Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը «շշպռե՞լ» է

Դեկտեմբեր 11,2006 00:00

Գյումրիում դեռեւս 4150 անօթեւան կա

Դեկտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Գյումրի: Ինչպես արդեն նշել էինք՝ Գյումրիում հանրապետության նախագահին բողոքավորների մի մեծ բանակ էր սպասում: Նրանց մեծ մասը կասկածելով, որ երկրի ղեկավարին հասցեագրած իրենց բողոք-նամակները երբեւէ տեղ չեն հասնում՝ որոշել էին անձամբ նրան տեսնել ու ներկայացնել գյումրեցու «սարսափելի սոցիալական վիճակը»:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի նախագահի թիկնապահներին ու թիկնապահի դեր ստանձնած տեղի իշխանավորներին չհաջողվեց նախագահին շուրջկալած բողոքավորների բազմությունը ցրել, Ռ. Քոչարյանը ստիպված եղավ գյումրեցիների դարդ ու ցավը լսել ու մի տրցակ էլ նամակ հավաքեց: «Հարգարժան նախագահ, մայրաքաղաքում մի փողոց էլ պակաս ասֆալտեք՝ Գյումրին տնակներից փրկեք, էս ի՞նչ խայտառակություն է»,- նկատեց գյումրեցիներից մեկը: Աղետի գոտու բնակիչներին հատկապես զայրացրել էր երկրաշարժի տարելիցի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը, որտեղ նա հայտարարել էր, թե Գյումրիում մնացել են ընդամենը 1560 տնակներում ապրող անօթեւաններ, իսկ մնացած դոմիկներում ոչ թե աղետից տուժած գյումրեցիներ են, այլ հարեւան գյուղերից եկած բնակիչներ, որոնք էլ, ըստ վարչապետի, արհեստականորեն ավելացնում են անօթեւանների թիվը. «Վարչապետը Գյումրի է այցելում միայն խաշ ուտելու եւ իր կուսակցության հետ կապված խնդիրների ժամանակ: Պարոն վարչապետ, Դուք ձեր նստած տեղն ի՞նչ իմացաք, թե Գյումրիում քանի դոմիկ կա: Քանի՞ դոմիկ եք եկել մտել, որ ասում եք, թե դոմիկների բնակիչները հիմնականում գյուղացիներն են: Մի մոռացեք, որ Գյումրին Փարիզ չի, գործն էլ մեր քաղաքում թափած չէ, որ գյուղացին իր տուն-տեղը թողնի՝ գա Գյումրիում փտած դոմիկի մեջ ապրի: Եթե գյումրեցու պրոբլեմներին ծանոթ չեք, գոնե անպատասխանատու հայտարարություններ մի արեք»:

Նախագահը տեսնելով, որ եթե բոլոր բողոքները լսի՝ ստիպված պիտի լինի երկար ժամանակ Գյումրիում մնալ, շտապեց հեռանալ՝ չլսելով անգամ մարզպետարանի շենքի դիմաց նախագահին սպասող անվասայլակով հաշմանդամին: Նախագահի այցը սահմանափակվեց մարզպետի առանձնասենյակում տեղի ունեցած փակ խորհրդակցությամբ, որին մասնակցում էին տեղի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարները: Թե ինչ էր քննարկվել ներսում, խորհրդակցությունից հետո ոչ մի պաշտոնյա չցանկացավ լրագրողներին տեղեկատվություն տրամադրել: Սակայն տեղական իշխանավորների շփոթված դեմքերից կարելի էր ենթադրել, որ Քոչարյանը «շշպռել» էր: Ավելի ուշ արդեն լուրեր տարածվեցին, որ նախագահը խիստ դժգոհություն է հայտնել անօթեւաններին կառավարության իրականացրած բնակարանների գնման ծրագրի իրագործումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել