Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշո՛ւնց տվեք Կարապետիչին»

Փետրվար 16,2007 00:00

Երեկ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը այդպիսի խորհուրդ տվեց, իսկ ինքը՝ Տիգրան Կարապետյանը մարդկայնորեն ներեց Արմեն Մազմանյանին:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած երեկվա քննարկման թեման ազգային արժեքների պահպանման ու զարգացման հիմնախնդիրներն էին: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը ասաց. «Քննարկվելիք հարցը խճճված է, իսկ լուծումը՝ շատ հեռու: Վերջինս կգտնվի միայն բազմաթիվ քննարկումների արդյունքում»: Պատգամավորը նշեց, որ դժվար է ձեւակերպել՝ ինչ ասել է ազգային արժեք, քանի որ ազգային արժեքները բազմաշերտ են. «Ազգային արժեք է լեզուն, մեր պատմագրությունը, գրականությունն ու մշակույթը: Վերջիններս տարիների ընթացքում օտարամուծության վտանգներին ենթարկվելով՝ ծռմռվել են, որովհետեւ գլոբալիզացիան չոքել է ինչպես մեր, այնպես էլ շատ ազգերի դռներին: Եթե ազգային արժեքները չեն կիրառվում, վերարտադրվում կամ զարգանում, դրանք վերածվում են թանգարանային նմուշների»:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց. «Անկախությունից հետո զարմանալի ժամանակներ ապրեցինք: Թվում էր, թե այն վերելքը, որ կար 1988 թվականից, պետք է շարունակվի, մինչդեռ սկսվեց հակառակ գործընթացը՝ ուրացումի, մոռացումի, արժեհամակարգի փլուզման ժամանակներ ապրեցինք: Ես իբրեւ պատմաբան, երբ փորձում եմ պատմության ընթացքը դիտարկել այլ ժողովուրդների պատմության հետ զուգահեռելով՝ տեսնում եմ, որ արժեհամակարգերի փլուզումներ ամենուր են եղել: Ցավալի է, որ շոուների եւ հեռուստասերիալների, անորակ հաղորդումների ընդհանուր հենքի վրա ենք եւ կորցնում ենք մեր ազգայինը»:

«Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Նարեկ Մալյանն էլ ասաց. «Հեռուստաեթերում ավելի վատ բաներ են ցուցադրվում, քան սերիալները: Խոսքը, մասնավորապես, «ԱԼՄ»-ով ցուցադրվող որոշ հաղորդումների մասին է»: Ն. Մալյանը հանդես եկավ հետեւյալ առաջարկությամբ. «Ես առանձնապես ծանոթ չեմ Արմեն Մազմանյանի հետ, բայց գտնում եմ, որ երիտասարդներս պետք է սատար կանգնենք նրան, որովհետեւ իրավացի է եղել: Եկեք երիտասարդներով 1000-ական դրամ հավաքենք, թող կազմի թեկուզ 50 000 դրամ, տանենք տուգանքի մի մասը մենք վճարենք»: Այս խոսքի վրա ԱԺ պատգամավոր Ռ. Հովսեփյանն էլ նոր առաջարկով հանդես եկավ՝ «Ավելի շատ գումար հավաքեք, մի հատ էլ դուք ուշունց տվեք Կարապետիչին»: «Համաձայն ենք»,- հնչեց Ն. Մալյանի պատասխանը:

Մինչդեռ ինքը՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մենակ՝ առանց որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքի: Բանախոսը նշեց, որ սոցիալական մի շարք խնդիրներ ի վիճակի են լուծելու, եթե իր կուսակցության անդամները հայտնվեն օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Տ. Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին եւ ներկա մի քանի անդամներ դիմել են իրենց՝ ընտրություններին միասին մասնակցելու առաջարկով՝ «Այսօր մենք քննում ենք այդ հարցը, թե հնարավո՞ր է համատեղ ճանապարհ գնալ»: Կարապետիչն անդրադարձավ նաեւ իշխանությանն ու ընդդիմությանը. «Իշխանությունը չունի հզոր մրցակից, քաղաքական դաշտը կայուն է, էլեկտորատը՝ կառավարելի, ուստի կարող է ասել, որ գնալու են մաքուր ընտրությունների… Ինչ վերաբերում է ընդդիմությանը, երեք տարի առաջ իրենց ասում էինք՝ եկեք գնանք ժողովրդի մեջ, որպեսզի պահպանեք ձեր դիրքերը: Ինձ ասում էին՝ երգ ու պարը քաղաքական կատեգորիա չէ, եւ ծիծաղում էին: Դրա համար էլ այսօր գյուղեր կան, որտեղ չեն ճանաչում Ստեփան Դեմիրճյանին»:

Մի խոսքով՝ Կարապետիչը չի ուզում ոչ իշխանությունների, ոչ ընդդիմության հետ կապ ունենալ. «Համագործակցում ես ընդդիմության հետ, ուրեմն ինքդ էլ ես բեւեռանում, համագործակցում ես իշխանության հետ՝ նորից բեւեռանում եւ վարկաբեկվում ես, դրա համար էլ մեր գործընկերը հասարակ ժողովուրդն է»: Ա. Մազմանյանի դատավարության առնչությամբ էլ «ԱԼՄ» հոլդինգի նախագահն ասաց. «Նա չկարողացավ ապացուցել եթերում իմ մասին ասածները, որոնք զրպարտություն էին: Իսկ մանկապիղծ ասվել է միտումնավոր, որ վարկաբեկվեմ այն շրջանակներում, ուր երեխաների հետ եմ աշխատում: Օրենքը նրան պատժեց, բայց ես Մազմանյանին ներել եմ որպես անհատ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել