Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ու ՄԱԿ-ը չեն բանակցում

Դեկտեմբեր 27,2006 00:00

Իսկ ջավախահայերը չեն ուզում միավորվել ՀՀԿ-ի շուրջ

ՀՀ քաղաքական գործիչները ամանորյա նախապատրաստություններին զուգահեռ նախապատրաստվում են նաեւ հաջորդ տարի կայանալիք ԱԺ ընտրություններին: Օրերս տեղեկություններ եղան մի նոր ու հնարավոր քաղաքական համագործակցության մասին: Խոսքն այս դեպքում «Բարգավաճ Հայաստանի» եւ Միավորված աշխատանքային կուսակցության՝ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու մասին է: Որոշ տեղեկությունների համաձայն, որոնք չի բացառվում, որ ընդամենը «զոնդաժ» անելու նպատակ ունեն, վերջերս ՄԱԿ-ի եւ ԱԺ համանուն խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանն է կարծիք հայտնել, թե ԲՀԿ-ն ու ՄԱԿ-ն իրենց ծրագրային դրույթներով եւ հետապնդած նպատակների իմաստով շատ նման են, եւ որ այդ երկու կուսակցությունների համագործակցությունը կարող է առավել քան հեռանկարային լինել: Ընդ որում, ըստ այդ տեղեկությունների, նման գաղափարը հիշյալ երկու կուսակցությունների ղեկավարներին հուշել են ՀՀ նախագահի նստավայրում:

Երբ մենք պարոն Արսենյանին հարցրինք, թե որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, վերջինս նախ խորհուրդ տվեց հարցնել այն մարդկանց, ովքեր նման տեղեկություններ են տարածել, ապա հավելեց, թե՝ ՄԱԿ-ը Հայաստանում գործող որեւէ քաղաքական ուժի հետ նախընտրական դաշինքի վերաբերյալ որեւէ քննարկում չի իրականացրել: ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն էլ վկայակոչելով կուսակցության նախագահի արած հայտարարությունը՝ փաստեց, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին մենակ է մասնակցելու: «Ես նման համագործակցության մասին անգամ հպանցիկ չեմ լսել»,- ասաց պարոն Բոստանջյանը, ով միաժամանակ տեսականորեն չբացառեց, որ ապագայում այս իմաստով ինչ-որ բաներ կարող են եւ փոփոխվել, նաեւ անձնական կարծիք հայտնեց, որ գործող ԱԺ-ում միակ աշխատող ուժը հենց ՄԱԿ-ն է:

Նախընտրական համարվող այս փուլում որոշակի խմորումներ են ընթանում նաեւ ՀՀԿ-ում: Այս կուսակցության վերնախավում ու նաեւ շարքերում, մեր աղբյուրների փոխանցմամբ, դժգոհություններ կան ոչ միայն ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին շրջանի եսակենտրոն գործունեության, այնպես էլ ՀՀԿ նորաթուխ անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի առնչությամբ: Բանն այն է, որ վերջինս փորձում է ՀՀԿ վերնախավին համոզել, որ հայաստանցի ջավախահայերին կարելի է միավորել ՀՀԿ-ի շուրջ, ընդ որում՝ այդ հարցում կարեւորելով հատկապես ի՛ր դերակատարությունը: Սակայն, ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, կուսակցությունում կարծիքներ կան, որ այդ հեռանկարը վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ նախեւառաջ հենց ՀՀԿ-ի համար՝ նկատի ունենալով, որ Վ. Այվազյանի «նախաձեռնության» առանցքը մոսկվաբնակ ջավախցի գործարար Նորիկ Թեւանյանն է, ով չլինելով ՀՀ քաղաքացի եւ ընդհանրապես վստահելի անձնավորություն, միջամտելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ կարող է կուսակցությանը հարվածի տակ դնել: Մյուս կողմից, նախարարի այս նախաձեռնությունը ՀՀԿ-ում աջակցություն չի վայելում նաեւ այլ պատճառով՝ Հայաստանում ոչ բոլոր վիրահայերն են համաձայն համախմբվել Նորիկ Թեւանյանի եւ Վարդան Այվազյանի շուրջ, մանավանդ որ՝ վերջինս ջավախահայերի շրջանում մի երեւելի ազդեցություն ու հեղինակություն չունի էլ: Ավելին, թերեւս, ի պատասխան վերջերս վիրահայության մի հավաքի, որին, ըստ մամուլում եղած հրապարակման, ներկա է գտնվել նաեւ ինքը՝ Ն. Թեւանյանն ու հայտարարել է հայաստանցի ջավախահայերի՝ ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու անհրաժեշտության մասին, այսօր հավաք է կազմակերպել նաեւ Հայաստանում գործող «Ջավախք» հայրենակցական միությունը, որը քիչ ընդհանրություններ ունի Ն. Թեւանյանի, Վ. Այվազյանի ու ընդհանրապես ՀՀԿ-ի կամ իշխանական որեւէ այլ կուսակցության հետ: Թե այդ հավաքում ի՞նչ տեսակետներ կհնչեն՝ դժվար է ասել, բայց որ ջավախահայերը կարող են երկատվել այս հողի վրա՝ ենթադրելի է, մանավանդ որ՝ ջավախահայության մի ստվար հատված ներկայացված է «Հզոր Հայրենիք» կուսակցությունում, որը եւս մտադիր է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել