Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսության ընթացքում դեսպան Մարագոսը խոսել է անվտանգության ոլորտում համագործակցության, Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդմանն ուղղված ԵՄ աջակցության մասին

Հոկտեմբեր 06,2026 18:03 Share
Աջակցեք aravot.am-ին

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հոկտեմբերի 5-ին հանդես է եկել «ԵՄ-Հայաստան գործընկերություն՝ ավելի մոտ, քան երբևէ․ ռազմավարական օրակարգ, դիմակայունություն, բարեփոխումներ և կապակցվածություն» խորագրով դասախոսությամբ։

Դասախոսությանը հաջորդել են Սոսի Թաթիկյանի՝ ակադեմիական անդրադարձն ու քաղաքականությունների վերաբերյալ վերլուծությունը և ուսանողների հետ հարցուպատասխանը։
Դեսպան Մարագոսը ներկայացրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա իրավիճակը, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA), նաև 2025 թվականի դեկտեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգին։

Դեսպանը մասնավորապես խոսել է անվտանգության ոլորտում համագործակցության, Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդմանն ուղղված ԵՄ աջակցության, ինչպես նաև 2026 թվականի մայիսին Երևանում կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի մասին, որի ընթացքում ստորագրվել է Կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթուղթը։

Անդրադառնալով ենթակառուցվածքային ծրագրերին՝ դեսպան Մարագոսը նշել է, որ դրանց շրջանակում նախատեսվում է շուրջ 2,5 միլիարդ եվրոյի ներդրում։ Այս ծրագրերը կլրացվեն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիման վրա նախատեսվող նոր ներդրումներով, որոնց իրագործելիության ուղղությամբ արդեն մեկնարկել են ուսումնասիրությունները։
Կարևրովել է նաև ԵՄ աջակցությունը՝ ուղղված պետական կառավարման և ժողովրդավարական բարեփոխումների ոլորտներին և Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի չափանիշների իրականացմանը։

Տնտեսության և առևտրի դիվերսիֆիկացման համատեքստում դեսպանը ներկայացրել է առևտրի աջակցության փաթեթը, անդրադարձել մասնավոր հատվածի բարեփոխումներին և Ինքնավար առևտրային միջոցներին, որոնց շնորհիվ առաջիկա երկու տարիներին Հայաստանից արտահանումների շուրջ 80%-ը ԵՄ շուկա առանց մաքսատուրքերի մուտք գործելու հնարավորություն կստանա։

Դեսպան Մարագոսը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը, անկախ լրատվամիջոցների դերը և Հայաստանի մարզերի զարգացումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել