Լրահոս
Օրվա լրահոսը

«Paper boys international»-ը համերգ կտա

Դեկտեմբեր 15,2006 00:00

\"\"Արտո Թունջբոյաջյանի որդի Սեթոյի ղեկավարած խումբը երկրորդ անգամ կներկայանա հայ հանդիսատեսին

Երեկ «Աստրալ» ակումբում կայացավ «Paper boys international» նորաստեղծ խմբի մամլո ասուլիսը: Խումբը Արտո Թունջբոյաջյանի ղեկավարած «Armenian navy band» հետ համերգներով դեկտեմբերի 16-ից կներկայանա հայ հանդիսատեսին: «Paper boys international»-ը ստեղծվել է 2005-ին եւ հանդես է գալիս հիփ-հոփ ոճում: Առայժմ նրանք ելույթներ են ունեցել ԱՄՆ-ում եւ Հայաստանում: Խմբի անդամներ Սեթո Թունջբոյաջյանը՝ Արտո Թունջբոյաջյանի որդին, Ուիլյամ Դեյսը եւ Քարլթոն Կարվալյոն շուտով կթողարկեն իրնց առաջին ձայնասկավառակը՝ «The Recipe» խորագրով, եւ կպատրաստվեն 2-րդի լույսընծայմանը:

Ինչպես նշեց Արտո Թունջբոյաջյանը, երիտասարդներն իրենց երգերում անդրադառնում են աշխարհում առկա բազմաթիվ խնդիրների՝ հատկապես շեշտը դնելով երիտասարդներին հուզող հարցերի վրա: Նրանք իրենց երգերում նաեւ հայհոյանքներ են օգտագործում, ինչը ընդունված է ռեպում եւ հիփ-հոփում: Ըստ Արտոյի, ամեն մարդ իր զայրույթը այս կամ այն խնդրի առնչությամբ տարբեր կերպ է արտահայտում՝ մեկը հայհոյում է, մյուսը աթոռով հարվածում, մեկ ուրիշը դանակով կտրում է ինչ-որ մեկի վիզը: «Թվարկածներիս մեջ ամենահարմարը հայհոյանքն է: Պետք է մարդիկ համբերատար ըլլան եւ հասկանան երիտասարդ երաժիշտներուն»,- ասաց Ա. Թունջբոյաջյանը:

Իսկ Արտոն համբերատար է երիտասարդների հանդեպ, երբեք չի հիշեցնում, որ տարիքով մեծ է նրանցից, չի փաթաթում նրանց վզին իր երաժշտական ճաշակը, օգնում է խորհուրդներով:

Երգեր գրելիս «Paper boys international»-ի անդամները օգտագործում են շեփոր, սաքսոֆոն, հարվածային եւ ստեղնաշարային եւ այլ գործիքներ: Խմբի անդամները նշեցին, որ հայկական նվագարաններ էլ են օգտագործում իրենց ստեղծագործություններում, քանի որ դրանք դրսի հանդիսատեսի համար նորություն են. «Դրանք յուրօրինակ են, հետաքրքիր հնչողություն ունեն: Մենք համերգների ժամանակ զգում ենք, որ հայկական երաժշտական գործիքների կիրառումը «ռեպում» լավ է ընդունվում ու մեր կատարումներն ավելի օրիգինալ են դառնում»:

«Paper boys international» խմբի երգերի մեղեդին գրում է Սեթոն, իսկ խոսքերը՝ Ուիլյամն ու Քարլթոնը: Երիտասարդները հանդիպել են նաեւ հայ ռեպերների հետ: «Թեեւ լեզուն չէինք հասկանում՝ երգերը հայերեն էին, բայց երաժշտությունը շատ լավն էր»,- նշում են նրանք: Նրանք ցանկանում են իրենց առաջին տեսահոլովակը նկարահանել Հայաստանում: Այն կպատմի, թե ինչպես են անցկացնում իրենց կյանքի ուղին երիտասարդները: Ըստ տղաների, Հայաստանը իրենց հոգեհարազատ է դարձել: Սեթոյի կարծիքով, այստեղ մարդիկ բարի են, ազատ շփվում են միմյանց հետ, մի բան, որ դեֆիցիտ է Ամերիկայում: «Paper boys international» խմբի անդամները խոստովանեցին, որ երբ հունվարին ԱՄՆ վերադառնան՝ Հայաստանը շատ կկարոտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել