Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարգավորվի՞ ավիավառելիքի խնդիրը

Դեկտեմբեր 12,2006 00:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդ առնչությամբ ուսումնասիրություններ է կատարում:

«Զվարթնոց» օդանավակայանում մինչ օրս ավիավառելիքի դեֆիցիտ կա: Օդանավակայանին վառելիք մատակարարող միակ ընկերությունը՝ «Միկա լիմիթեդը», պայմանագրով խոստացած վառելիքի ամբողջ խմբաքանակը դեռ չի բերել, եւ ավիաընկերությունները շարունակում են այլ երկրների օդանավակայաններում լիցքավորվել:

Հաշվի առնելով, որ «Զվարթնոցում» ավիավառելիքի հետ կապված խնդիրներն արդեն պարբերական բնույթ են կրում, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է արել՝ հիմք ընդունելով մամուլում, այդ թվում՝ «Առավոտ» օրաթերթում այդ մասին հրապարակված նյութերը: Հանձնաժողովից տեղեկացանք, որ ընդհանուր առմամբ ավիաընկերությունները նույնպես հաստատել են, որ մեր ինքնաթիռները ավիավառելիքի ճգնաժամի պատճառով հարկադրված վայրէջք են կատարում այլ օդանավակայաններում, անընդհատ հետաձգում կամ չեղյալ են համարում իրենց չվերթերի մի մասը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախնական գնահատականներով՝ «իրավահարաբերությունների կարգավորման խնդիր կա»: Այսինքն, եթե սա ավելի մատչելի բացատրենք, «Զվարթնոցի» եւ մատակարար ընկերության միջեւ պայմանագրային հարաբերությունները հստակեցման կարիք ունեն: «Միկա» ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանի հետ պայմանավորվածություն ունի եւ պարտավորվել է օդանավակայանին ապահովել վառելիքով, սակայն մեր երկրում երկու ամիսը մեկ ավիավառելիքի ճգնաժամ է լինում, եւ ընկերությունը դրա դիմաց որեւէ փոխհատուցում չի տալիս, չի պատժվում:

Մոտ երկու շաբաթ առաջ ավիավառելիքի ճգնաժամի հետ կապված պարզաբանումներ տալիս Քաղավիացիայի վարչությունից մեզ ասացին, որ առայժմ «Միկայի» եւ «Զվարթնոցի» խնդիրներին չեն միջամտելու, քանի որ վնասները մեծ չեն եւ վառելիքի դեֆիցիտի հարցն էլ շուտով կլուծվի: Սակայն մինչ օրս վառելիքի հարցն այդպես էլ չի լուծվել, եւ քաղավիացիան այդպես էլ գործին չի խառնվել: Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի կեսից, ինչ սկսվել է վառելիքի ճգնաժամը, ավիաընկերությունները մեծ վնասներ են կրել:

Թե վառելիքի դեֆիցիտի առնչությամբ ինչ եզրակացության կգա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ պարզ կլինի հաջորդ շաբաթ՝ հանձնաժողովի նիստում:

Բացի ավիավառելիքի խնդրից, հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ շաքարավազի, կարագի, հավի ձվի, մսամթերքի, բենզինի, գարեջրի, դիզելային վառելիքի, ցեմենտի եւ շինարարական այլ նյութերի շուկաներում տնտեսվարողների վարած գնային քաղաքականությունը: Չնայած դոլարի կուրսն իջել է, սակայն ներկրվող մի շարք ապրանքների գները շուկայում չեն իջել: Բացի այդ, թեեւ տեղական արտադրության որոշ ապրանքների ինքնարժեքը ցածր է եղել, սակայն, ըստ հանձնաժողովի, դրանց գները շուկայում մի բան էլ բարձրացել են եւ հնարավոր է՝ շուկայում գերիշխող դիրք ունեցողները միմյանց հետ համաձայնության են եկել: Հաջորդ շաբաթ հանձնաժողովը կքննարկի նաեւ այս հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել