Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացին անարգել է Եռագույնը

Փետրվար 02,2007 00:00

Մինչդեռ Հայաստանում բրիտանական խորհուրդը նրան արդարացնում է

Երեկ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, ուր վրդովմունք է հայտնել Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան ժամանած պարուսույց, պարող Նայջել Չարնոքի «Ֆրանկ» ներկայացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Բրիտանական խորհուրդը վերջինիս բնորոշել էր իբրեւ «ազգային գանձ»: «Բրիտանական խորհրդի՝ արվեստագետներին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը ողջունելի է, մանավանդ, երբ նախապես տեղեկացնում են, որ հրավիրված «Նայջել Չարնոքը ազգային գանձ է»…Այն, որ «Անգլիական այս գանձը» հակագեղագիտություն էր, ճաշակի ու չափի բացակայություն, սին ու անարժեք մի արվեստ՝ փաստ է: Գրաքննիչի դերից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մտահոգիչ է նման ցածրորակ արվեստի մուտքը Հայաստան: Զգուշացնում ենք, որ չենք հանդուրժի մեր պետական խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունք: Չարնոքը սեփական դրոշի հետ կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է՝ ոտքի տակ գցել, ծամել, կուլ տալ, բայց հայկական Եռագույնը գորգի պես օգտագործելը, վրան պարելն ու ծամածռվելը՝ անթույլատրելի է եւ օրենքով պատժելի»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Երեկ այս առիթով ասուլիս էին հրավիրել նաեւ Նայջել Չարնոքը, Հայաստանում Բրիտանական խորհրդի տնօրենի պաշտոնակատար Թոնի Քրոքերը եւ խորհրդի մշակութային ծրագրերի պատասխանատու Լուսինե Ղուլյանը: Վերջինս հայտարարեց, որ իբր բրիտանացի պարուսույցը տեղյակ չի եղել, թե Հայաստանի պետական խորհրդանիշի հետ նման կերպ վարվելը քրեորեն պատժելի է: Իսկ Թ. Քրոքերն էլ ավելացրեց, թե Չարնոքը օրինազանց կարող էր համարվել, եթե ամեն ինչ միտումնավոր արած լիներ: Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներն արդարացան, որ Չարնոքը հանպատրաստից է ներկայացումներ անում, հետեւաբար փորձ չի եղել եւ իրենք հնարավորություն չեն ունեցել տեղեկանալու, որ Եռագույնի հետ այդկերպ է վարվելու: «Ներողություն, եթե ես վիրավորել եմ ձեզ, միտումնավոր չեմ արել: Դրոշը վրաս փաթաթած պարելով՝ ցանկանում էի արտահայտել իմ սերը ձեզ: Իսկ եթե հանդիսատեսի մի մասի համար դա վիրավորական է եղել, թող լքեին դահլիճը»,- ասաց բրիտանացի պարուսույցը, որ մինչ Եռագույնով փաթաթվելը՝ մեր դրոշը տրորելով պարել էր:

Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալ. Գրիգորյանը, որի ղեկավարած թատրոնի բեմում խաղացվել էր «Ֆրանկ» կոչված ներկայացումը, այն պոռնոգրաֆիայի տարրերով անոմալիա որակեց: «Չեմ ժխտում, Ն. Չարնոքը իսկապես տաղանդավոր է: Բայց որքան տաղանդավոր ես, նույնքան պատասխանատու պիտի լինես հանդիսատեսի առաջ»,- ասաց հայ ռեժիսորը:

Հ. Գ. Երեկ գիշեր տեղեկացանք, որ Ն. Չարնոքին թույլատրվել է կրկին խաղալ ներկայացումը՝ առանց Եռագույնի եւ ավելի զուսպ «սցենարով», քանի որ նախորդ ներկայացման ժամանակ նա նույնիսկ իջեցրել էր տաբատը եւ «պարացրել» մարմնի որոշ մասեր: Սակայն Ն. Չարնոքը բեմ դուրս չի եկել, որովհետեւ լուսաձայնային սարքերն ու հատակի «դեկորներն» արդեն ապամոնտաժվել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել