Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասական երաժշտության շոուները սպառել են իրենց»

Դեկտեմբեր 22,2006 00:00

\"\"Կարծում է ֆրանսաբնակ երաժիշտ
Սուրեն Շահիջանյանը

Դասական երաժշտության շոուները դեռեւս բացակայում են հայաստանյան երաժշտական կյանքից: «Առավոտի» հետ զրուցած հայաստանցի եւ եվրոպացի երաժիշտներից շատերը գտնում են, որ շոուն եւ դասական երաժշտությունը անհարիր են: Դասական երաժշտության նման «ուղղությունը», սակայն, շարունակում է իր հաղթարշավն աշխարհում:

Օրերս մեր ուշադրությունը գրավեց «Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի ազդագիրը, որտեղ ներկայացված չէր ծրագիրը, այլ տեղեկացվում էր «Ամանորյա տոնական համերգի» մասին: Իսկ տոնական համերգը Հայաստանում ասոցացվում է շոուի հետ: Պարզեցինք, որ ֆիլհարմոնիկի համերգը կղեկավարի ոչ միայն նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, այլ նաեւ ֆրանսաբնակ օպերային երգիչ եւ վերջին երկու տարիներին Երեւանում որպես դիրիժոր հանդես եկած Սուրեն Շահիջանյանը:

«Առավոտի» հետ զրույցում, մեր հետաքրքրությանն ի պատասխան, Ս. Շահիջանյանը հայտնեց, որ ինքն այնքան էլ չի ընդունում եվրոպական ամանորյա դասական երաժշտության շոուները: «Եվրոպայում նման շոուները արդեն տարիներ շարունակ (իսկ մեր զրուցակիցը շուրջ 15 տարի բնակվում է Փարիզում) նույն սցենարով են անցնում. եղեւնու ճյուղերով զարդարված դահլիճում հնչում են Շտրաուսի եւ այլոց վալսերը, ու դրանով ամեն ինչ ավարտվում է: Միգուցե նման երեկոները անցյալ դարի կեսերին համարվել են նորարարություն, ու հանդիսատեսը շատ գոհ է հեռացել: Այսօր՝ 21-րդ դարում, ինչքան ես եմ հասցրել տեսնել ու զգալ, դրանք սպառել են իրենց: Նման համերգ-շոուների ժամանակ սրահներում էլ մի տեսակ սառը մթնոլորտ է տիրում, ունկնդիրն էլ է սառը թվում»,- նշեց Ս. Շահիջանյանը:

Հարցին՝ թե Երեւանում կայանալիք համերգում հանդիսատեսը ի՞նչ ծրագիր կունկնդրի կամ, եթե այն տոնական է, մանավանդ՝ ամանորյա, ի՞նչ անակնկալների կհանդիպի, երաժիշտը չհայտնելով համերգում հնչելիք ստեղծագործությունների ցանկը, պատասխանեց. «Ծրագիրը ընտրելիս Թոփչյանի հետ հաշվի ենք առել նաեւ հայերիս կրքոտությունն ու անմիջականությունը: Եվ, որ ամենակարեւորն է, խոստանում եմ, որ հանդիսատեսը հենց առաջին հնչած նոտայից կարթնանա ձմեռային քնից»: Եվրոպայում արդեն ավանդական դարձած նման երեկոներին հանդիսատեսը գիտի՝ ինչ է սպասում իրեն: Ս. Շահիջանյանին խնդրեցինք մի փոքր բացել փակագծերը կայանալիք համերգի առիթով: «Ազդագրում գրված է ամանորյա տոնական համերգ, որն այն եզակի միջոցառումներից է, ինչին պարտադիր չէ պատրաստված ունկնդրի ներկայությունը: Կփորձենք ստեղծել իրական տոնական տրամադրություն՝ մատուցելով համաշխարհային երաժշտարվեստի դասականների հանրամատչելի գործեր: Եթե շատ եք ուզում իմանալ՝ հյուր կգան նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Այսքանից ավելի ոչինչ չեմ ասի»,- ասաց երաժիշտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել