Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Դեկտեմբեր 26,2006 00:00

Հայկական հեռուստաալիքները խուսափում են ուղիղ եթեր տրամադրել աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին. «Ես ասելիք ունեմ, բայց ոչ ոք ռիսկ չի անում ինձ ուղիղ եթեր կանչի: Էդ նրանից է, որ էսօր ոչ մի անկախ ալիք չկա: Կան հեռուստալրագրողներ, որ իրենց դրել են Կաշպիրովսկու կամ Չումակի տեղը: Հյուրին կանչում են, հարցը տալիս ու իրենք էլ իրենց հարցին պատասխանում՝ հյուրին թողնելով հիպնոսացված վիճակում, իրենց էլ դնելով ազգի փրկիչի ու ամենախելոքի տեղը: Ժիրայրն էլ տեսնելով, որ ճիշտ խոսացողին եթեր չեն տրամադրում, ինքն էլ իր ձեւով է մտածել ու իր նմաններին մեկտեղելով հավաք է կազմակերպել, որ մտածեն հետագայում ինչպես կարող են ազգին օգտակար լինել»: Աշխարհի չեմպիոնին մտահոգում է այն, որ ՀՀ իշխանությունները «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին հայրենիքից վտարելու ակնարկներ են անում: Ըստ Ի. Հակոբկոխյանի, այսօր հայ լինելը խիստ վտանգավոր է. «Էսօր մեր պաշտոնյաների երեխաները, որ գնում են մի տեղ սովորելու՝ ծնողները մի քանի նազիր-վեզիրներ, թիկնապահներ են նրանց հետ ուղարկում, բայց Ժիրայրը աշխարհի ծայրից եկել էր ոչ թե սովորելու, այլ՝ կռվելու հանուն հայրենիքի: Նրա ծնողները կարող էին, չէ՞, արգելել եւ չթողնել նրան գալ, բայց նա ոչ ոքի չի լսել ու հայրենիքի համար իր կյանքն է դրել: Միգուցե ազերիները Ժիրայրի նմանների համար էին լուրեր տարածում, որ հայկական բանակում օտարերկրյա վարձկաններ են կռվում: Ինչ է, եթե Ժիրայր Սեֆիլյանը ճակատագրի բերումով Լիբանանում է ծնվել-մեծացել, իրավունք չունի՞ Հայաստանի քաղաքացի դառնալու: Էսօր փոխանակ մեր մարզիկներին խրախուսեն ու տեր կանգնեն, մրցամարտերի համար նեգրի, չեչենի են բերում, 2 օրվա մեջ քաղաքացիություն են շնորհում ու նրանք պետք է դրսում մեր երկիրը ներկայացնեն: Այլազգին ո՞նց պետք է հայի հոգի ունենա, ո՞նց պետք է հայկական դրոշի տակ կանգնի ու հուզվի, մեր դրոշը բարձրացնի: Բայց Ժիրայրին, որ գենետիկորեն հայ է, ՀՀ քաղաքացի դառնալու իրավունքից զրկում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել