Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ

Դեկտեմբեր 12,2006 00:00

Ձերբակալվածներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ընկերները երեկ համոզված էին, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների վերջին՝ «Արաքս-Քուռ» հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունն է պատճառը, որ ձերբակալությունների շարք է սկսվել: Մեր ունեցած տեղեկություններով, հիմնադրամը կոչված էր ֆինանսապես ապահովել Սեֆիլյանի հասարակական եւ քաղաքական կառույցների գործունեությունը, այդ թվում՝ Ջավախքում:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գրիգոր Հարությունյանը, Սմբատ Այվազյանը, Վազգեն Մանուկյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը պատրաստել են հայտարարություն, որում բողոք է հայտնվում Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նախկին ազատամարտիկների ձերբակալությունների առնչությամբ: Նշվեց, որ հայտարարությունը բաց է, եւ մյուս պատգամավորները եւս կարող են միանալ այդ փաստաթղթին: «ՏԷՑ-ի կրուգում մի 100 մարդ կամ մի 100 զենք կար: Ոչ մեկը չգտան: Թողնում են բանդաները գործեն, ազատամարտիկներին վերահսկում են»,- երեկ նկատեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:

Երեկ ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի՝ հայտարարությունը ստորագրել են մի շարք կազմակերպություններ՝ «Նոր ժամանակներ», «Հայրենիք ու պատիվ», «Հանրապետություն», «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայաստանի ժողովրդական, Հայաստանի դեմոկրատական, «Ազգային ինքնորոշում միավորում», «Սահմանադրական իրավունք միություն», Հայաստանի ազատական-առաջադիմական, «Օրինաց երկիր», Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան, «Ազգային ժողովրդավարների միություն», «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունները, ինչպես նաեւ Մտավորականների ֆորումի ավագանին, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը, «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն: Առանձին հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել