Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՌԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՄԱՍՏԸ

Հունվար 24,2007 00:00

Ըստ դատավորների, տարբեր դատական ատյանների որոշումները, եթե նույնիսկ հակասում են իրար, պատժի կամ խրախուսման ենթակա չեն:

Ինչպես արդեն բազմիցս գրվել է, հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ «Մատաղիսի գործին», այն է՝ 2006-ի դեկտեմբերի 22-ին վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի կայացրած որոշմանը: Ըստ այդ որոշման, Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվեց լրացուցիչ քննության, իսկ հիշյալ 3 անձինք, ովքեր 3 տարի պահվեցին «Նուբարաշենի» մեկուսարանում, կալանքից ազատվեցին: Հիշեցնենք, որ այս աղմկահարույց գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 15 տարի ազատազրկման էր դատապարտել զինծառայողներին, քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը պատիժը խստացրել էր՝ նրանց դատապարտել ցմահ ազատազրկման: Նրանք մեղադրվում էին 2 զինվորի՝ Ռոման Եղիազարյանի, Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:

Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ ասաց. «Իմ վերաբերմունքը, իհարկե, բացասական է հետեւյալ առումով՝ երկու ատյանի դատարաններ դատապարտել են այդ տղաներին՝ մեր զինվորներին, իսկ մի ատյանն էլ արդարացրել է կամ գործը վերադարձրել է լրացուցիչ քննության: Ինձ մոտ, որպես պաշտպանության նախարարի, հարց է առաջանում՝ ո՞ր ատյանն է ճիշտ գործել եւ ո՞ր ատյանը՝ սխալ: Ես կարծում եմ, թե արդար կլինի, որ կամ առաջին եւ երկրորդ ատյանների դատավորները պատժվեն, ովքեր սխալ որոշում են կայացրել, եւ խրախուսվի այդ երրորդ ատյանի՝ վճռաբեկի դատավորը, կամ հակառակը»:

«Առավոտը» դիմել է բազմաթիվ դատավորների՝ հետեւյալ հարցումով. «Արդյոք իրավական տեսակետից նախարարի խոսքը անխոցելի՞ էր, եւ եթե Վճռաբեկ դատարանը բեկանում է նախորդ ատյանների դատարանների որոշումները, արդյոք որեւէ դատավոր դրա համար պե՞տք է պատժվի»: Դատավորները նախ հիշեցրին, որ, ըստ օրենքի, իրենք իրավունք չունեն մեկնաբանել որեւէ որոշում, վճիռ եւ օրենք: Իրենց «մեկնաբանությունը» կայացրած վճիռն է, դատավճիռը, որոշումը: Բայց պայմանով, որ իրենց անունները չեն հրապարակվելու, դատավորները տվեցին հետեւյալ պատասխանները.

Դատավոր 1-ին. «Դատական սխալը, եթե նույնիսկ տեղի է ունեցել, նրա համար չէ, որ գործադիրն ասի. դատավորին պատժե՞լ, թե՞ չպատժել»:

Դատավոր 2-րդ. «Պաշտպանության նախարարը դատավորին «խրախուսել» ասելով ի՞նչ նկատի ունի՝ հանրապետականացնե՞լ, ազդե՞լ նրա վրա: Այսպես որ գնա, վաղը ճնշում կգործադրվի դատարանների վրա»:

Դատավոր 3-րդ. «Եթե ունի հիմնավոր փաստեր, ունի ապացույցներ, որոնք դատարանները չեն նկատել, ճիշտ չեն գնահատել, թող դիմի Արդարադատության խորհուրդ: Արդարադատության խորհուրդը կասի. դատավորների ապացույցների գնահատման աստիճանը՝ արդյոք համակցվա՞ծ էին գնահատվել»:

Դատավոր 4-րդ. «Վճռաբեկ դատարանի որոշումը, ինչպես ինձ հուշեցիք, ուժի մեջ է մտել դեկտեմբերի 22-ին: Ոչ ոք, այդ թվում նախարարը, այդպիսի հայտարարություն անելու իրավունք չունի: Պրիչո՞մ դատավորը, եթե գործն ուղարկվել է լրացուցիչ քննության: Լրացուցիչ քննության փուլում գտնվող գործի մասին խոսելը դիտվում է ուղղակի ճնշում դատարանի վրա»:

Դատավոր 5-րդ. «Վճռաբեկ դատարանի դերն այն է, որ սխալն ուղղի: Եթե մենք հավատում ենք նրա բարձրագույն ատյան լինելու կանխավարկածին, ապա ասենք, որ վերջնական որոշում է կայացրել, որը քննարկման ենթակա չէ: Երբեւիցե չի կարելի քննարկել ճիշտն ու սխալը, եթե քննարկման ենթակա լինի անգամ վճռաբեկի որոշումը, դա նշանակում է, որ որեւէ տեղ կանգառ չկա, անընդհատ պետք է քննարկեն: Հայաստանում բարձրագույն դատական ատյաններն են վճռաբեկ դատարանը եւ Սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանը կարող է ՀՀ նախագահի հրամանագիրն է Սահմանադրությանը հակասող ճանաչում: Հետո՞, ո՞ւմ պատժենք: Նրանց կայացրած վճիռները իրավական քննարկման չեն կարող ենթարկվել: Դա նույնն է, թե առաջին ատյանն ու վերաքննիչը սկսեն միտինգներ անել, թե ինչու է վճռաբեկը իրենց գործերը բեկանում: Դրա համար էլ պետությունը ստեղծել է բարձրագույն ատյան ու հայտարարել, որ նրա կայացրած որոշումը վերջնական է: Ի դեպ, 1-ին ատյանի դատավորը միանձնյա է որոշում ամեն ինչ: Վճռաբեկում 6 դատավոր կոլեգիալ որոշում են: Կոլեգիալ որոշումն անմեկնելի է: Պաշտպանության նախարարը որպես անհատ կարող է իր կարծիքը հայտնել, բայց չի կարող դատավորի պատժի կամ խրախուսման մասին խոսել»:

Դատավոր 6-րդ. «Նախարարն ասում է՝ ես այստեղ պահանջատեր կողմ եմ: Իսկ, առհասարակ, մնացած գործերի պահանջատերերն ովքե՞ր են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել