Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄ-ն չի ներգրավվելու սցենարում

Դեկտեմբեր 12,2006 00:00

«Ազգային միաբանության» ներկայացուցիչները չմասնակցեցին Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության կապակցությամբ ընդդիմադիր ուժերի երեկ անցկացրած հավաքներին եւ հետո էլ չստորագրեցին ուշ երեկոյան տարածված հայտարարությունը:

 «Առավոտի» խնդրանքով հայտնելով իր դիրքորոշումը, թե գուցե հիմնավո՞ր է համարում Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա մի շարք կողմնակիցներին սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի համար ձերբակալելը՝ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Այս պատմությունը զավեշտալի է թվում առաջին հայացքից: Մինչդեռ արդեն իսկ ակնհայտ են դառնում այն հեռուն գնացող ծրագրերը, որոնք փորձում են կյանքի կոչել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Խնդիրը պարզ է՝ ամեն կերպ ուզում են միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների ղեկավարության մոտ ստեղծել պատրանք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հղի է լրջագույն, անգամ իսկ պետական հեղաշրջման վտանգներով: Եվ կարգավորման այդ ծրագրերը կարող են կյանքի կոչել միայն ու միայն պարոնայք Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Տեսեք, թե առաջիկայում արհեստական ի՜նչ մեծ աղմուկ կբարձրացնեն այս գոյություն չունեցող՝ «նախապատրաստվող հանցագործության» շուրջ: Խնդիրը լինելու է մեկը՝ թե իբր իրենք հաղթահարում են ներքին լրջագույն ընդդիմություն: Ընդ որում՝ կստեղծեն մի իրավիճակ, որ անգամ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հենարանը հանդիսացող քաղաքական ուժերը, ճիշտ է՝ մեղմորեն, բայց իրենց անհամաձայնությունը կհայտնեն իշխանությունների գործողություններին: Եվ Ժիրայր Սեֆիլյանն, որն ինչ խոսք՝ շատ ազնիվ, անկեղծ ու նվիրյալ անձնավորություն է, ընտրված է այն պարզ պատճառով, որ նրա հայրենասիրության կապակցությամբ չկան կասկածներ: Իսկ որ կփորձեն գործ սարքել՝ իսկապես այդպես է: Եվ արդեն իսկ փորձում են:

Հաշվարկը շատ պարզ է. խնդիր է դրված, որ եթե արտահերթ նախագահական ընտրություններ լինեն՝ ամեն ինչ արվի, որ Սերժ Սարգսյանը զավթի իշխանությունը եւ շարունակի պրն Քոչարյանի սկսած ծանր ու դժվարին գործը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Իսկ խորհրդարանական ընտրությունների պարագայում՝ պրն Քոչարյանը միջազգային հանրությանը կխնդրի ու կաղերսի, որ մի քիչ ներողամիտ լինեն սպասվող ընտրակեղծիքների հանդեպ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի եւ Քոչարյանին սատարող մյուս ուժերի հետ միասին անպայմանորեն ունենա մեծամասնություն ու ԼՂ հարցը լուծվի այնպես, ինչի համաձայնությունն արդեն Ռոբերտ Քոչարյանը տվել է Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Ճիզվիտական սցենար, որ հատուկ է Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին: Եվ այս սցենարի մեջ են հերթական անգամ ներքաշել նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերին: Իսկ այն ուժը, որն այս սցենարը նախապես է կարդացել ու հասկանում է, թե ուր են գնում՝ բնականաբար, կարող է կրկին ու կրկին ընկալվել որպես ընդհանուր հոսանքից մի կողմ գնացող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել