Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Դեկտեմբեր 27,2006 00:00

\"\"Ըստ Հասմիկ Պողոսյանի՝ մեր մշակութային դաշտն ուսումնասիրված չէ

Այս տարին մշակույթի ոլորտի համար արտառոց էր նրանով, որ երեք նախարար հաջորդեց մեկմեկու: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հրաժեշտ տվեց պաշտոնին՝ տարեսկզբին էլեկտրիկների հետ ծեծկռտուքի համար: Իսկ նրան փոխարինած Գեւորգ Գեւորգյանին «աթոռազրկեցին» պաշտոնավարման 100-րդ օրը՝ տեղ բացելով ՄԱԿ-ի քվոտայով նախարարի՝ Հասմիկ Պողոսյանի համար: Եվ այդպիսով, անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ մշակույթը կրկին հայտնվեց Պողոսյան ազգանունով կնոջ «ձեռքում»:

Երեկ հրավիրված ասուլիսում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ամփոփեց տարին: «Մշակույթի քաղաքականության մշակումը վերջնականապես ձեւավորված չէ, որովհետեւ մշակութային դաշտն ընդհանուր առմամբ ուսումնասիրված չէ… Մշակվել են հարցաթերթիկներ բոլոր մշակութային հաստատությունների վերաբերյալ: Հույս ունենք մոնիթորինգային այդ ծրագիրը առաջիկա ամիսներին ամփոփել, իսկ մայիսին ներկայացնել կառավարության հաստատմանը: Այդպիսով կունենանք մշակույթի զարգացման 2008-2013թթ. ռազմավարության ծրագիրը, փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կառուցվեն բոլոր գործողությունները, անկախ՝ նախարարների, ՊՈԱԿ տնօրենների եւ այլ փոփոխություններից»,- ասաց նախարարը: Ըստ տիկ. Պողոսյանի, մշակութային դաշտի այսօրվա առաջնահերթություններից է մարզերում մշակութային կյանքի զարգացումը: Նա գտնում է, որ «պետք է մարզերի ոչ նյութական ժառանգությունը նորովի մտցնենք ժամանակակից արվեստ»: Նախարարը ձեռնամուխ է լինելու նաեւ իր սահմանած մյուս գերակայությունների կյանքի կոչելուն: Նա որոշել է ծրագրեր մշակել՝ ուղղված ընթերցասիրության բարձրացմանը, պետք է մտածել վերականգնող կադրերի պատրաստման մասին, որովհետեւ «շատ թանկարժեք գործիքներ, օրինակ՝ կոնտրաբասները, այսօր անօգտագործելի են, քանի որ չենք ունեցել դրանք վերականգնող մասնագետներ»: Նախարարը տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից մշակույթի նախարարությունը կսկսի հաղորդաշար՝ «Հայաստանի Հանրապետության թանգարանները» խորագրով, ինչի համար արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Հ1-ի հետ, նաեւ կհրատարակի «Մշակույթ» շաբաթաթերթ, «որտեղ ակնկալում եմ ոչ թե կծու, թթու, չար հոդվածներ, այլ շահագրգիռ քննարկումներ մշակութային խնդիրների վերաբերյալ»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է սպասվում Փոսի՝ անտուն եւ Մյուզիքլի անղեկավար թատրոններին: «Երբ թատրոններում խնդիրը չի լուծվում միանգամից, տարիների ընթացքում կուտակվում-դառնում է գերխնդիր: Այսօր որոշ թատրոններում չկա ստեղծագործական պրոցես, չկան անհատներ, որոնք իրենց հետեւից կարող են տանել թատրոնը: Կամերային երաժշտական թատրոնը ի սկզբանե Հայաստանում չէր կարող կայանալ: Հայ կոմպոզիտորներն այդ ժանրի մեջ ստեղծագործել չեն սիրում, իսկ բերել այն, ինչը արդեն շքեղ ձեւով առկա է համաշխարհային մշակույթում ու ներկայացնել թույլ որակով, այն էլ պետբյուջեի հաշվին, չեմ կարծում, թե արդարացված է: Գուցե Մյուզիքլի թատրոնի ուղղությունը ընդլայնենք, թող հրավիրվեն ռեժիսորներ ոչ միայն մյուզիքլի ժանրում, այլեւ դրամայի, թող իրենց ճաշակով ու դերասաններով գործեր բեմադրեն: Թող մի թատրոն էլ առանց գեղարվեստական ղեկավարի աշխատի: Ինչ վերաբերում է Փոսի թատրոնին, այն պիտի վերադառնա իր փորձարարական-երիտասարդական ուղղվածությանը: Այստեղ երիտասարդներին պիտի տանք, ինչու չէ, նաեւ սխալվելու հնարավորություն»:

«Առավոտին» հետաքրքրում էր՝ քանի՞ գործուղման է մեկնել Հասմիկ Պողոսյանը իր կարճատեւ պաշտոնավարման ընթացում եւ որքա՞ն են դրանք «արժեցել» պետությանը: Նախարարը Հայաստանի համար հույժ կարեւոր ներկայացրեց իր յուրաքանչյուր գործուղումը՝ ասելով, որ 3 անգամ ավելի շատ հրավերներ ունի, բայց համեստորեն հրաժարվում է մեծ մասից: Նա հիշեց, որ Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ է մեկնել ՌԴ-ում ՀՀ տարվա բացման ու փակման եւ ինչ-ինչ պայմանագրեր ստորագրելու առիթներով, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ Փարիզում մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման կոնֆերանսին, իսկ թարգմանչի հետ՝ Բրազիլիայում 60 երկրների մշակույթի նախարարների հանդիպմանը: «Ռումինիայում էլ մասնակցեցի ԵԽ Կիեւյան նախաձեռնության շնորհանդեսին ու միայն ինձ ընդունեց Ռումինիայի նախարարը եւ 2 ժամ զրույց ունեցանք»,- ավելացրեց տիկ. Պողոսյանը: Իր գործուղումների ծախսերը նախարարը չի հաշվել, գիտի միայն, որ ՌԴ-ում ՀՀ տարվա շրջանակներում եղած գործուղումները մտնում են այդ նպատակներով արված ծախսերի մեջ, մի մասը ֆինանսավորել է հրավիրող կողմը: Իսկ Բրազիլիայի 5-օրյա գործուղումը ամբողջությամբ պետության հաշվին է եղել:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Հասմիկ Պողոսյանը վերաբերվում ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի կողմից՝ նախարարության՝ ուշացումով ուղարկած պատվոգիրը վերադարձնելուն: Նախարարն ասաց, որ Մուրադ Ջանիբեկյանն իրավացի է եղել՝ այդպես վարվելով, իսկ այն աշխատակիցը, ում մեղքով ուշացել է արտիստին հոբելյանի առիթով շնորհված պատվոգիրը, պատժվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել