Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐՀԵՍՏԱԿԱ՞Ն ՏՈՆԱԾԱՌ Է ՍԻՐՈՒՄ

Դեկտեմբեր 25,2006 00:00

\"\"Վարդան Այվազյանը կոչ է անում Ամանորին արհեստական տոնածառ դնել, ասելով՝
«Մեկ ա՝ գցելու եք»:

Ամեն տարի Ամանորի նախաշեմին Հայաստանում բնական եղեւնիների ջարդ էր տեղի ունենում: Սա կանխելու համար արդեն երրորդ տարին է՝ բնապահպանության նախարարությունը արգելել է տեղական եղեւնիների վաճառքը: Չնայած դրան, այս օրերին մայրաքաղաքի փողոցներում, արհեստական եղեւնիների հետ մեկտեղ, վաճառվում են նաեւ բնականները: Նախատոնական օրերին բնական եղեւնիների «մինի» շուկա է գործում Բաղրամյան փողոցում՝ Արգենտինական (նախկին Կամոյի) դպրոցի հարեւանությամբ: Վաճառողը, որը համառորեն չցանկացավ ներկայանալ, վստահեցրեց, որ բնական եղեւնիները ներկրել է Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքից եւ որ դրանց վաճառքի համար ինքը թույլտվություն ունի:

Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը երդում-պատառ կերավ, որ մայրաքաղաքի փողոցներում առկա բնական եղեւնիները հայրենական անտառներից չեն հատված, այլ ներկրված են հարեւան երկրներից՝ մասնավորապես Վրաստանից. «Մենք պետք է բնությունը պահպանենք, որ առողջ լինենք: Թե չէ ի՞նչ էր նախորդ տարիներին կատարվում. Բաղրամյան փողոցը դառնում էր անտառ, երկու մայթերին անծայրածիր բնական եղեւնիներ էին շարվում, իսկ դրանց կյանքը տեւում էր ընդամենը մի քանի օր, արժե՞ր, արդյոք, այդ մի քանի օրն ուրախ անցկացնելու համար 50-60 հազար եղեւնի հատել եւ քաղաքի գլխավոր փողոցներից մեկն էլ դարձնել առեւտրի կենտրոն»։ Պարոն Այվազյանի խոսքերով, նախարարության գիտությամբ տարվա ընթացքում բնական սոսիների հատումներ իրականացվում են, բայց նախատոնական օրերին դրանց հատումը խիստ արգելվում է, որպեսզի փայտագողերը Ամանորի առիթով զանգվածային ծառահատումներ չանեն: Ըստ նախարարի, քանի որ, անկախ ամեն ինչից, հայերը սովորության համաձայն նախընտրում են բնականը, ուստի առեւտրականները, արհեստականների հետ միասին, գումար աշխատելու համար բերել են նաեւ բնական եղեւնիներ: Պարոն Այվազյանը հույս հայտնեց, որ տարեցտարի մարդկանց մտածելակերպը կփոխվի եւ բնությունը պահպանելու համար նախապատվությունը կտրվի արհեստական տոնածառերին. «Տոնի առիթով հատված յուրաքանչյուր ծառ լավագույն դեպքում վառարանում է հայտնվում, իսկ հիմա շատ քչերն են իրենց տունը փայտով ջեռուցում, եւ եղեւնիները նետվում են աղբանոց»: Վ. Այվազյանը հավաստիացրեց, որ ինքն էլ Նոր տարուն արհեստական տոնածառ է դնում. «Դրանք էլ բնականի պես գեղեցիկ են, կարող եք մի քանի տարի օգտագործել եւ, բացի այդ, մեր բնությանը վնաս չեք տա»։

Երեկ Մաքսային պետական ծառայությունից չմասնավորեցրին, թե որ երկրից որքան բնական եղեւնի է ներկրվել: Հայտնեցին ընդհանուր թիվը, ըստ որի, այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 120 տոննա փշատերեւ ծառ, 3,4 տոննա էլ եղեւնի:

Եթե նախորդ տարիներին կես մետրանոց բնական տոնածառը կարող էինք գնել 8-10 հազար դրամով, ապա այս տարի դրանք բավականին թանկ արժեն՝ 15-20 հազար դրամ: Մեկ մետրանոց եղեւնին արժե մոտ 30 հազար դրամ: Իսկ ավելի բարձրերը եւ խիտ ճյուղերովը վաճառվում են 90-100 հազար դրամով: Մայրաքաղաքի վաճառքի կետերում արհեստական տոնածառերը եւս էժան չեն: Դրանց գները սկսվում են 10 հազար դրամից: Կախված արհեստական տոնածառի որակից ու գույնից՝ գներն էլ են տարբեր: Բնականին ավելի շատ նմանեցված մոտ 1 մետրանոց եղեւնին կարելի է ձեռք բերել 30-40 հազար դրամով: Երկու մետր բարձրությամբը՝ 100 հազար դրամով: Այս տարի շուկայում նորամուծություն են լուսարձակ ճյուղերով արհեստական եղեւնիները: Դրանք լույսերով լրացուցիչ զարդարելու կարիք չունեն: Այս եղեւնիների 50 սանտիմետրանոցն արժե 25 հազար դրամ: Իսկ 2 մետրանոցը՝ 150 հազար դրամ։ Շուկայում նորություն են նաեւ բնականին խիստ նմանեցված ձյունապատ տոնածառերը: Դրանց արժեքն էլ 30-ից 160 հազար դրամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել