Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային երկխոսություն՝ Ծաղկաձորում

Դեկտեմբեր 12,2006 00:00

Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացրել են իրենց մշակույթն ու ազգային ծեսերը

Դեկտեմբերի 8-12-ը «Համահայկական միջազգային կենտրոն» հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել է միջմշակութային փառատոն, որին մասնակցում են 11 ազգերի շուրջ 50 երիտասարդներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Փառատոնի իրականացմանն աջակցել են նաեւ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատները: Չորս օրերի ընթացքում հայ, հույն, ասորի, եզդի, վրացի, արաբ, պարսիկ, հնդիկ, բելառուս, չինացի մասնակիցները ներկայացրել են իրենց երկրի պատմությունը, աշխարհագրությունը, բնությունը, ճարտարապետությունն ու քանդակագործությունը, կրոնն ու հոգեւոր ծեսերը, երաժշտությունն ու պարը, կինոն, խոհանոցը, ազգային տարազները: Փառատոնի ընթացքում մասնակիցները միմյանց հետ շփվել են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Նրանց հավաստմամբ, լեզվական տարբերությունները բնավ չեն խանգարել փառատոնի կայացմանը: «Համահայկական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը նշեց. «Մենք առաջինն էինք, որ մշակույթի ոլորտում նման երկխոսության գաղափար առաջ քաշեցինք: Այսօր գիտության, տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ, մշակույթը կարեւոր դեր ունի ազգի պահպանման գործում: Աշխարհում բազմաթիվ երկրներ ունեն տարաբնույթ խնդիրներ, եւ դրանք մեղմելու համար կարեւոր է մշակութային երկխոսությունը»: Ա. Սինանյանը նշեց, որ Հայաստանը միատարր երկիր է եւ հաճախ այլ ազգերի մշակույթին ծանոթանալու քիչ հնարավորություն ենք ունենում, իսկ նմանատիպ միջոցառումները կարող են լրացնել այդ բացը: Փառատոնի մասնակիցների պնդմամբ, երիտասարդները այսպիսի շփումների ժամանակ կարող են մոռանալ իրենց երկրների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները:

Փառատոնի օրերին տարբեր ազգերի երիտասարդներ աջակցել են միմյանց: Օրինակ, երբ եզդի տղաները նշել են, որ ազգային խոհանոցը ներկայացնող մրցույթին իրենք չեն կարող մասնակցել, քանի որ իրենց ավանդույթների համաձայն խոհանոցը տղամարդու տեղը չէ, իսկ նման միջոցառումներին եզդի կանայք իրավունք չունեն մասնակցելու, այլ ազգերի աղջիկներն են նրանց ներկայացրած բաղադրատոմսերով պատրաստել եզդիական ուտեստներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել