Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

Դեկտեմբեր 22,2006 00:00

\"\"Նալբանդյան գյուղի բնակիչները համոզված են, որ իրենց գյուղապետին սպանել են քաղաքական դրդապատճառներով:

Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի սպանված գյուղապետ՝ 60-ամյա Ռոլանդ Մկրտչյանի թաղումն է: Նրան անհայտ անձը որսորդական հրացանով դաժանաբար սպանել էր դեկտեմբերի 20-ին, գիշերվա ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում: Երեկ այդ առիթով Նալբանդյան գյուղում սուգ էր: Բնակիչները գյուղով մեկ սեւ ժապավեններ էին կապել: Գյուղացիները փողոցներում խումբ-խումբ հավաքված՝ սպանության տարբեր վարկածներն էին քննարկում: Ըստ Նալբանդյանի բնակիչների, գյուղապետի սպանությունը զուտ քաղաքական դրդապատճառներ ունի, եւ իրականում սպանված Ռոլանդ Մկրտչյանը ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների թաքնված հակամարտության զոհն է: Հիշեցնենք, որ Ռ. Մկրտչյանն այս տարվա օգոստոսին էր վերընտրվել գյուղապետի պաշտոնում՝ թիկունքին ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը: Ընտրությունների հաջորդ օրն իսկ նա անդամագրվել էր այդ կուսակցությանը: Մինչ այդ, Ռ. Մկրտչյանը ՀՀԿ անդամ է եղել եւ սա է պատճառը, որ գյուղացիները գրեթե համոզված են, որ կուսակցությանը դավաճանելու համար իրենց գյուղապետից հանրապետականները վրեժ են լուծել:

Ռ. Մկրտչյանի կնոջ՝ Զոյա Ասատրյանի պատմելով, այդ գիշեր ինքն ու ամուսինն արդեն քնած են եղել, երբ դրսից ձայն են լսել՝ «Կանչում էին Ռո՛լ, Ռո՛լ: Քնած տեղից վեր թռանք, ամուսինս դուրս եկավ, ես դուրս չեկա, վատառողջ էի: Անցավ մեկ րոպե՝ ուժեղ կրակոց լսեցի: Երբ վազեցի, մեքենան արդեն հասել էր մոտակա բենզալցակայան, իսկ ամուսինս արնաշաղախ ընկած էր դարպասների մոտ: Մեր տանը մոտ տուն չկա, որ գոնե հարեւաններն օգնության գային: Չեմ տեսել նույնիսկ, թե քանի հոգի էին, միայն մեկ հոգու ձայն եմ լսել»: Տիկին Ասատրյանի ներկայացմամբ՝ սպանությունից մի քանի ժամ առաջ՝ 24-ին մոտ, մի անծանոթ տղամարդ հարբած վիճակում թակել է դուռը եւ հարցրել, թե սա ֆրանսերենի ուսուցչի տո՞ւնն է, Զ. Ասատրյանը պատասխանել է՝ ոչ: Անծանոթը հեռացել է, հետո, երբ ֆրանսերենի ուսուցչուհուց հետաքրքրվել են, թե այդ մարդը նրան այցելե՞լ է, պարզվել է, որ ուսուցչուհուն չեն անհանգստացրել, ուստի շատ հնարավոր է, որ սպանությունից առաջ փորձել են կեղծ պատրվակներով ճշտել՝ գյուղապետն այդ օրը տա՞նն է, թե՞ ոչ:

«Ինքը թշնամի չուներ, միայն հակասություն կար նախկին գյուղապետի եւ իր միջեւ, որ ընտրեցին ոչ թե իրեն, այլ ամուսնուս: Ես չեմ կասկածում ոչ մեկին, ոչ էլ պատկերացնում եմ, որ նրանք ինչ-որ բան կանեին, քանի որ նրանց ոչ մի բան չէր արել: Ասում էի՝ հետ կանգնի գյուղապետի պաշտոնից, որ ամբողջ ղեկավարությունը քեզ չի ուզում, մարզպետն ու մարզպետարանը քո դեմ լարված են, ինձ պատասխանում էր՝ գյուղացիներն են ինձ ուզում, ես ինչպե՞ս կարող եմ չաշխատել այս գյուղի համար: Իր ողջ կյանքում աշխատել է այս գյուղի համար: Նույնիսկ իր մասին վատ խոսողներին չէր պատասխանում, բոլորին օգնում էր, գյուղացիներն էլ ասում էին՝ դու մեզ պետք ես: Այս վերջին օրերին շատ լավ տրամադրություն ուներ, գովում էր նոր մարզպետին, ասում էր՝ խելացի, հասկացող մարդ է, լավ կաշխատենք իրար հետ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց կինը: Գյուղացիներն էլ էին ասում, որ սպանված գյուղապետը գյուղում երբեւէ թշնամի չի ունեցել, վայելել է ժողովրդի սերն ու հարգանքը, իսկ վերջին ընտրությունների ժամանակ պարտված թեկնածու Անդրանիկ Հազրոյանի հետ ունեցել է բարիդրացիական հարաբերություններ, որը թեեւ Հանրապետական կուսակցության անդամ չի եղել, բայց գյուղապետի ընտրություններին մեծ աջակցություն է ստացել այդ կուսակցությունից: Գյուղում ամենաշրջանառվող վարկածներից մեկն այն էր, որ Ռ. Մկրտչյանից վրեժ է լուծել Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, քանի որ, ըստ գյուղապետի կնոջ՝ «Ամուսինս նրա հետ հակասություն ուներ, հենց միայն նրա համար, որ ժողովրդին հասանելիքը տալիս էր ժողովրդին, այլ ոչ թե բաժին էր հանում մարզպետին»:

Մեզ հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի պատասխանատու Արայիկ Աղաբաբյանը չշտապեց սպանությունը կապել քաղաքական դրդապատճառների հետ, ասելով՝ «Կուսակցության դիրքորոշումը պարզ կլինի գործի քննության ավարտից հետո»:

Նալբանդյան գյուղում երեկ վախի մթնոլորտ էր տիրում: Լրագրողների հետ զրուցող գյուղացիները թեեւ սպանության մասին կարծիքներ հայտնում էին, սակայն վախենալով կրիմինալ իրավիճակից՝ հրաժարվում էին իրենց անուն-ազգանուններն ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել