Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերցնելու բան ունենք, տալու՝ չունենք»

Դեկտեմբեր 12,2006 00:00

ԵԿՄ 7-րդ համագումարում հայտարարեց կազմակերպության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵԿՄ 7-րդ համագումարը, որին երկրի նախագահ Ռ. Քոչարյանը ողջույնի ուղերձ չէր հղել: Համագումարին ներկա չէր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա անունից ողջույնի խոսք ասաց բանակի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: Թեեւ համագումարի նախօրեին ԵԿՄ վարչության եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը կանխատեսել էր, թե համագումարի հիմնական թեման կլինի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համատեքստում 7 շրջանների վերադարձն ու հնարավոր փոխզիջումների վերաբերյալ «երկրապահների» գնահատականները, այդուհանդերձ, այդ հարցը երկրապահները համեստորեն շրջանցեցին՝ սահմանափակվելով միայն հպանցիկ անդրադարձներով ու «ազատագրված տարածքները պաշտպանելու» հատուկենտ հնչած կոչերով: Համագումարում միակ ուշագրավ ելույթը, թերեւս, ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքային կառույցի ղեկավարինն էր, որը ՀՀ ոստիկանապետից պահանջեց Սեդրակ Զատիկյանին քրեական տարրերի հետ կապելու ու նրա անունն արատավորելու փոխարեն զբաղվել նրա սպանության բացահայտմամբ:

ԵԿՄ համագումարի որոշմամբ ընդլայնվեց կազմակերպության վարչության կազմը՝ 45-ից դառնալով 65 անդամ:

Համագումարից հետո նորընտիր վարչության անդամների հրավիրած ասուլիսի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ի պատասխան հնչած հարցերից մեկին՝ ասաց, թե ԵԿՄ-ն քաղաքականությանը չի խառնվել ու չի էլ խառնվելու, որովհետեւ «առանց էդ էլ սաղ երկիրը զբաղված ա քաղաքականությամբ»: Ըստ նրա, ԵԿՄ-ի որոշ մասը քաղաքականությամբ զբաղվում է, բայց նրանք մարզային կամ համայնքային կառույցներ չեն ղեկավարում: ԵԿՄ-ն միջամտելո՞ւ է, արդյոք, առաջիկա ընտրություններին, եթե դրանց ընթացքում իշխանությունների ու հասարակության միջեւ խռովություններ լինեն: «ԵԿՄ-ն առաջին հերթին ժողովուրդ է, հետո նոր՝ զինվորներ ու քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: ԵԿՄ-ն որպես այդպիսին՝ նման որոշում չունի, բայց պաշտպանելուց էլ միմիայն սահմանները, արդարությունն ու ժողովրդին կպաշտպանի: Ես դա ձեզ 100 տոկոսով խոստանում եմ»,- հայտարարեց գեներալը: Եթե բանակը, այնուամենայնիվ, դուրս բերվի ժողովրդի դեմ՝ ԵԿՄ-ն, որի անդամների մի մասը զինվորականներ են, դուրս կգա՞ ժողովրդի դեմ: Այս հարցին ի պատասխան՝ Մ. Գրիգորյանն ասաց. «Չի կարա: Անձամբ ես դուրս չեմ գա: Բանակը ժողովրդին պաշտպանելու համար ա, բանակը ժողովրդինն ա, ոչ մեկի սեփականությունը չի: Ով ժողովրդի դեմ բանակ ա հանում, ուրեմն էդ ազգից չի: Եղա՞վ»:

Վերադառնալով տարածքների հավանական վերադարձին վերաբերող հարցադրմանը՝ ԵԿՄ վարչության նախագահն ասաց. «Մենք հողերն ազատագրել ենք անվտանգության գոտի ստեղծելու համար: Ղարաբաղի անկախության հարցը հենց որ կլուծվի, հնարավոր է՝ հողերի փոխանակման հարց առաջանա»: Մ. Գրիգորյանն, ընդ որում՝ նկատի ուներ, ոչ թե տարածքները որպես փոխզիջում վերադարձնելը, այլ՝ դրանք փոխանակելը. «Այսօր էլ Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու շրջանի գյուղերը, Հայաստանի տարածքից՝ Արծվաշենը, Նոյեմբերյանի հազարավոր հեկտար հողեր գտնվում են ադրբեջանցիների ձեռքում: Էն ժամանակ հնարավոր է փոխանակում, էդ արդեն մեր գործը չի, էդ քաղաքական դաշտի գործն ա: Ղարաբաղի անկախ լինելու դեպքում նոր կարելի է նման փոխանակում անել: Առանց Ղարաբաղի անկախության կամ մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու ո՞նց կարամ ուրիշ բան ասեմ: Չհաշված մեր պապերի հողերը, որ առել են ու հազար տարի հետո էլ լինի՝ պտի հետ տան, իրանց բկին կանգնի»: Ո՞րն է այն սահմանը, որից հետո ԵԿՄ-ն կխառնվի ԼՂ հիմնահարցի լուծմանը: «Ես զիջումների մասին չասեցի ու չեմ էլ ասելու: Ես պատրաստ եմ հենց էս պահին մեռնել, բայց նման բան չեմ ասելու: Ես ասեցի՝ ԼՂ անկախությունից հետո հնարավոր է տարածքների փոխանակում: Իսկ եթե էնտեղ թզերով չափելու, հաշվապահության հարց կա՝ էդ իմ գործը չի: Մենք կխոսենք էն ժամանակ, երբ էդ տարածքներ չափողները ճիշտ թզերով կամ մետրերով չչափեն: Մենք տալու բան չունենք: Վերցնելու շատ բան կա, տալու՝ բան չկա»,- հայտարարեց Մ. Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել