Լրահոս
Օրվա լրահոսը

Հ1-Ի ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ՝ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 12,2006 00:00

\"\"Ըստ Հրաչ Քեշիշյանի՝ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն» ու «Եվրատեսիլ» մեկնողի ընտրությունը թափանցիկ կլինի:

Հանրայինի եթերում վաղուց ձեւավորվել է «աստղերի» նեղ, կաստայացված շրջանակ, որոնց կայացման ողջ ընթացքը ուղղորդվում եւ կառավարվում է հենց Հ1-ում: Չնայած սրան, հանրայինի երկու միջոցառումներ՝ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը» (որն այս տարի կկայանա Ազգային օպերային թատրոնում՝ դեկտեմբերի 14-ին) եւ «Եվրատեսիլը», հանրության մեջ որոշակի հետաքրքրություն են առաջացրել:

Զրուցեցինք Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ:

Հետաքրքրվեցինք՝ արդեն չորրորդ անգամ անցկացվող Ազգային երաժշտական մրցանակաբաշխության անվանակարգերում ինչպե՞ս են ընտրվում երգիչը, խումբը, կոմպոզիտորը, հիթը… քանի որ մեզ հետ զրուցած որոշ կատարողներ ասում են՝ իրենք են ներկայացնում իրենց, մյուսներն էլ, թե՝ Հ1-ն է տալիս իրենց թեկնածությունը: Հրաչ Քեշիշյանը պարզաբանեց, որ մրցանակաբաշխության կազմկոմիտեն՝ բաղկացած Հանրային հեռուստառադիոխորհրդի գեղարվեստական խորհրդից եւ ժյուրիից, որը եւ համաձայնեցնում է իր որոշումը այս կամ այն անվանակարգում առաջ քաշված նոմինանտի հետ: «Այս տարի փոխված է միայն քվեարկության կարգը: Նախկինում ծրարները բացվում էին հանդիսականի առջեւ, այժմ անվանակարգի հաղթողի անունը կհայտնվի էկրանին՝ դահլիճում նստած ժյուրիի էլեկտրոնային քվեարկության արդյունքում: Ժյուրին ղեկավարում է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, անդամներն են Հայաստանի ռադոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը, Հ1-ի գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը, դերասան Հրանտ Թոխատյանը եւ այլք»,- ասաց պրն Քեշիշյանը: Փաստորեն, ստացվում է այնպես, որ «Տարվա լավագույն երգիչ եւ երգչուհի» անվանակարգում ընդգրկվածներն իրենք են ներկայացնում իրենց, ինչը անտրամաբանական է, մյուս կողմից՝ հասկանալի է, թե ինչ դժվար է ժյուրիի համար ընտրություն կատարել երգիչների միջեւ, ովքեր, այսպես ասած, Հ1-ի ընտանիքի անդամ են: Այս դիտարկման առիթով, գլխավոր պրոդյուսերը տեղեկացրեց, որ միայն տարվա լավագույն երգիչ կամ երգչուհի անվանակարգում ընդգրկվածներին որոշում է կազմկոմիտեն եւ ժյուրին. «Այս տարի «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում են Հայկոն եւ Միստր X-ը, իսկ «Լավագույն երգչուհի» անվանակարգում՝ Էմմին եւ Հասմիկ Կարապետյանը»: Ըստ Հ. Քեշիշյանի, չորս տարիների ընթացքում իրենք եկել են այն համոզման, որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը ոչ թե սոսկ մրցանակ ստանալու տեղ է, այլ տոն, որին թե կազմակերպիչները, թե նոմինանտները հաճույքով են սպասում:

Զրուցելով «Եվրատեսիլ 2007-ի» նախապատրաստական աշխատանքների շուրջ, մեր զրուցակիցն ասաց, որ իրենք արդեն ունեն երգեր՝ ստացված նույնիսկ արտերկրից. «Օրինակ՝ գերմանաբնակ Մերի Ոսկանյանը արդեն չորս երգ է ուղարկել մեզ, կամ տարիներ շարունակ Անգլիայում ապրած, այժմ Հայաստանում հաստատված «Վոքս» խմբի անդամները ներկայացրել են հետաքրքիր կոմպոզիցիա… Հայտերի ընդունումը կավարտենք փետրվարի վերջին: Իսկ «Եվրատեսիլի» մասին տեղեկատվություն կհաղորդենք հունվարի 15-ից հետո: Հ1-ն արդեն գրավոր դիմել է անվանի կոմպոզիտորներին, այդ թվում՝ Ռոբերտ Ամիրխանյանին, ովքեր էլ խոստացել են ներկայացնել իրենց ստեղծագործությունները՝ գրված «Եվրատեսիլի» համար: Կլինեն ուղիղ եթերներ, եւ այս տարի ժողովուրդը կորոշի, թե որ երգը եւ որ կատարողը մեկնի մրցույթի»:

Հետաքրքրվեցինք, «Եվրատեսիլ 2007-ում» Հայաստանը կներկայացնի երգչուհի՞, թե՞ երգիչ: Հ. Քեշիշյանն ասաց, որ ըստ «եվրատեսիլյան» վիճակագրության, մրցույթի մասնակիցների օգտին քվեարկողները հիմնականում տղամարդիկ են, որոնց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է երգչուհիներին: Այդ է պատճառը, որ «Եվրատեսիլում» տղամարդ երգիչները հաղթում են 4 տարին մեկ անգամ. «Այնպես որ, եթե արժանի երգչուհի կլինի, թող նա էլ ներկայացնի Հայաստանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել