Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ՆՈՒՇԻԿՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Դեկտեմբեր 15,2006 00:00

«Նուշիկյան ասոցիացիայի» նախագահի կարծիքով, բնակիչներին հուզում են ոչ թե կանաչ տարածքները, այլ փոխհատուցումները:

Մայրաքաղաքի Կենտրոն համայնքի Տերյան 56 եւ Աղայան 19 շենքերի միջեւ ընկած տարածքը «Նուշիկյան ասոցիացիան» օրերս պարսպապատել է` գրասենյակ եւ հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Սա հարուցել է նշյալ հասցեի հարակից շենքերի մի խումբ բնակիչների զայրույթը, որոնք արդեն քանի օր է՝ «Նուշիկյանների» նախագծի դեմ լուրջ պայքար են սկսել: Բնակիչների համոզմամբ, կառուցապատումն անօրինական է եւ այն իրականացվելու դեպքում կխախտվեն մի շարք օրենքներ, ինչպես նաեւ բնակիչների իրավունքները: «Նուշիկյանների» դեմ բնակիչների պայքարին միացել է նաեւ այդ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը միջնորդում է, որպեսզի բնակիչները Երեւանի քաղաքապետի, Կենտրոնի թաղապետի եւ այլ պաշտոնյաների մոտ ընդունելություն ստանան: Տարածքի բնակիչներին հատկապես վրդովեցրել է, որ իրենք նախապես իրազեկված չեն եղել կառուցապատման մասին, որ շինարարության արդյունքում մոտ 20 ծառ պետք է հատվի եւ որ կառուցվելիք 4 հարկանի շենքը փակելու է բնակարանների բնական լույսը: Նախօրեին բնակիչները հանդիպել են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Բնակիչներից մեկի՝ Ռուբեն Թորոսյանի խոսքերով. «Քաղաքապետը բանավոր կերպով որոշում ընդունեց դադարեցնել «Նուշիկյանների» կողմից իրականացվող անօրինական գործընթացները, սակայն այսօր «Նուշիկյան» ասոցիացիան սովորականի նման շարունակում է շինթույլտվությամբ նախատեսված իր աշխատանքը: Ավելին, քաղաքապետարանում ոչ մի իրավասու պաշտոնյա ծանոթ չէր քաղաքապետի՝ մեզ տրված խոստմանը»:

Երեկ այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը հավաստիացրեց, որ այդ հասցեում շինաշխատանքները սկսելու համար իրենք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. «Այդ տարածքը մենք սեփականաշնորհել ենք 2002 թվականին: Ամեն ինչ օրենքի սահմաններում է, ես էլ եմ այդ բակում մեծացել եւ իմ սիրտն էլ է ցավում, իմ երեխաներն էլ են այդտեղ ապրում, մենք չենք ուզում որեւէ մեկին վնասել: Ինչ վերաբերում է ծառերին, դրանք արժեքավոր չեն եւ հետո օրենքը չի արգելում որպեսզի ես իմ տարածքում շինարարություն անեմ: Փոխարենը հարակից տարածքում 250 հազար դոլարանոց ծրագիր ենք իրականացնում՝ լինելու է կանաչապատ տարածք, խաղահրապարակ ու նոր ծառեր են տնկվելու: Մենք բնակիչներին մի քանի տարբերակ ենք առաջարկում, սակայն նրանք չեն համաձայնում»: Գ. Նուշիկյանի խոսքերով, իրենք այդ շենքերի բնակիչներին առաջարկել են տվյալ տարածքում առկա ավտոտնակները ընկերության միջոցներով ապամոնտաժել եւ տեղադրել ստորգետնյա տարածքում, իսկ դրանց տեղը դարձնել կանաչ տարածք: Սակայն «Նուշիկյանների» առաջարկին բնակիչները չեն համաձայնել:

Գործարարի խոսքերով՝ «Բնակիչներին իրականում ոչ թե կանաչ տարածքն է հետաքրքրում, այլ յուրաքանչյուրն իր պահանջն է դնում: Բնակիչներից մեկն ասում է՝ այս ամենի կազմակերպիչը ես եմ, ինձ էլիտար շենքում բնակարան գնեք, ես էլ չեմ բողոքի, մեկ այլ բնակիչ էլ պայման է դրել՝ 500 հազար դոլար տվեք, ինչ ուզում եք արեք, մյուսը խոստանում է մեզ հանգիստ թողնել, եթե 100 հազար դոլարով գնենք իր 60 քմ բնակարանը: Եթե հարցը կանաչ տարածքն է, ապա էդ դեպքում թող բակից հանեն իրենց ավտոտնակները, որոնք տեղադրվել են բակի կանաչ տարածքների հաշվին»:

Գ. Նուշիկյանը ցույց տվեց նաեւ իրազեկման համապատասխան պաստառները, որոնք, նրա խոսքերով, փակցվել են շենքերի պատերին եւ պատռվել բնակիչների կողմից. «15 անգամ փակցրել ենք՝ 15 անգամ էլ այն բնակիչները պոկել են, որպեսզի այսօր ասեն, որ իրենք իրազեկված չեն եղել: Բայց իրազեկման պաստառները նախքան այս նախագծի հաստատվելն ու շինթույլտվություն ստանալն ենք փակցրել տարածքում, որպեսզի պաստառի վրա նշված հեռախոսահամարով բնակիչներն իրենց առաջարկությունները ներկայացնեն, սակայն ոչ մի բնակիչ որեւէ առաջարկություն չի արել եւ մենք դրանից հետո դիմել ենք քաղաքապետարան, եւ նախագիծը հաստատվել է: Այսօր արդեն բոլոր փաստաթղթերը հաստատված են, բանկում վարկավորում է բացված, շինարարությունը դադարեցնելու դեպքում ո՞վ պետք է այդ ամենի համար պատասխան տա»:

«Առավոտի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վստահեցրեց, որ «Նուշիկյանների» շինարարության դեմ բնակիչների հետ միասին մինչեւ վերջ պայքարելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել