Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞ւր կգնա Աշգաբադը

Դեկտեմբեր 27,2006 00:00

Թուրքմենստանի նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը չափազանց յուրօրինակ էր ոչ միայն իր կողմից բանեցվող ներքին, այլեւ արտաքին քաղաքականության առումով: Անգամ ամենամեծ ցանկության դեպքում դժվար էր նրան բնորոշել «արեւմտամետ», «ռուսամետ» կամ «արեւելամետ» սխեմատիկ գնահատականներով:

Աշգաբադի արտաքին քաղաքականությանը թերեւս ամենից շատ կսազեր «գերմեկուսացած» բառը: Հանդիսանալով ԱՊՀ անդամ երկրի ղեկավար, Նիյազովը գրեթե միշտ անտեսում էր այդ կառույցի շրջանակներում տեղի ունեցող զանազան բարձր մակարդակի միջոցառումներն ու չէր մասնակցում դրանց, այդպիսով, փաստորեն, իր վերաբերմունքն արտահայտելով կազմակերպության հիմնական ոգեշնչողի՝ Մոսկվայի նկատմամբ: Ինչ խոսք, գազի ահռելի պաշարներ ունեցող այդ ոչ մեծ երկիրը կարող էր իրեն նման «շքեղություն» թույլ տալ: Բացի այդ, ոչ մեկի համար գաղտնիք չեն Աշգաբադի ու Մոսկվայի միջեւ մշտապես եղած հակասությունները՝ կապված թուրքմենական գազի՝ Ռուսաստանով տարանցելու գների հետ: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, Թուրքմենստանը միշտ էլ անթափանցորեն փակ է եղել ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի առջեւ, որոնք, ի հակառակ, ամեն կերպ ձգտել են առավել սերտ հարաբերություններ ունենալ էներգակիրներով հարուստ կենտրոնասիական այս երկրի հետ:

Եվ ահա, Թուրքմենբաշու վախճանն Աշգաբադի հետ հարաբերությունները բարեփոխելու իմաստով Արեւմուտքին կարծես թե հույսի շողեր է պարգեւել: Նիյազովի հուղարկավորությունից հետո ԱՄՆ փոխպետքարտուղար Ռիչարդ Բաուչերն այդ երկրի իշխանություններին առաջարկել է սկսել նոր հարաբերությունների դարաշրջան: «Ես ԱՄՆ-ից եկել եմ, որ ցավակցություններս հայտնեմ Թուրքմենստանին, ինչպես նաեւ նոր փոխհարաբերությունների հույս հայտնեմ»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, լրագրողներին ասել է Բաուչերը Թուրքմենստանի նախագահի պաշտոնակատար Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից հետո: Բաուչերը նշել է, թե ինչպես էլ խոսեն Նիյազովի մասին, նրա մահից հետո Թուրքմենստանի ժողովուրդն ապրում է անորոշության ժամանակաշրջան, եւ հայտարարել. «Ամերիկայի Միացյալ Նահանգները բաց է նոր հարաբերությունների կառուցման համար»: Միեւնույն ժամանակ, Թուրքմենստանի հետ «նոր որակի հարաբերությունների» հաստատման անհրաժեշտության մասին վերջին օրերին աշխույժ խոսակցություններ են ընթանում նաեւ Ռուսաստանում: Ո՞ր ճանապարհը կընտրի Թուրքմենստանի նոր առաջնորդը կամ կընտրի՞, արդյոք, որեւէ ճանապարհ, պարզ կդառնա ամենամոտ ապագայում:

Մինչ այդ, տեղեկացնենք, որ երեկ Թուրքմենստանի Ժողովրդական խորհուրդը որոշում է ընդունել նախագահի ընտրությունները 2007թ. փետրվարի 11-ին անցկացնելու մասին: Արդեն իսկ առաջադրվել է մի քանի թեկնածու՝ բոլորն էլ իշխանական համակարգից: Իսկ վտարանդի ընդդիմադիրներին խոստացել են ձերբակալել երկիր ժամանելուն պես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել