Լրահոս
Օրվա լրահոսը

Ատեստատները նվիրել են, տարածքները՝ օտարել

Դեկտեմբեր 18,2006 00:00

Ուսուցիչներն ապօրինությունների մեջ մեղադրում են միմյանց, իսկ գյուղապետը ոչնչից տեղյակ չէ

Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, այժմ ֆիզիկայի ուսուցիչ Դավիթ Դավթյանը: Նա ասաց, որ իր դիմումի համաձայն տնօրենի պաշտոնից 2006-ի մայիսին ազատվել է աշխատանքից, որովհետեւ արդեն հոգնել էր: Նա պատմեց, որ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Խաչատրյանը օգտագործում է ցանկացած առիթ՝ իրեն անօրինական քայլեր կատարելու մեջ մեղադրելու համար:

2004-ի նոյեմբերին Ա. Խաչատրյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազություն՝ բողոքով, որ Դ. Դավթյանը պաշտոնավարման տարիներին վաճառել է դպրոցի երեկոյան բաժնի 1997-1998թթ. ուստարվա շրջանավարտներից 11 հոգու ատեստատները: Դիմումի ստուգմամբ պարզվել է, որ տնօրենը իր ծանոթների խնդրանքով պարզապես դրանք նվիրել է այն քաղաքացիներին, որոնց ավարտական ատեստատները անհրաժեշտ են եղել բուհ ընդունվելու համար: Խոսքը 1997-98 ուստարվա այն շրջանավարտների մասին է, ովքեր թեեւ ավարտել են դպրոցը, սակայն ավարտական ատեստատները ստանալու համար ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացել: Եղել են նաեւ երեխաներ, ովքեր ՌԴ-ում են ավարտել դպրոցը, սակայն ավարտական վկայական չեն ունեցել, եւ դպրոցը նրանց ատեստատներ է նվիրել:

Այնուհետեւ 2006-ի հունվարին Ա. Խաչատրյանը նոր դիմումներ եւ բացատրություններ է ներկայացրել Կոտայքի դատախազություն, նշելով, որ Դավիթ Դավթյանը եւ Պռոշյանի նախկին գյուղապետ Վաչագան Սահակյանը դպրոցի անշարժ գույքի նկատմամբ օրինախախտումներ են թույլ տվել՝ կապված արհեստանոցի, սպորտդահլիճի մասնաշենքերի, ուսումնափորձնական հողամասերի եւ կաթսայատան տարածքի օտարման հետ: Ներկայացնելով Կոտայքի մարզի դատախազ Գ. Միքայելյանի որոշումը խնդրի առնչությամբ՝ պրն Դավթյանը նշեց. «Դատախազությունը գտել է, որ ես կապ չունեմ դրանց սեփականաշնորհման հետ: Փոխարենը կապ ունեն Պռոշյանի նախկին գյուղապետը՝ Վաչագան Սահակյանը, որը սեփականաշնորհել է հին արհեստանոցի շենքը: Սպորտդահլիճը սեփականաշնորհվել է ֆիզկուլտուրայի նախկին ուսուցչի՝ Ռուբեն Պետրոսյանի, իսկ ակտիվի դահլիճը՝ գյուղի բնակիչ Արտակ Տոնոյանի անուններով»:

Այս հարցերի մասին պարզաբանումներ փորձեցինք ստանալ նաեւ դպրոցի ներկայիս տնօրեն Աննա Մկրտչյանից: Նա ասաց, որ Դ. Դավթյանի եւ Ա. Խաչատրյանի հետ կապված ոչ մի հարցի չի պատասխանի: Ա. Մկրտչյանը, ինչպես տեղեկացանք Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանից, իր հերթին պատրաստվում է իր դիմումի համաձայն հրաժարվել տնօրենի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ վատառողջ է: Գյուղապետը տեղյակ չէր դպրոցի տարածքների օտարման հետ կապված խնդիրներին, թեեւ նշեց, որ գյուղապետարանում ինքն էլ է երբեմն այդ հարցերով զբաղվում. «Գիտեմ, որ դրանք սեփականաշնորհվել են, բայց ինչ ձեւերով՝ չգիտեմ: Թե ոնց են դրանք անցել նրանց՝ ինձ հայտնի չէ»: Գյուղապետն այնուհետեւ մեզ խորհուրդ տվեց գնալ գյուղ եւ գյուղացիներին հարցուփորձ անելով պարզել գործի իսկությունը: Կարծում ենք՝ դա նախեւառաջ գյուղապետի եւ ապա՝ իրավապահ մարմինների գործն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել