Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ՝ գետնանցումում

Դեկտեմբեր 14,2006 00:00

Անցումում տեղակայված կրպակները անվտանգության կանոնները չեն պահպանում, ինչն էլ հանգեցնում է արտակարգ իրավիճակների:

«Ձողը մեջքիդ կջարդեմ»,- երեկ Աբովյան-Կորյունի խաչմերուկում գտնվող գետնանցումի կրպակատերերը, փայտերն ու աշխատանքային գործիքները ձեռքներին, այսպիսի հայտարարությամբ մեզ վտարեցին տարածքից, երբ փորձում էինք լուսանկարել անցումում տեղակայված այն խանութը, որն առավոտյան ժամը 9-ի սահմաններում հրդեհվել էր: Բանն այն է, որ անցումներում մի շարք «քյաբաբնոցներ» կան, որոնք պոտենցիալ հրդեհի բույն են: Այդ «քյաբաբնոցներն» ու ընդհանրապես անցումում տեղակայված կրպակներն առանց այդ էլ քաղաքապետարանի կողմից ապամոնտաժման վտանգի տակ են եւ եթե պարզվի, որ առեւտրի ոչ մի չափանիշի չհամապատասխանող արագ սննդի այդ կետերը հրդեհի պատճառ են դարձել՝ քաղաքապետարանը շատ հիմնավոր պատճառներ կունենա դրանք ապամոնտաժելու: Կրպակատերերը միայն ցույցերի ու գործադուլի գնով են կարողացել հասնեն նրան, որ քաղաքապետարանը ժամանակավորապես հետաձգի իրենց կրպակների ապամոնտաժման գաղափարը:

Երեկ առավոտյան տեղի ունեցած դեպքից տուժել է խանութներից միայն մեկը, որովհետեւ հրշեջ ծառայությանը հաջողվել է կրակը շուտ մարել: Բայց հաշվի առնելով մի քանի մետր տարածքում կողք կողքի տեղակայված տասնյակ կրպակների դասավորվածությունը, հնարավոր էր վնասներն ավելի մեծ լինեին եւ ավելի շատ թվով կրպակներ տուժեին: Մեր այցելության պահին տարածքը տախտակներով «պարսպապատված» էր եւ հարեւան կրպակատերերն ուշի ուշով հետեւում էին, որ ոչ ոք չմոտենա եւ հրդեհի մասին ավելորդ հարցուփորձ չանի: «Հոգնել ենք արդեն, առավոտվանից գալիս են, մեզ են վրա տալիս, ուզածներն էն ա, որ գան սաղ անցումը փակե՞ն»,- սրտնեղեց հրդեհված խանութի անմիջապես կողքին տեղակայված «քյաբաբնոցի» ներկայացուցիչը:

Հրդեհի բռնկման պատճառների մասին նախնական վարկածի համաձայն, այն եղել է հոսանքի տատանումից: Արտակարգ իրավիճակների վարչությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ դեռ վաղ է հստակ ասել, թե ինչից է կրակ բռնկվել. «Դեռ հետաքննություն է գնում եւ ստույգ պատճառը հայտնի կդառնա 10 օրվա ընթացքում, երբ պարզ կլինեն նաեւ լաբորատոր ստուգումների արդյունքները»: ԱԻՎ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ այրվել է 20 քառակուսի մետր տարածք: Քանի որ հրդեհված խանութում վաճառվել է հագուստ, մոխրացել է նաեւ այնտեղ ցուցադրվող ողջ տեսականին: Վնասի չափերն առայժմ ճշտվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել