատուկ մցանակի է արժանացել ռուսաստանցի կինոռեժիսոր Մարինա Կրավչենկոյի «Ստվերներ հավաքողները» աշխատանքը: Դիպլոմներ շնորհվեցին ռեժիսորներ Գալինա Ադամովիչին (Բելառուս)՝ «Սովորության համաձայն» ֆիլմում կյանքի անցուդարձը հավաստի պատկերելու համար, Սոնա Հարությունյանին (Հայաստան)՝ «Ես դուրս եկա փողոց» ֆիլմի մարդասիրական հայացքի եւ լակոնիզմի համար, Անաշե Խոդավերդիին (Հայաստան)՝ «Ճամփեզրին» ֆիլմում սովորական կյանքում հետաքրքիրը նկատելու համար, Սեսիլիա Արանովիչին (ԱՄՆ)՝ «Խոշոր քթով տղամարդուն» անիմացիոն ֆիլմի սրամիտ ստեղծագործական լուծման համար, Ժաննա Բերտուին (Շվեյցարիա)՝ «Ժամանակից դուրս» ֆիլմում սոցիալական ճշգրիտ հետազոտություններ անցկացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031