Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ՄԻՇՏ «ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ» ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ

Դեկտեմբեր 12,2006 00:00 Share

\"\"Այսպիսի գնահատական էին տալիս երեկ ընդդիմադիր ուժերը Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության կապակցությամբ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամլո կենտրոնը երեկ տարածել էր հայտարարություն այն մասին, որ դեկտեմբերի 10-ին ձերբակալված Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանն ու նրա մի շարք կողմնակիցներ «ուժային միջամտություն էին ծրագրել Հայաստանի առաջիկա քաղաքական գործընթացներին»: Հայտարարության մեջ ասվում է. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ այն մասին, որ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա մի շարք կողմնակիցների նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությունը, չունենալով ՀՀ օրենքներով նախատեսված գրանցում, նպատակ է հետապնդել ՀՀ-ում առաջիկա քաղաքական գործընթացներին հակաիրավական, ուժային միջամտություն ցուցաբերել, մասնավորապես 2007թ. կայանալիք ընտրությունների ընթացքին ուղղորդել՝ դիմելով ծայրահեղական գործողությունների»: ԱԱԾ-ն նշում է, որ այդ կազմակերպության դեկտեմբերի 2-ի փակ համաժողովի ընթացքում կառույցի որոշ ղեկավարներ հրապարակային կոչեր են արել զինված պայքարով ազատվել գործող իշխանություններից, եւ «ներկայացվել են այդ ուղղությամբ գործողությունների ծրագրեր»: Ասվում է նաեւ, որ «Հայ կամավորականների համախմբման» ղեկավարները ծրագրել էին ընդդիմությանը դրդել քաղաքական անհնազանդության եւ բախումների. «Ընդ որում, ծրագրվում էր ճնշում իրականացնել նաեւ քաղաքական ընդդիմադիր կառույցների վրա, որպեսզի նրանք ձեռնարկեին հակաիրավական գործողություններ ՀՀ իշխանությունների դեմ»:

Ընդդիմադիր ուժերը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրահում երեկ հավաքվել էին ի պաշտպանություն ձերբակալված «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության ղեկավար, Շուշիի հատուկ գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության Աշտարակի գրասենյակի պատասխանատու, այդ քաղաքի նախկին միլպետ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի։

Շաբաթ գիշերը ԱԱԾ աշխատակիցները «այցելել» են նաեւ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ակտիվիստներին, այդ մասին երեկ տեղեկացրեց ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը տեղեկացրեց, որ նույն գիշերը հարցաքննության եւ խուզարկության են ենթարկվել նաեւ ՀԺԿ Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղի ակտիվիստները: Ընդդիմադիր բոլոր ուժերը մասնակցում էին հավաքին, հրավիրված էին նաեւ ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները, սակայն վերջիններս չէին եկել: Նրանցից մեկի ներկայացուցիչը, ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝ «հրավերը մերժելով ասել էր՝ ի՞նչ է եղել որ, երեք մարդ են ձերբակալել, դրա համար արժե՞ այսքան աղմուկ բարձրացնել»: «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանը կոչ արեց հանդիպմանը ներկա քաղաքական ուժերին. «Կամ միացեք, կամ այս երկիրը մենք կորցնում ենք, Հայաստանը ներառյալ, ուրիշ ոչ մի բան մենք չունենք ասելու»: ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ներկա է եղել «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության հիմնադիր հավաքին. «Եվ քանի որ միակ պատգամավորն եմ, որ ներկա եմ եղել եւ ելույթ եմ ունեցել, իմ ելույթում ասել եմ, որ լիովին կիսում եմ պատասխանատվությունը, ԱԺ արտահերթ նստաշրջանի հենց սկզբից պահանջելու եմ, որ գլխավոր դատախազը մտնի եւ գործ ներկայացնի, որ ինձ էլ ձերբակալեն: Ես ներկա եմ եղել եւ որեւէ կոչ հեղաշրջման կամ բռնի ուժով իշխանությունը տապալելու կամ վերցնելու չի եղել, այո, զգացմունքային մթնոլորտ է եղել, ինչը հասկանալի է, քանի որ ներկա էին մարդիկ, ովքեր արյան գնով նվաճել են այն հաղթանակը, որի հետագա ճակատագրի վերաբերյալ անհանգստություն ունեն»:

Արամ Կարապետյանը տեղեկացրեց. «Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են ռեստորանում, կնոջ ներկայությամբ, 15 դիմակավոր անձինք խուժել են ռեստորան, պառկեցրել են բոլորին գետնին։ Պարզաբանվում է, որ իր մոտից հանել են զենք, որը իբր ժամկետանց է, ձեռնաշղթաներ են գցել ձեռքերին եւ տարել են»: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկ միասնական էին, գտնում էին, որ պետք է պահանջել իշխանություններից անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանը ասաց. «Նմանատիպ գործընթացների Հայաստանի քաղաքական դաշտը քաջածանոթ է, երբ ընտրություններից կամ որոշակի գործընթացներից առաջ իշխանությունը, հատկապես ուժային կառույցները եւ Հայաստանում գործող կրիմինալը գործողություններ են իրականացնում ահաբեկելու թե՛ քաղաքական դաշտը, թե՛ հասարակությանը: Այս անգամ երկու շատ կարեւոր հանգամանքն է համընկել. մեկը ապագա ընտրություններն են, երբ իշխանությունը ցանկանում է ամեն գնով վերարտադրվել, եւ երկրորդը ԼՂՀ-ի հետ կապված գործընթացներն են, ինչպես տեսնում եք՝ հարվածը գնացել է ազատամարտիկների նկատմամբ»:

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության փոխնախագահ Արմեն Եղյանին այսօր են կանչել ԱԱԾ՝ հարցաքննության, եւ երեկ «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ իրենց ընկերներից 32 հոգու արդեն հասցրել են խուզարկել, հարցաքննել եւ ստորագրություններ են վերցրել քաղաքից չբացակայելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել