Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԵՐՈՅԱՆԸ ՊԱՐԱՊ ՉԵՆ ՄՆԱ

Դեկտեմբեր 11,2006 00:00

\"\"Աշխատանքից ազատվելն առաջինի համար մեծ «սյուրպրիզ» էր, իսկ երկրորդի համար՝ ոչ

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին պաշտոնանկ էր արել Արմավիրի եւ Լոռու մարզպետներ Ալբերտ Հերոյանին եւ Հենրիկ Քոչինյանին: Այն, որ երկու մարզպետն էլ աշխատանքից ազատվեցին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, կարելի է ասել, որ թե՛ Հերոյանը եւ թե՛ Քոչինյանը ոչ թե կառավարության, այլ Հանրապետական կուսակցության սրտով չէին: Բայց երեկ «Առավոտի» հետ զրույցում երկու նախկին մարզպետներն էլ իրենց հանկարծակի պաշտոնանկությունը չկապեցին ՀՀԿ-ի հետ ու ընդհանրապես քաղաքական որեւէ կապ չտեսան մարզպետի իրենց աշխատանքի եւ կուսակցության հետ՝ հավաստիացնելով, որ հանրապետականներին չեն նեղացրել եւ վարչապետի դժգոհությունն էլ չեն վաստակել: Նրանց հետ զրույցից երեւում էր, որ պարոնայք Հերոյանն ու Հ. Քոչինյանը, ավելորդ աղմուկից ու շրջանառվող լուրերից խուսափելու համար, միմյանց հետ համաձայնության էին եկել ու որոշել իրենց աշխատանքից ազատվելու մի ընդհանուր պատճառ՝ «տարիքն էր, մեր թոշակի անցնելու ժամանակն էր»: Սակայն եթե 66-ամյա Ալբերտ Հերոյանի դեպքում «թոշակային վարկածը» քիչ թե շատ արդարացված է, ապա Հենրիկ Քոչինյանն ընդամենը 58 տարեկան է՝ դա թոշակի գնալու տարիք չէ: Օրինակ, Արմավիրի նորանշանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Քոչինյանից ընդամենը մեկ տարով է փոքր:

Երեկ Լոռու մարզպետարանում սուգ էր: Հենրիկ Քոչինյանի աշխատակիցները լացելով էին հեռախոսազանգերին պատասխանում: Քարտուղարուհու խոսքերով՝ «Հանրապետությունում նման դեպք երբեւէ չի եղել, մեզ համար մեծ ցնցում է, բոլորը խիստ հուզված են, որովհետեւ Քոչինյանի նման մարդ աշխարհում չկա»: Ի դեպ, մարզպետի՝ աշխատանքից ազատելու կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ մարզի համայնքապետերը, որոնց կարծիքով՝ Քոչինյանը գերազանց է աշխատել: Պրն Քոչինյանը թեեւ արդեն ազատված է եղել աշխատանքից, բայց ամսի 7-ին գործի գնացել է: Իսկ երեկ առավոտյան աշխատակիցներին հրաժեշտ է տվել ու հեռացել:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Քոչինյանն ասաց, որ վարչապետի որոշումն իր համար էլ մեծ անակնկալ է եղել. «Չէի սպասում, ինձ ու Հերոյանին կանչել էր. գնացինք, ասաց, որ էլ չենք աշխատի, թեեւ խիստ անսպասելի էր այդ որոշումը, բայց ի՞նչ պիտի անեի՝ ինձ փորձեցի տղամարդավարի պահել: Եթե ասեմ, որ պատճառ չի եղել՝ սուտ կլինի, բայց դա իմ ու կառավարության խնդիրն է, որն աշխատանքային է, նորմալ երեւույթ է, երեւի ավելի ուժեղ մարդ պիտի գա, երեւի գտնում էին, որ մի քիչ էլ մնամ՝ մարզը կլճանա, ես արդեն տարեց եմ»: Հենրիկ Քոչինյանը վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից, ինքը նվիրված եւ հավատարիմ կմնա ՀՀԿ-ին ու իր սկզբունքներին: Առանց մարզպետի պաշտոնի ի՞նչ պիտի անի պարոն Քոչինյանը: Նրա խոսքերով՝ «Սկսել եմ դասախոս աշխատելով, այդպես էլ կավարտեմ: Այսօր, օրինակ, դասի եմ գնացել, Մանկավարժականում գծագրական երկրաչափություն եմ դասավանդում, այդպես էլ կշարունակվի»:

Ի տարբերություն Քոչինյանի, Արմավիրի նախկին մարզպետը «Առավոտին» վստահեցնում էր, որ իր համար կառավարության որոշումը բացարձակապես անակնկալ չէր: Ավելին, նրա խոսքերով՝ «Ես ինքս եմ մի ամիս առաջ դիմում գրել ու նշել եմ՝ խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից կենսաթոշակի գնալու համար, այնպես որ, Հերոյանի համար դա սյուրպրիզ չէր, իմ աշխատանքից ոչ ոք դժգոհ չի եղել, արդեն տարիքս էր, պետք է դուրս գայի»: Պարոն Հերոյանը պարապ չի մնալու, նա 10 թոռ ունի ու պապիկի իր պարտականությունները պետք է կատարի: Երեկ նա «փառք ու պատիվ» տվեց իր պաշտոնյա ընկերներին. «Ես անկուսակցական եմ եղել, բայց միշտ հարել եմ ՀՀԿ-ին, իմ լավագույն ընկերները հանրապետական են, ես այսօր հասցրել եմ նրանց բոլորին զանգել ու շնորհակալություն հայտնել, փառք ու պատիվ նրանց»:

Երեկ կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Լոռու նոր մարզպետ է նշանակվել Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի տեղակալը՝ Արամ Քոչարյանը: Իսկ Հերոյանին Արմավիրի մարզում փոխարինեց Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանը: Վերջինիս պաշտոնը ստանձնեց գնդապետ Գեւորգ Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել