Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՍ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻԴ ՎՆԱ՞Ս Է

Փետրվար 06,2007 00:00

Պատգամավորները հոգեկան լուրջ տառապանքների մեջ են

Խորհրդարանը երեկ սկսեց իր այս գումարման վերջին՝ 9-րդ գարնանային նստաշրջանը: Ամեն ինչից զգացվում էր, որ սա վերջի սկիզբն է: Իշխանական թեւը ներկայացնող պատգամավորները եկել էին խորհրդարան ոչ թե այն պատճառով, որ օրենքներ գրելու կամ ընդունելու մոլուցքով են տարված, այլ՝ որ փորձում էին միմյանցից իմանալ իրենց ապագան, հարցերով իրարից գոնե պարզել, թե ինչ է գալու իրենց գլխին, լինելո՞ւ են ցուցակում, թե՞ «շեֆերն» իրենց այլ ճակատագիր են հրամցնելու: Եվ ուղղակի տխուր էր, որ սարի պես տղամարդիկ այդքան խեղճացել էին եւ ընկել անհանգիստ մտորումների մեջ, ոմանք նույնիսկ լրագրողներից էին հարցնում՝ «Չե՞ս լսել՝ մեր մասին ի՞նչ են որոշել»: Անունները այս դեպքում չենք ուզում հրապարակել, հասկանալի պատճառներով՝ հանկարծ «շեֆերը» տվյալ անձանց վրա ջղայնանան եւ պատժեն՝ մենք մեղքի տակ կընկնենք: Մեր հարցերին՝ լինելու եք կուսակցությա՞ն ցուցակում, թե՞ մեծամասնականով եք առաջադրվելու, ոչ բոլորն էին պատասխանում, հիմնականում խնդրում էին՝ «Ընկեր, լավ, էլի, թող տենանք գլխներիս ի՞նչ է գալիս»: Սակայն կային նաեւ պատասխանողներ: Մասնավորապես՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասաց, որ ինքը դեռ ոչ մի բան չգիտի եւ ամեն ինչ պարզ կլինի ավելի ուշ: Բայց արդեն թերթերը գրել են, որ նա իր մեծամասնականի տեղը զիջելու է Հակոբ Հակոբյանին (Ճոյտ): Վերջինս էլ իր մասով ասաց. «Ես տեղը զիջում եմ Շմայսին, Շմայսը՝ ինձ»: Արդյունքում ի՞նչ է լինելու: Մեր այս հարցին ի պատասխան՝ պարոն Հակոբյանն ասաց. «Արդյունքում ինքն ավելի համառ է, ես իր ասածն եմ անելու»: Իսկ ընտրողներից պարոն Հակոբյանը լուրջ սպասելիքներ ունի. «Եթե ընտրողների կարծիքը իմ մասին դրական է, ուրեմն ձայն կտան, եթե բացասական է, ուրեմն՝ ոչ»: Իսկ իր դեմ հարուցված քրգործի մասով ասաց. «Դատարանը պետք է որոշի ճիշտն ու սխալը, ես համոզված եմ, որ դատարանով հերքվելու են բոլոր մեղադրանքները»:

ՀՀԿ մեկ այլ անդամ՝ «Վեդի-Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանն առանց զգուշավորության հատուկ ընդգծեց, որ ինքն առաջադրվելու է նույն ընտրատարածքում, քանի որ իր համար «արդեն բնավորություն է դարձել մեծամասնականով ընտրվելը»:

«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը եւս դեռ ոչինչ չգիտեր, բայց ուներ իր պատասխանը. «Ամեն ինչ պարզ կդառնա, երբ կներկայացնեմ ծրագիրս, կուսակցությունները կնայեն ծրագիրս եւ կորոշեն՝ պաշտպանե՞լ ինձ, թե՞ ոչ»:

Հանրապետականների վիճակը ամենադժվարն է, տեղերը սահմանափակ են եւ «ընտրյալները»՝ շատ: Օրինակ, Նահապետ Գեւորգյանը, ում մասին թերթերը գրեցին, որ նա այլեւս չի առաջադրվելու ոչ մեծամասնականով եւ ոչ էլ համամասնականով, երեկ մեր հարցերին պատասխանում էր բավական զգուշավոր. «Ես կուսակցական եմ, ոնց կասեն՝ այնպես էլ կլինի»: Իսկ որոշում կա՞ իր մասով. «Ես ոչ մի բան չգիտեմ»: Սակայն նրա գործընկեր Ջոնիկ Աբրահամյանը կողքից ընկերոջը «դուխ» էր տալիս. «Ինչի՞ ճիշտ չես ասում, կուսակցությունը որոշել է, որ դու ցուցակով պիտի գնաս»: «Ես տեղյակ չեմ»,- չէր զիջում Նահապետ Գեւորգյանը: «Ես տեղյակ եմ»,- իր հերթին պնդում էր Ջոնիկ Աբրահամյանը: Մեկ այլ հանրապետական՝ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), ում մասին եւս թերթերը գրեցին, որ նա չի առաջադրվելու, այն դեպքում, երբ դեռեւս դեկտեմբերին մեր թերթին տված հարցազրույցում նա անձամբ պնդում էր, որ ինքը իր ընտրատարածքում անպայման առաջադրվելու է, քանի որ այդտեղ է ծնվել, մեծացել եւ իրեն մարդիկ երկու գումարման խորհրդարանների համար ձայն են տվել, երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը չի առաջադրվելու՝ ոչ ցուցակով եւ ոչ էլ առանձին, նաեւ միանշանակ բացառեց «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում իր ընդգրկվելը:

ՀՀԿ անդամ Սասուն Միքայելյանը իր մասով հաստատ գիտի, որ առաջադրվելու է իր նույն՝ Հրազդանի ընտրատարածքում եւ ընտրվելու է, քանի որ ունի իր կուսակցության աջակցությունը:

ՀՅԴ խմբակցության անդամ, «Գրանդ-Տոբակ»-իչի որդի Միքայել Վարդանյանը անձամբ հաստատեց, որ ինքը մեծամասնականով առաջադրվելու է Նոյեմբերյանում եւ իրեն սատարելու են միանգամից երկու կուսակցություն՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: Իսկ նրա եղբայրը, ըստ ամենայնի, չի առաջադրվի:

Անկուսակցական Վահրամ Բաղդասարյանը եւս հաստատ գիտեր, որ ինքն առաջադրվելու է նույն՝ Վանաձորի ընտրատարածքում, սակայն դեռ չգիտեր, թե ո՞ր կուսակցությունը իրեն կսատարի. «Քաղաքական ուժերը իրենք պետք է որոշեն՝ այդ ընտրատեղամասում իրենք թեկնածություն դնո՞ւմ են, թե՞ ոչ, կարծեմ Հանրապետական կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել, որ այդ ընտրատեղամասում ինքը թեկնածություն չի առաջադրելու: Անձամբ չեմ կարդացել այդ փաստաթուղթը, սա զուտ իմ տեղեկություններով, անձամբ իրենց պատասխանատու անձինք են ասել, որ չեն առաջադրում եւ պետք է պաշտպանեն իմ թեկնածությունը»:

Ամենից հետաքրքիրը դարձյալ քյավառցիների վիճակն է: Այստեղ եւ Հրանուշ Հակոբյանն է ակնկալում մեծամասնականով ընտրվել, եւ «Գրեյթ-վելլիի» սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը: Մնում է, որ քյավառցիները ի զորու լինեն սթափ գլխով ընտրություն կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել