Լրահոս
Օրվա լրահոսը

Խորամանկ ֆորպոստը

Դեկտեմբեր 22,2006 00:00

Ըստ «Նոյյան տապանի», Վրաստանի արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոտե Գաբաշվիլին Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը մեղադրել է Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության ձմեռային նստաշրջանի ամփոփիչ կոմյունիկեի ստորագրումը ձախողելու մեջ:

Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի բյուրոյի նիստում հաշվետվություն ներկայացնելով Խորհրդարանական նախաձեռնության ձմեռային նստաշրջանի աշխատանքի մասին՝ Գաբաշվիլին ցավ է հայտնել հայկական կողմի դիրքորոշման պատճառով ամփոփիչ կոմյունիկեի չստորագրման առնչությամբ: «Նստաշրջանի աշխատանքի ընթացքում ձեռք բերվեցին շատ հետաքրքրական տեղաշարժեր, սակայն երբ վրացական պատվիրակությունը հարց դրեց, որ կոմյունիկեում ներառվի կետ Ռուսաստանում վրացիների եւ առհասարակ՝ Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչների հանդեպ այլատյացության դրսեւորումների վերաբերյալ, հայկական պատվիրակությունը հրաժարվեց կոմյունիկեում գրել «Ռուսաստան» բառը եւ դրա փոխարեն առաջարկեց նշել՝ «մի շարք երկրներում»: Ու քանի որ կոմյունիկեում չհաջողվեց ընդգրկել «Ռուսաստանին», մենք ընդհանրապես հրաժարվեցինք ստորագրել այն, ինչով, որպես կանոն, ավարտվում է նստաշրջանի աշխատանքը»,- հայտարարել է Գաբաշվիլին: Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն բյուրոյում հայտարարել է, թե «դա շատ տհաճ փաստ է, առավել եւս, որ մենք բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, եւ երբ խոսքը տարածաշրջանի միասնական սկզբունքների մասին է, մենք պետք է միասնական լինենք»: Ելույթ ունենալով բյուրոյում՝ Բուրջանաձեն պաշտոնական Երեւանին է դիմել արդարացի դիրքորոշում գրավելու կոչով: «Այդ դիրքորոշումը կլինի ողջ տարածաշրջանի օգտին եւ ամենեւին չի նշանակում, որ դա կլինի Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման հաշվին»,- ասել է Բուրջանաձեն:

Հակադարձելով այս մեղադրանքներին՝ Հ Հ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ըստ «Մեդիամաքսի», երեկ դժգոհություն է հայտնել հիշյալ հայտարարությունների կապակցությամբ: «Վրացիներին թվում է, թե բոլորը պետք է բավարարեն իրենց ցանկություններն ու ընդունեն իրենց համար նպաստավոր որոշումներ: Նրանք չեն մտածում. որքանո՞վ է դա ընդունելի Հայաստանի շահերի տեսանկյունից»,- ասել է Թորոսյանը:

Այստեղ, թերեւս, աչք է զարնում հայկական կողմի հանդես բերած փոքրիկ խորամանկության ողջ խղճուկությունը. ի՞նչ է նշանակում «մի շարք երկրներ», երբ բոլորն էլ հրաշալի գիտեն, որ, առնվազն հայերի նկատմամբ, Ռուսաստանից բացի ուրիշ ոչ մի երկրում քսենոֆոբիայի դրսեւորումներ չեն լինում: Բացի այդ, ինչպես արդարացիորեն նշում են վրացիները, փակելով Լարսը՝ ռուսները ցույց են տալիս, որ թքած ունեն իրենց գործընկերոջ վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել